Նախկին խորհրդարանի պատգամավոր եւ ՀՅԴ շարքերից հեռացված Գառնիկ Իսագուլյանի անվան շուրջ ժամանակին բավական աղմուկ եղավ իշխանավորներին կախելու նրա հրապարակային խոստումների առնչությամբ։ Այժմ, երբ «Ազգային անվտանգություն» կուսակցություն է հիմնադրում, մտադի՞ր է այսուհետ եւս համանման հայտարարություններ անել։
«Չգիտեմ, թե վանաձորյան իմ այդ ելույթն ով ինչպես է ընկալել, բայց ամենեւին կախելու կոչ չի արվել,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։ – Ես ասել էի, որ օրենքը խախտողները դատարանի առջեւ ամեն դեպքում պատասխան են տալու, մեղավորներն անպայման պատժվելու են։ Եվ, այո՛, այս նոր կուսակցության խնդիրներից մեկն էլ այդ է մնում, քանի որ երբեք չենք կարող հանդուրժել, որ թալանածը շարունակեն վայելել, քրեական հանցանքները ստվերում մնան»։
Գառնիկ Իսագուլյանի հետ հարցազրույցը՝ 4-րդ էջում։
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԸ՝ ՄԵԿ ԼՈՒՄԱ
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Էդվարդ Եգորյանը հայցադիմում է ուղղել Երեւանի Արաբկիրի շրջանի դատարանի նախագահ Գ. Սարգսյանին, որում անդրադառնում է «Առավոտում» տպագրված ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյանի հարցազրույցին։ Այդ նյութում, ըստ պրն Եգորյանի, արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը։
Հայցադիմումն ավարտվում է հետեւյալ պարբերությամբ. «Ինչ վերաբերվում է քաղաքացի Ա. Հարությունյանի կողմից ինձ պատճառած բարոյական վնասի չափին, ապա խնդրում եմ դատարանին դրա չափը որոշելիս հաշվի առնել այն պարագան, որ իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող Ա. Հարությունյանը իր մարդկային, բարոյական եւ մտավոր կարողությամբ ի վիճակի չէ ինձ պատճառել մեկ լումայից ավելի արժեցող բարոյական վնաս, եւ նրանից գանձել մեկ լումայից ոչ ավելի դրամ»։
ՆՇԱՆԱԿՈՒՄ
«Լրաբերի» երկարամյա մշակութային մեկնաբան Արփեն Մովսիսյանը նշանակվել է մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար։