Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ

Հոկտեմբեր 03,1998 00:00
tntesutyun

Ինչպիսի՞ն է Հայաստանի տնտեսությունը՝ մնացյալ երկրների համեմատությամբ։ Փորձենք համառոտ ներկայացնել որոշ բնութագրեր՝ օգտվելով համաշխարհային բանկի կողմից հրատարակված վիճակագրական աղյուսակներից, հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ մեր անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսական կացությանը։ Տնտեսական աճ 90-ական թվականներին, բացի անցումային փուլում գտնվող պետություններից, աշխարհի մնացած համարյա բոլոր երկրներում գրանցվել են տնտեսական աճի չափավոր միտումներ՝ արտահայտված միանիշ թվերով։ Այս առումով ոչ մի տարբերություն չկա զարգացած արդյունաբերական եւ թույլ զարգացած երկրների միջեւ։ Նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում, սկսած 1992-ից, տեղի է ունեցել ՀՆԱ-ի եւ նրա հիմնական բաղադրիչը կազմող արդյունաբերության կտրուկ անկում, որը տեւել է մինչեւ 1995 թ.։

Սկսած 1996-97 թթ., բոլոր այդ երկրները միացել են չափավոր աճ ունեցող երկրներին։ Հայաստանում տնտեսական անկումը տեղի է ունեցել միայն 1992 եւ 1993 թթ., այսինքն՝ ամենակարճատեւը բոլոր մնացած հանրապետությունների համեմատ, սակայն՝ ամենասրընթացը։ Մասնավորապես, 1992 թ. Հայաստանում տեղի է ունեցել արդյունաբերական արտադրանքի 65,9% անկում, որը համեմատելի է միայն Լիտվայի (41,1%, 1993 թ.) եւ Ադրբեջանի՝ (34,6%, 1995 թ.) ճգնաժամերի հետ։ Տնտեսական մեկ ցիկլի հաշվարկով (1992-1995 թթ.) Հայաստանը եւ Վրաստանը ամենամեծ տնտեսական անկում ապրած երկրներն են (վերջինս 1992-1995 թթ. յուրաքանչյուր տարի ունեցել է ավելի քան 20% անկում)։ Սակայն այնուհետեւ Վրաստանը ապահովել է ՀՆԱ-ի ամենաբարձր աճը՝ ԱՊՀ երկրների համեմատ՝ (15%, 1997 թ. եւ 11%, 1996 թ.), Հայաստանում համապատասխանաբար՝ 7% եւ 5,7%, իսկ Ադրբեջանում՝ 4% եւ 1,3%։

ՀՆԱ

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով անդրկովկասյան բոլոր երեք հանրապետությունները հարում են ամենաթույլ զարգացած երկրներին։ Միջինը ամբողջ աշխարհում այն կազմում է 4655$, զարգացած արդյունաբերական երկրներում՝ 24855$, Արեւելյան Եվրոպայում՝ 2652 $, թույլ զարգացած երկրների խմբում՝ 255$։ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում 1995-1997 թթ. այն տատանվել է 320- 430$-ի սահմաններում, եւ նրանք միջին դիրքերում են անգամ ԱՊՀ երկրների շարքում, քանի որ Ռուսաստանում, օրինակ, այն գերազանցում է 900$-ը։ Այս ցուցանիշը ակնառու ցույց է տալիս, որ աճի ներկայիս տեմպերով Հայաստանը չի կարող մոտենալ անգամ զարգացող երկրների խմբին, եւ ավելի շուտ կհարի թույլ զարգացած երկրներին։

Արտաքին ներդրումներ

Հայաստանում 1996 թ. արտաքին ուղղակի ներդրումները կազմել են 34 մլն $, Ադրբեջանում՝ 601 մլն $, Վրաստանում՝ 40մլն $։ Սա շատ հետաքրքրական է, քանի որ վկայում է, որ արտաքին ներդրումների եւ տնտեսական աճի տեմպի միջեւ ուղղակի կապ չկա, իսկ Վրաստանը տնտեսական աճի իր բարձր տեմպը ապահովել է սեփական ռեսուրսների հաշվին։ Ռուսաստանում 1996 թ. կատարվել են 1,8 մլրդ $ արտաքին ներդրումներ, սակայն այս ցուցանիշով այն զիջում է անգամ փոքրիկ Հունգարիային՝ մոտ 2 մլրդ $։ Արտաքին ներդրումները արժեթղթերի գնման միջոցով Հայաստանում եւ Վրաստանում 1996 թ. կազմել են 54 մլն $, Ադրբեջանում՝ 898 մլն $։ Համեմատության համար Ռուսաստանում՝ 5,8 մլրդ $, որն, իհարկե, վկայությունն է այդ երկրի ֆինանսական շուկայի՝ չափից դուրս բարձր ակտիվության։ Բնականաբար, անդրկովկասյան հանրապետություններն իրենք արտաքին ներդրումներ չեն կատարել, իսկ Ռուսաստանում այդ թիվը շատ փոքր է եւ, փաստորեն, սահմանափակված է ԱՊՀ երկրներով։

Արտաքին առեւտուր

Զարգացած արդյունաբերական երկրները միանշանակ ցուցաբերել են իրենց առավելությունը միջազգային առեւտրում, քանի որ համարյա բոլորը ունեն արտահանման-ներմուծման դրական սալդո։ Երկրների մնացած բոլոր խմբերը, ընդհակառակը, առանձին բացառություններով, ավելի շատ ներմուծել են, քան արտահանել։ Այդ բացառություններից մեկն էլ կազմում է Ռուսաստանը, որ 1996 թ. մոտ 27,5 մլրդ $ չափով արտաքին առեւտրի դրական մնացորդ է ունեցել։ Հայաստանը արտաքին առեւտրի ծավալներով առանձնապես չի փայլել՝ 1997 թ. արտահանվել է 232,5 մլն $, իսկ ներմուծվել 780 մլն $ արտադրանք, տարբերությունը կազմել է 567,5 մլն $։ Ադրբեջանում 1996 թ. ներմուծվել է 961 մլն $, արտահանվել է՝ 631 մլն $, տարբերությունը՝ 329 մլն $։

Աշխատուժ

Արդյունաբերության ոլորտում զբաղվածների տեսակարար կշռով՝ 30,8%, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետությունների շարքում զիջում է միայն Ռուսաստանին՝ 37% եւ Բելառուսին՝ 34,5%։ Սա թերեւս միակ ցուցանիշն է, որ հիշեցնում է նախկին արդյունաբերական հանրապետության մասին։ Դրա փոխարեն Հայաստանը գրավում է վերջին տեղը ծառայությունների ոլորտում զբաղվածների տեսակարար կշռով՝ 35,4% (օրինակ՝ Տաջիկստանում այն 83,2% է)։ Անդրկովկասյան երեք հանրապետությունները ե՛ւ ԱՊՀ-ում, ե՛ւ աշխարհում վերջին տեղերն են զբաղեցնում տնտեսությունում միջին աշխատավարձի չափով՝ զիջելով Ռուսաստանին, մոտ 8-9 անգամ, իսկ Ղազախստանին՝ 4-5 անգամ։

ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031