Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ հայացքով՝ արհեստավարժներին

Հոկտեմբեր 03,1998 00:00
bruncq

Վերջին ամիսներին այնքան հոլովվեց «արհեստավարժ» բառը, այնքան սուր ու տափակ կատակների առիթ տվեց, որ դրան անդրադառնալն անգամ մի տեսակ անհարմար է։ Բայց վարժվենք այդ զգացումին եւ փորձենք խնդրին նայել պրոֆեսիոնալ հայացքով։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե գործ ունենք լեզվի մաքրամոլության հերթական օրինակի, հերթական զուգարանակոնքի հետ։ Հիշո՞ւմ եք, առաջարկվեց այդպիսի մի մտապատկեր, որը կարող էր Սալվադոր Դալիին նախանձից սպանել։ Այն բանից հետո, երբ անգլիական «Ունիտազ» ֆիրման թողարկեց այս սանտեխնիկական անհրաժեշտությունը, ամբողջ աշխարհում այն կոչվում է ունիտազ, եւ միայն հայ սյուրռեալիստական միտքը փորձեց հայոց լեզվում արմատավորել զուգարանակոնքը։ Այդ «գործընթացը» լավ էր, չկայացավ, եւ օրինակը բերվեց սոսկ ընդգծելու համար, որ զուգարանակոնքը արհեստավարժի հետ ոչ մի առնչություն չունի, եւ մեր առջեւ ոչ թե մաքրամոլության դրսեւորում է, այլ անկեղծ խոստովանության փաստ։ Մարդիկ հետ են վարժվել անկեղծ խոսքից։

Տարիներ շարունակ Լեւոն Տեր-Պետրոսյանը անկեղծորեն հրապարակում էր իր տեսակետները, իսկ մարդիկ ենթադրում, վերլուծում ու մեկնում էին, թե նա մի այլ բան նկատի ունի։ Պարզվեց, որ նկատի ուներ հենց այն, ինչ ասում էր։ Նույնը արհեստավարժի դեպքն է։ Օրինակ՝ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի մի հաղորդագրության մեջ ասվում է. «Սեբաստիա» արհեստավարժ երիտասարդական պարային անսամբլ»։ Սա ի՞նչ է նշանակում, որ երիտասարդական պարային մյուս անսամբլները վարժ չե՞ն իրենց արհեստում։ Անշուշտ՝ ոչ։ Ընդամենը նշանակում է, որ անսամբլի պարողները ոչ թե սիրողներ են, որոնք պարում են իրենց հաճույքի համար, այլ պրոֆեսիոնալներ են, ովքեր փող են ստանում պարելու համար։

Տուլուզ-Լոտրեկը դիլետանտ էր, որովհետեւ իր նկարները վաճառելով չէ, որ ապրում էր. հարուստ ազնվական էր եւ հաճախ առատորեն հյուրասիրում էր իր պրոֆեսիոնալ գործընկերներին, որոնց ապրուստի միակ միջոցը նկար ծախելն էր, բաց սա չի նշանակում, թե նրանք Տուլուզ-Լոտրեկից ավելի տաղանդավոր եւ վարժ էին իրենց արհեստում կամ արվեստում։ Յակոբ Բյոմեն պրոֆեսիոնալ կոշկակար էր եւ դիլետանտ փիլիսոփա, բայց հո չե՞նք կարող ասել, որ Բյոմեն հանճարեղ կոշկակար էր, ոչ թե հանճարեղ փիլիսոփա։ Նույնն է այլ ասպարեզներում, ասենք, մարզական. մինչեւ հեռուստատեսության տարածվելն ու բասկետբոլի շոու դառնալը ԱՄՆ-ում համալսարանական սիրողական թիմերն ավելի ուժեղ էին, քան փոքրաթիվ պրոֆեսիոնալները։

Այսպիսով, մեր առջեւ է ազնվության ու անկեղծության՝ պատմությանը ցայժմ անհայտ ու բացառիկ փաստ. իշխանության փոփոխությունից հետո պետական բոլոր պաշտոնյաները միաբերան ու բարձրաձայն խոստովանեցին, որ ոչ թե պրոֆեսիոնալ են, այլ ընդամենը արհեստավարժ։ Այսինքն՝ վարժ արհեստով կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, բայց որպես պրոֆեսիոնալներ՝ փող աշխատում են բոլորովին այլ բնագավառներում։ Կամ նույն։

ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ

պրոֆեսիոնալ

Հ.Գ. Նկատի առնելով, որ այս արհեստավարժը մաշվելու միտում ունի, առաջարկում եմ աչքի առաջ ունենալ «գործահմուտ» հոմանիշը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031