Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԳԻՐՔ՝ ԱՊՐԵԼՈՒ ԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 03,1998 00:00
orensgirq

«Մինչեւ հիմա մեզ սովորեցրել են, թե ինչպես չապրենք», քաղաքացիական օրենսգրքի ընդունմամբ պետք է սովորենք ինչպես ապրելը։ Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի շնորհանդեսը։ Ներկա էին գրեթե բոլոր գործարար շրջանակների ներկայացուցիչները, ԱԺ-ի համապատասխան պատգամավորներ, Վլադիմիր Նազարյանը, հյուրեր եւ այլք։

Թեքեյան մշակութայինի ներսում գործարարներ ու վաճառականներ էին, իսկ մուտքի մոտ մեքենաների իսկական շնորհանդես էր, բազմաթիվ (ճշգրիտ հաշվարկով՝ մոտ 50 ավտոմեքենա) «иномарка»- ներ, «գոճիներ» եւ «նիվաներ»։ Միայն մի խեղճուկրակ «Մոսկվիչ» կար, այն էլ, ինչպես պարզվեց, հյուրերինը չէր, պատահաբար էր այնտեղ հայտնվել։

Քաղաքացիական օրենսգրքի շնորհանդեսի բացումը հայտարարեց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արամ Վարդանյանը։ Իմացանք, որ մի կողմից շուկայական հարաբերություններ են, մյուս կողմից՝ գրեթե խորհրդային օրենքներ, իսկ գործարար աշխարհը զգում է վարչարարության ծանր բեռը։ Օրենսգիրքը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությանը, եւ այդ պատճառով են գործարարների եւ վաճառականների միություններն այս միջոցառման կազմակերպիչները։

Գերմանիայում նույնպես…

Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը շտապում էր եւ առաջինն ինքը խոսեց։ Նախ ասվեց, «գութնթագ…», իսկ հետո, ի մխիթարություն մեր գործարարների եւ ձեռներեցների, ասվեց, թե Արեւելյան Գերմանիան եւս վերափոխումների ճանապարհին է, եւ իրավական պաշտպանվածությունը, օրենքների գերակայությունը եւ թափանցելիությունը տնտեսության զարգացման բաղադրիչներն են եւ որոնք չի կարելի անտեսել։ ԱԺ-ի փոխնախագահ Յուրի Բախշյանը եւս ասաց «շնորհակալություն», սակայն նրա շնորհակալությունն ուղղված էր աշխատանքային խմբի ղեկավար Վլադիմիր Նազարյանին եւ մյուսներին։ Ի զարմանս պարոն Բախշյանի, Վլադիմիր Նազարյանը չափազանց արդյունավետ եւ օպերատիվ է աշխատում եւ կարող է «մի գիշերվա ընթացքում» ներկայացնել բազմաթիվ նոր տարբերակներ։

«Մեր օրենքների զգալի մասն այնքան անգրագետ է գրված…»

Պրոֆեսոր Վլ. Նազարյանի այս խոսքը, իհարկե, քաղաքացիական օրենսգրքին չէր վերաբերում, այլ՝ ընդհանրապես։ Պարոն Նազարյանը «էվոլյուցիայի» կողմնակից է, նա դեմ է, որ միանգամից ամեն ինչ կլինի, որ «վաղվանից մենք կդառնանք Հոլանդիա։ Հոլանդացիք ընկել են իրենց բյուջեի ձեռը կրակը եւ չեն կարողանում եկամուտները ծախսել։ Մենք էլ մեր բյուջեի ձեռքն ենք կրակն ընկել, չենք կարում եկամուտները հավաքել…»։ Իսկ խոսքի «պաշտոնական մասում իմացանք, որ 1804 թ. Նապոլեոն Բոնապարտի ստեղծած քաղաքացիական օրենսգիրքը «հազարապատիկ ավելի է նպաստել ժողովրդի բարօրությանը, քան ֆրանսիական բոլոր 11 սահմանադրությունները միասին»։

Պեպոն պարտավոր էր «բարաթը» ցույց տալ

Հարգարժան պրոֆեսորը կրկին անդրադարձավ հայ դասականներին, ասելով, թե մենք սովորել ենք պաշտպանել պարտապանի շահերը, սակայն իրականում հարկավոր է պաշտպանել պարտատիրոջ շահերը, քանի որ նրա փողն են տարել ու չեն վերադարձնում։ Զիմզիմովը իրավական տեսակետից շատ էլ ճիշտ էր, որ Պեպոյից «բարաթն» էր պահանջում։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հիմքում ընկած է պարտատիրոջ շահը, սեփականատիրոջ շահը։ Վլ. Նազարյանը մաղթեց, որ «Աստված մեր օրենսգրքի հետ լինի»։ Իր կարճ ելույթի վերջում պրոֆեսորը «օրենքը հանձնեց տերերին»։

Դարձյալ մերն ուրիշ է…

ԱԺ պատգամավոր Արթուր Բաղդասարյանի հավաստմամբ, այս օրենքը ԱՊՀ երկրների նման օրենքների շարքում լավագույնն է ճանաչվել։

Հայտարարություն

Արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ Վաճառականների միությունը հանդես եկան հայտարարությամբ եւ ներկայացրին իրենց համատեղ որոշումը։ Միությունները որոշել են իրենց ներուժն ու ջանքերը համատեղել՝ նպաստելու համար հանրապետությունում տնտեսա-իրավական դաշտի բարելավմանը եւ գործող օրենքների լիարժեք կիրառումն ապահովող կառույցների եւ ենթակառուցվածքների ստեղծմանը։ Սակայն սա չի արվի պետությունից դուրս, այլ՝ նրա հետ համագործակցելու միջոցով։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031