Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՄԵՐ ԹԱՏՐՈՆՆ ԱՄԵՆԱՀԻՆՆ Է» ԹԵՄԱՅՈՎ

Հոկտեմբեր 03,1998 00:00
Armen Shekoyan

Անկախությունը պարտադրվե՞ց մեզ, թե՞ նվաճեցինք։ Թե՞ պարզապես փաստի առաջ կանգնեցրին։ Իսկ 1918 թվի՞ն ոնց եղավ՝ նվաճեցի՞նք, թե՞ պարտադրվեց։ Իսկ դրանից դարեր առա՞ջ ոնց է եղել, որ պետություն ենք ունեցել։ Եվ վերջապես՝ մեր մեջ առողջ մեկը պիտի գտնվի՞, որ նստի ու մեր ողջ պատմությունը հստակ շարադրի։ Թե՞ մեր ճակատին անջնջելի գրված է, որ մշտապես մեր պատմության միակ տարբերակները մեր թագավորներն ու կուսակցությունները պատվիրեն։ Յուրաքանչյուրը յուրովի եւ՝ իրեն ձեռնտու հունով։ Իսկապես, մենք կարիք ունենք մեր հայրենիքի իրական ու մանրամասն պատմության՝ առանց ավելորդ պաճուճանքների եւ առանց ավելորդ հերոսականացման։ Իսկապես մեզ հարկավոր է պատմություն, եւ ոչ թե՝ լեգենդ ու առասպել, որովհետեւ ճշմարիտ ու իրական պատմություն կարող են ունենալ միայն քաղաքակիրթ ու լիարժեք ազգերը, իսկ անվերջանալի առասպելներ կարող են հյուսել նաեւ ցեղախմբերն ու աշուղները։

Մենք գիտենք, որ Շամիրամը երբեւէ եղել է, եւ գիտենք, որ այսօր մեկ այլ «Շամիրամ» էլ գոյություն ունի։ Իսկ Արա Գեղեցիկն իրականում գոյություն ունեցե՞լ է արդյոք, թե՞ ընդամենը իր պես գեղեցիկ հորինվածք ու առասպել է։ Ճշմարիտ պատմություն ունենալու համար նախեւառաջ ինքնաճանաչման ցանկություն պիտի ունենալ, ինչպես նաեւ՝ ինքնաճանաչման հնարավորություն, որը հենց այսօր էլ չունենք, քանզի այսօր էլ պարզ չէ, թե ով ենք մենք՝ Դաշնակցությո՞ւնն ենք, Կոմկո՞ւսն ենք, Դեմիրճյանին լավ կողմերով հիշողնե՞րն ենք, թե՞ ՀՀՇ-ն կամ ԱԺՄ-ն ենք, թե՞ ԱԻՄ-ն ենք, թե՞ իսկապես Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունն ենք։ Եվ արդյո՞ք մենք իրար նույնքան օտար ենք, որքան որ վերոնշյալներն են միմյանց օտար։ Եվ արդյո՞ք մնացածներս թշնամի ենք իրար նույնքան, որքան վերոհիշյալները։ Այսօր իսկապես մենք չէինք կարող միասին լինել, քանզի մեր հայրենիքի մեջ մեզ բաժանեցին յուրայինների եւ օտարների, բարեկամների եւ թշնամիների, հուսալիների ու անհուսալիների, հավատարիմների ու անհավատարիմների…

Արդյո՞ք իմ բարեկամ ու ազատության մարտիկ, ազատությանը կյանք տված Պարույր Հայրիկյանն իր ԱԻՄ-ը հիմնականում չհամալրեց ընտիր բատրակներով։ Արդյո՞ք իմ բարեկամ Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանության չբերեց հիմնականում նրանց, ում դեմ իր կողմից մղվում էր ղարաբաղյան շարժումը։ Իմ բարեկամներ Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը, բարձրագույն պաշտոններ ստանձնելով, արդյո՞ք իրենց չշրջապատեցին հիմնականում մարդկանց այն տեսակով, որից նախորդ ողջ կյանքում առանձնապես էին զզվում։ Արդյո՞ք իմ բարեկամ Դավիթ Վարդանյանը հենց այս պահին զբաղված չէ նմանատիպ կադրերի փնտրտուքով։ Եվ արդյո՞ք լավագույն դեպուտատի դափնին որեւէ մեկի հետ չվիճարկած իմ բարեկամ Արշակ Սադոյանն իր ընկերներից էլ է պահանջում նույնպիսի վեհ սկզբունքայնություն, ինչպիսին մյուս մահկանացուներից է պահանջում։ Ես նրանց բոլորին բարեկամներ կանվանեմ՝ քանի դեռ իրենք չեն առարկել։

Ես նրանց բարեկամներ եմ անվանում, քանզի սիրտս դեռեւս ի վիճակի է նրանց համար ցավել։ Եվ եթե նրանք կարդալու ու քմծիծաղելու են եւ եթե նրանք կարդալու եւ հորխորտալու են, կնշանակի՝ բանը բանից անցել է, եւ իզուր խոսեցի։ Կնշանակի՝ իսկապես օտարներ ենք։ Իրենք միացրին մեզ ու իրենք էլ անջատեցին։ Ու շարունակում են անջատել։ Եվ իրենց հիմնական ու գլխավոր սխալը մեկն է. իրենք իրենց հիմնականում շրջապատել ու շրջապատում են ոչ թե նորմալ մարդկանցով, այլ՝ հավատարիմներով։ Եվ նրանց հարկ է հիշեցնել, որ բնության մեջ ամենահավատարիմ կենդանիները շներն են, բայց եւ՝ շները հավասարապես հավատարիմ են բոլորին. բոլոր նրանց, ովքեր այդ պահին իրենց լափ են տալիս։ Եվ այսպես՝ տերերը փոխվում են, իսկ հավատարիմները մնում են, ու նաեւ մենք ենք մնում՝ այս «հավատարիմների» ձեռը կրակն ընկած։ Մենք մեր երկուհազարամյա պատմության հստակ շարադրանքն ունենալու երազանքը կարո՞ղ ենք արդյոք փայփայել, եթե մինչեւիսկ այս վերջին հարյուրամյակի պատմության նորմալ, անկուսակցական ու անկողմնակալ շարադրանքը չունենք (չնայած ականատեսները դեռեւս ապրում են)։

Պատկերացրեք՝ կրթության դաշնակցական նախարարը հանկարծ որոշում է մեր վերջին տասնամյակի նորագույն պատմության դասավանդումը մտցնել դպրոցներ։ Նաեւ պատկերացրեք, որ սույն դասագրքի ստեղծման գործը պատվիրում է ՀՅԴ-ին, ՀՀՇ-ին, ԱԺՄ-ին, Կոմկուսին ու ԱԻՄ-ին։ Եվ քանզի մենք այնքան ուժեղ երեւակայություն չունենք, որպեսզի պատկերացնենք, թե այս հինգը համատեղ կարող են որեւէ բան ստեղծել, ուստի պատկերացնենք, որ վերոհիշյալ հինգ կուսակցություններն առանձին-առանձին են ստեղծում մեր վերջին տասնամյակի պատմության դասագրքի իրենց տարբերակները։ Արդյունքում արդյո՞ք այդ հինգ տարբերակներն իրար հետ որեւէ ընդհանրություն կունենան։ Եվ արդյո՞ք ընթերցողը, կարդալով այս հինգն էլ, մտքով անգամ կանցկացնի, թե այս հինգ պատմություններն էլ վերաբերում են միեւնույն տասնամյակին, միեւնույն պետությանն ու միեւնույն ժողովրդին։ Կիլինի՞ այդ դասագրքում Իգոր Մուրադյանի անունը. ինչքանո՞վ եւ ինչպե՞ս կլինի։ Կլինի՞ Մովսես Գորգիսյանի անունը. ինչքանո՞վ եւ ինչպե՞ս կլինի։

Անկախ Ղարաբաղի խե՜ղճ առաջին ղեկավար Արթուր Մկրտչյան, գոնե աղմկալի սպանությունների ցուցակում անունդ կլինի՞։ Եվ վերջապես՝ կլինի՞ հստակ պատասխան գլխավոր հարցին. այս վերջին անկախությունը մենք մեր կամքով ու մեր պայքարո՞վ նվաճեցինք, թե՞ պարզապես փաստի առաջ կանգնեցրին։ Համոզված եմ, որ չորս տարբերակում էլ (բացի Կոմկուսի տարբերակից) կգրվի, որ անկախությունը հերոսաբար ենք նվաճել, ճիշտ այնպես, ինչպես 1918-ի անկախության մասին ենք գրում բոլորս (բացի Կոմկուսից)։ Հարց. եթե իսկապես նվաճել ենք, ինչո՞ւ ենք այսօր սույն գաղափարն աջուձախ ծաղրի ենթարկում։ Եվս մի հարց. եթե իսկապես նվաճել ենք, ինչո՞ւ չենք ուզում պահպանել։ Մի երրորդ հարց. եթե իսկապես նվաճել ենք, ինչո՞ւ միլիոն ստորագրություն դրեցինք Ռուսաստան-Բելառուս-Հայաստան թերթոնների տակ։ Էլի մի հարց. եթե իսկապես նվաճել ենք, ինչո՞ւ ենք շարունակ իրար ականջի քչփչում. «Հես ա Մոսկվայում կոմունիստները գալիս են»։

Եվ մի վերջին հարց. արդյո՞ք անկախությունը նվաճեցինք, որպեսզի աշխարհում «Կոկա-կոլայի» ընդմիշտության գծով առաջատարը դառնայինք՝ մեր անկախության յոթնամյակի շոգ օրվա ողջ ընթացքում անջատելով մեր մայրաքաղաքի ցայտաղբյուրները։ Պատմությունն, այնուամենայնիվ, պիտի համալրի ճշգրիտ գիտությունների ցանկը։ Մեր պատմությունը՝ նմանապես։ Եվ նմանապես՝ մեր վերջին տասը տարիների պատմությունը, որը սկսվեց եւ ընթացավ մոտավորապես հետեւյալ կերպ։ «Ղարաբաղ» կոմիտեն եւ հարակիցները մեզ ահագին բացատրեցին, որ իրենք մեր ազգի սերուցքն են, եւ, ուրեմն, մենք պարտավոր ենք սիրել, հավատալ եւ վստահել միմիայն իրենց։ Եվ մինչ մենք կհասկանայինք ու կըմբռնեինք այդ պարզ ու միակ ճշմարտությունը, իրենք («Ղարաբաղ» կոմիտեն ու հարակիցները) արդեն, մեղմ ասած, իրար հետ չէին, եւ կոպիտ ասած՝ իրար թշնամի։ Արանքում մի հետաքրքիր բան էլ տեղի ունեցավ։

Երբ արդեն ընթացքի մեջ էին ԳԽ առաջին «ազատ» ընտրութիւնները, ՀՀՇ-ն Գ. Գուրզադյան-Գ. Հարությունյան զույգից ոչ միայն ակադեմիկոս Գուրզադյանին պաշտպանեց, այլեւ ակտիվիստների մի խումբ ուղարկեց ընտրատարածք (Կոտայքի մարզ), եւ պատվիրակությունը աղաղակներով ու գոռոցներով տեղի ընտրողներին բացատրեց, որ Գագիկ Հարությունյանը, մեղմ ասած, ժողովրդի բարեկամը չէ։ Բայց, այնուամենայնիվ, տեղի ժողովուրդը չանսաց ՀՀՇ-ի հորդորներին եւ ընտրեց ծագումով կոտայքցի Գագիկ Հարությունյանին, ում ավելի լավ էր ճանաչում։ Իսկ դրանից ընդամենը մի քանի օր անց արդեն ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն Գագիկ Հարությունյանին նշանակեց (ընտրեց) իրեն տեղակալ։ Ահա այդ պահից սկսվեց աբսուրդի թատրոնը։ Անձամբ ինձ համար այդ պահից սկսվեց։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031