Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ЗАКОНОПОСЛУШНЫЙ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»

Հոկտեմբեր 06,1998 00:00
Tavushi marz

Երեկ Տավուշի մարզպետարանում համայնքների ղեկավարները, գյուղապետերը, սոցիալական ծառայությունների պետերը հավաքվել էին մարզպետի խորհրդակցության եւ, միաժամանակ, ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանի հետ հանդիպման։ Հավաքի բուն նյութին անցնելուց առաջ մարզպետ Պավլիկ Ասատրյանը մի լավ «մատ թափ տվեց» ներկաների վրա, մասնավորապես հիշեցնելով, թե «պետության բյուջեն չի կարող մանկապարտեզ վերանորոգել, ճանապարհներ վերանորոգել» եւ այլն։ Անմիջապես էլ հետեւություն արվեց, թե հարկավոր է հողի հարկը վճարել («Ես չեմ ուզում ասել, թե մենք սահմանամերձ գոտի ենք»), գույքահարկը վճարել եւ այլն։

Ներկաներին «աչքալուսանք» տալու պես պրն մարզպետն ավելացրեց. «Էսօր մենք պայքարում ենք, որ դպրոցներն ու ամբուլատորիաներն էլ տրվեն ձեզ» (տեղերից քրթմնջացին մի մեծ խումբ ժողովականներ), իր միտքը շարունակելով, մարզպետը վերջնականապես հանձնարարեց. «Ամեն ինչ արեք, որ նոյեմբերի 1-ին կարողանանք տեղավորվել այն կոնտրոլ թվերի մեջ, որ հանձնարարել է վարչապետը»։ Տավուշի մարզի «ջՈՍՏվՏտՏրսցՔվօռ» (սա մարզպետի կարծիքն է իր գլխավորած մարզի ժողովրդի մասին) ժողովուրդը պետք է նույն նոյեմբերի 1-ին մեկ այլ գործ էլ աներ-ավարտեր։

Սոցապ նախարար Գ. Եգանյանի եւ նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանի այցը մարզ պատահական չէր։ Նախարարությունը (ինչպես տեղեկացրել ենք) հոկտեմբերի առաջին իննօրյակում մտադիր է լինել բոլոր մարզերում, տեղերում ցուցումներ եւ հրահանգներ տալ ընտանեկան նպաստի համակարգին անցնելու հետ կապված նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Մաքրվել հարուստներից

Այստեղ եւս բերվեցին «Փարոս»-ում փաստագրված մարզի բնակչության ցուցակներ եւ հրահանգ տվեց մինչեւ նոյեմբերի 1-ը այդ ցուցակները «մաքրել հարուստներից»։ Պարզվում է սա չափազանց բարդ խնդիր է, ավելի հեշտ է հեղափոխություն անել, քան՝ հարուստին աղքատից ջոկել։ Բայց համայնքների սոցիալական աշխատակիցները եւ համայնքապետերը հաստատ գիտեին, թե որքան դժվար է այս գործում Մոխրոտիկի դերակատարումը։ Երեւի այս դժվարության գիտակցումն էր պատճառը, որ նրանցից մի քանիսն առաջարկեցին նաեւ սոցապ նախարարության անմիջական մասնակցությունն այս գործում։

Սոցապ նախարարությունն էլ իր հերթին փորձեց համոզել, թե հարուստին աղքատից տարբերելու «ամենալավ ուղեցույցը ձեր ճանաչելն է, մենք ձեզ տալիս ենք ցուցակները, դուք դրանցից դուրս եք գցում ցցուն հարուստներին»։ Տեղերից թեպետ բարձրաձայն չէին դժգոհում, սակայն, քանի որ ես «ժողովրդի մեջ էի», չէի կարող չլսել. «մեկին ցուցակից հանես, կգա վրեդ կռիվ» եւ այս թեմայով այլ ռեպլիկներ։ Օրինակ, հետեւյալը. «հիմա հարուստ ո՞ւր է, որ»։ Տեղերից բազմաթիվ հարցեր եղան ուղղված սոցապ նախարարին, իսկ մի գյուղապետ փաստեց. «Էս, որ վեր ա կացել եկել, ուրեմն լուրջ գործ ա»։ Գյուղապետերից մեկին հետաքրքրում էր փախստականների դերն ու նշանակությունն այս գործում։ Օրինակ, եթե մի փախստական ընտանիք ապրում է ժամանակավոր կացարանում, ընտանիքի հայրն էլ անհատական գործունեությամբ է զբաղվում, նա նպաստառու կդառնա՞, թե՝ ոչ։ Կողքից մեկն արձագանքեց. «Եթե հաց կարում ա առնի, ուրեմն՝ հարուստ ա»։ Նույն հարցին մարզպետն այլ պատասխան ուներ. «Կարող է ռեստորանում քեֆ է անում, բայց գիշերը վագոնում է քնում»։

«Ձեթը մոռացեք, սա փող է»

Գյուղապետերը հաճախ բարձրացնում էին հումանիտար օգնության (ձեթ, կաթի փոշի, այլուր եւ այլն) բաշխման հարցերը, ասենք՝ «Ձեթը Երեւանից հասնում է անվճար, բայց մարզկենտրոնից գյուղերը հասցնելու համար ճանապարհածախս են պահանջում, ի՞նչ անել»։ Սոցապ նախարարը կրկին հիշեցնում էր. «Ձեթը մոռացեք, աղքատին պետք է փող տալ», իսկ մարզպետը մտորումների մեջ էր. «Էս երկրում որեւէ իրավական փաստաթուղթ չկա, որ ասի, թե ո՞վ է հարուստ, ո՞վ աղքատ»։

62 բարետեսներ եւ մեկ մարզպետ

Ինչ լավ էր, որ Գագիկ Եգանյանը գնաց Տավուշ, քանի որ այդ առիթով հրավիրվեցին նաեւ սոցիալական ծառայությունների պետերը եւ Պավլիկ Ասատրյանը տեսավ, որ «ներկաները շատ բարետես եւ գեղեցիկ մարդիկ են» եւ տեղնուտեղն էլ որոշեց՝ «մենք կօգտագործենք նրանց ուժերը»։ Պարզվում է, մարզպետը գիտի, որ «մեր ժողովուրդը կորցրել է վստահությունը սոցիալական քաղաքականության նկատմամբ», մարզպետի վկայությամբ «մարդ կա «31»-ով գալիս է, էդ ձեթն ու ալյուրը ստանում, գնում»։ Մի հարցնող լինի՝ էդ ո՞վ է նրանց խցկել ցուցակներում։

Գյուղապետեր՝ արդարացրեք ձեզ

Տավուշի մարզպետը մարզի 62 գյուղական համայնքների ղեկավարներին առաջարկեց «այս գործը» լավ անել, որ արդարացնեն իրենց ընտրողների վստահությունը, «գյուղապետ կար, իր դեմ 13 հակառակորդ ուներ ու դրա համար է հարկավոր այս գործը լավ անել, որ նրանց հեղինակությունը մեծանա»։

«Բերք կա՞, որ տոն լինի»

Այս միտքը բարձրաձայն ոչ ոք չասաց, ո՞նց ասեն։ Եվ, քանի որ մարզպետն այս չլսեց, ոգեւորված հայտարարեց, թե «Էրեբունի-Երեւան» տոնահանդես իրենք էլ պարտավոր են ունենալ, սակայն՝ «Բերքի տոն» անունով։ Եվ քանի որ մարզպետն «անպայման» Երեւան էր մեկնելու այս տոնին մասնակցելու համար (թեպետ քաղաքապետը (Երեւանի – Մ.Ե.) դեռ չի հրավիրել իրեն), որոշվեց Բերքի տոնն անցկացնել հաջորդ օրը (հոկտեմբերի 11-ին). «Անցած տարվա պես ինչ բերք ու բարիք ստացել եք, բերեք, միասին քեֆ անենք։ Անցյալ տարի հիվանդ էի, էս տարի 62 բաժակ (այդքան գյուղական համայնք կա մարզում – Մ.Ե.) խմելու եմ»։ Մարզպետին՝ անուշ եղավ ասե՞նք, թե սպասենք մինչեւ ընտանեկան նպաստը բարեհաջող վայրէջք կատարի։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031