Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ի ՄԵՋ ՕՏԱՐՆ ԱՅԺՄ ՓՈՐՁՈՒՄ Է «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՎ» ՅՈՒՐԱՅԻՆ ԴԱՌՆԱԼ

Հոկտեմբեր 06,1998 00:00
Isagulyan

38-ամյա Գառնիկ Իսագուլյանն արդեն հասցրել է կոմկուսից ՀՀՇ անցնել (առաջին համագումարում վերստուգիչ հանձնաժողովի նախագահն էր), հետո ՀՅԴ անդամ դառնալ, որտեղից հեռացրին ընդհատակում եղած ժամանակ՝ կուսակցության անունից հանդես գալու եւ չարտոնված հանդիպումների համար։

Ի դեպ, ընդհատակում մնաց 2 տարի 8 ամիս։ Այժմ նախաձեռնող խմբի հետ հիմնադրում է «Ազգային անվտանգություն» անվանյալ մի նոր կուսակցություն։ Հիմնադիր հավաքը սեպտեմբերի 24-ին էր։ Արդարադատության նախարարություն դեռ չեն դիմել։

-Նախաձեռնեցիք սեփական կուսակցության ստեղծումը, քանի որ վերջնականապես սպառվե՞ց ՀՅԴ շարքերում վերականգնվելու հնարավորությունը։

-Հայտարարությունը, թե վճռական ենք մեր կուսակցությունը ստեղծելու՝ արդեն իսկ նշանակում էր, որ այլ կուսակցությունների հետ միայն բարիդրացիական փոխհարաբերություններ ենք ունենալու եւ նրանց գործերին ու խնդիրներին այլեւս անմիջականորեն չենք մասնակցելու։ Այդ պահից սկսած այլեւս դաշնակցական չեմ։

-Այնուամենայնիվ, տեղեկություններ ունենք, որ Ձեր հեռացման վերաբերյալ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի որոշումը փորձել էիք բողոքարկել ՀՅԴ Բյուրոյում։ Ուրեմն, փորձն ապարդյո՞ւն էր։

-Որ կուսակցության մեջ էլ եղել եմ՝ միշտ աշխատել եմ մինչեւ վերջ պահպանել կանոնադրությունը եւ առաջացած խնդիրները լուծել այդ սահմաններում։ Այդպես էր նաեւ դաշնակցության պարագայում, եւ երբ կանոնագրով այլեւս ոչինչ հնարավոր չէր հարթել՝ հաջորդ օրն իսկ հետեւեց իմ հայտարարությունը նոր կուսակցության ստեղծման վերաբերյալ։ Որեւէ կերպ չեմ ցանկանում մեկնաբանել ՀՅԴ շարքերում չվերականգնվելս։ Եթե իսկապես շատ է հետաքրքրում՝ կարող եք հարցնել ՀՅԴ Բյուրոյի կամ ԳՄ-ի ընկերներին։

-Այլ կուսակցությունների հետ բարիդրացիական փոխհարաբերություններ պահպանելու ձգտումը վերաբերում է նաեւ, ասենք, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի՞ն, որի մերձավոր աջակիցներից մեկն էիք ներկայանում խիստ տեւական ժամանակահատված։

-Թե՛ Վահան Հովհաննիսյանը, թե՛ Հրանտ Մարգարյանը, թե՛ Արմեն Ռուստամյանը եւ այլ շատ անձինք կան եւ մնում են իմ լավագույն ընկերները։ Շատ հարցեր ենք միասին քննարկել ու լուծումներ տվել։ Չի բացառվում, որ այժմ տարբեր կուսակցություններում լինելով՝ էլի նույն բարեկամական մթնոլորտում համատեղ որոշումներ կայացնենք։ Խնդիր չունեմ որեւէ դաշնակցական ընկերոջ եւ ընդհանրապես ՀՅԴ-ի հետ։

-Ձեր հայտարարությունների առնչությամբ դատախազությունն առանձին քրեական գործ էր հարուցել։ Քանի որ ընդհատակ էիք անցել՝ «31»-ի գործն էլ, առանց Ձեր վկայությունների՝ թերի ընթացք ունեցավ։ Ի՞նչ վիճակում են այժմ այդ գործերը։

-Դեռ ինձ հետախուզելու ընթացքում «31»-ի գործից անջատվել էր Գառնիկ Իսագուլյանի «մասը» եւ միացել իմ հայտարարությունների առթիվ հարուցվածին՝ դարձել առանձին 19-20 հատորանոց մի գործ։ Միացյալ քրեական գործը կարճվեց «իրադրության փոփոխման պատճառով»։ Այս առումով այլեւս խնդիր չունեմ։

-Նկատի առնելով, որ երբեք չեք հերքել (ոչ էլ հաստատել) ազգային անվտանգության մարմիններին Ձեր երբեմնի պատկանելությունը՝ կարելի է կանխատեսել, որ այժմ կուսակցության անվանմանը՝ «Ազգային անվտանգություն», անմիջապես երրորդ խիստ հայտնի մասնիկն են հավելելու՝ «կոմիտե»։ Ինչո՞ւ հենց այդ անունն ընտրեցիք։

-Նախ, այժմ էլ ոչ կհերքեմ, ոչ էլ կհաստատեմ խորհրդային անվտանգության մարմիններում աշխատելուս վերաբերյալ պնդումները։ Իսկ կուսակցության անվանումն ամենեւին կապ չունի պետական մարմինների հետ։ Ով ինչպես ցանկանում է՝ թող այնպես էլ մեկնաբանի։ Որեւէ վերագրումից խուսափելու կամ վախենալու խնդիր չունենք։ Իհարկե, ընտրությունը պատահական չէ։ Կարող էր թվալ, որ ներկա պայմաններում ՀԿԿ-ի, ՀՀՇ-ի եւ ՀՅԴ-ի կողքին նորի ստեղծումը 65-րդ կամ 70-րդ հերթական կուսակցություն կլիներ։ Բայց երբ վաղը-մյուս օրը կամաց-կամաց հայտնի դառնան այն մարդկանց անունները, որոնք այսօր արդեն աշխատում են այս կուսակցության ծրագրի, կանոնադրության եւ մյուս փաստաթղթերի վրա՝ պարզ կդառնա, որ նրանց մի մասն այդ երեք կուսակցություններում էլ կամ դրանցից գոնե մեկում եղել են, եւ ինչպես ես՝ ոչ մեկից կամովին չեն հեռացել։

Ընդհակառակն, ամենածանր պայմաններում էլ մնացել ենք այդ կուսակցություններում՝ մեզ հեռացրել են, երբ այդ կուսակցությունն իշխանության է եկել կամ «նավը» կայունացել է։ Այնպես որ, մեզ որեւէ բան վերագրել չի կարելի։ Եվ չեմ կարծում, որ նման մարդկանց ստեղծած կուսակցությունը հերթական 65-րդը լինի։ Մենք չենք ունենալու սոցիալական որոշակի հենք՝ ամբողջ հայ ազգը կարելի է մեր կուսակցության հենարանը համարել։ Չենք ունենալու նաեւ խիստ որոշակի խնդիրներ, որոնց վրա ենք հատկապես բեւեռելու մեր ուշադրությունը։ Մեր ծրագրային նպատակները խիստ ընդգրկուն են՝ ազգային անվտանգությանն առնչվող ցանկացած խնդրի ենք անդրադառնալու։ Ընդ որում, այդպիսին ենք համարում ե՛ւ արտագաղթը, ե՛ւ տարածքների կորուստը, ե՛ւ պատերազմը, ե՛ւ ուսուցիչների, ե՛ւ բանակի կամ այլ խնդիրները։ Եվ չենք փորձելու մանեւրել, իբրեւ ընդդիմադիր մի բան ասել, իսկ իշխանության եղած ժամանակ՝ այլ բան։ Ժողովուրդը հստակ կիմանա, թե, օրինակ, Ղարաբաղի հարցի կամ գործարանների վաճառքի վերաբերյալ մեր կուսակցությունն ինչ դիրքորոշում ունի։ Եվ այն չի փոխվի, եթե այդ ոլորտի նախարար դառնա մեր կուսակցության անդամը (բավական թափանցիկ ու խիստ որոշակի հասցեատեր ունեցող ակնարկներ են, այդպես չէ՞- Ա. Ի.)։

-Գուցե որոշ անձանց անուննե՞ր նշեք, որոնք մաս են կազմելու այս կուսակցությանը եւ հանրությանը փոքրիշատե հայտնի են։

-Եկեք դեռ չշտապենք։ Հայտարարությունը մոտ օրերս ենք հրապարակելու եւ առաջիկայում նաեւ մամուլի ասուլիս կանենք, որտեղ բավական հայտնի անձանց կտեսնեք։

-«Ազգային անվտանգությունը» չի՞ համալրելու արդյոք փոքրաքանակ, առավելագույնը մինչեւ 200 անդամներ ունեցող կուսակցությունների շարքը։ Կարո՞ղ եք փարատել այս կասկածը. այսօրվա տվյալներով որքա՞ն համախոհներ ունեք։

-Մենք շեշտը քանակի վրա չենք դնում եւ չենք գտնում, որ այն գործունեության որակն է որոշում։ Առավել կարեւորում ենք ծրագիրը։ Անդամագրվելու առումով էլ կանոնադրությունը բավական հեշտացված է՝ որեւէ սահմանափակում չկա։ Գրեթե վերացրել ենք կուսակցությունից հեռացնելու հասկացությունը, որ ներկուսակցական խնդիրներ չառաջանան…

-Տառապանքը փո՞րձ ունի…

-Այո, իսկապես որ։ Այլ կուսակցությունների էներգիայի հիմնական մասը ծախսվում է ներկուսակցական խնդիրների լուծման վրա։ Այդ իսկ պատճառով այնպիսի մեխանիզմներ ենք մշակել, որ բացառենք նման բախումները եւ էներգիայի մեծ մասը ծախսվի ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծման վրա։ Ահա այս պատճառներով է, որ վստահ եմ, թե թվաքանակն էլ շատ արագ կաճի, բայց ոչ արհեստական ճանապարհով։

-Այլ հարցերը երեւի ճիշտ կլինի այնժամ տալ, երբ կուսակցությունը սկսի գործել։ Իսկ մինչ այդ… Երեւի այնուամենայնիվ պատահակա՞ն չէ, որ ԱԺ ընտրություններից անմիջապես առաջ ծնվեց այս գաղափարը։

-Իհարկե, անպայման մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին եւ չենք ակնկալում, թե կանցնենք 5%-ի սահմանը կամ մի 50-60% կհավաքենք։ Ի դեպ, հայ իրականությունն այնպիսին է, որ չգիտես, թե ինչ քայլերից հետո ինչքան ձայն կհավաքես։ Չի բացառվում, որ լրիվ միայնակ մասնակցենք ընտրություններին։ Չնայած քաղաքական տարբեր խմբավորումների մեջ մտնելու հարցերում էլ խտրականություն չենք դնելու եւ շատ ճկուն ենք աշխատելու։ Այս տարի համագումար կանցկացնենք, որտեղ էլ կորոշենք նաեւ ընտրություններին մասնակցելու ձեւը։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031