Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԽԱՌԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Հոկտեմբեր 03,1998 00:00
Aleqsan Harutyunyan

Այս հարցազրույցը գուցե կցկտուր, ոչ միասնական տպավորություն թողնի, քանզի թեմայից թեմա ենք «ցատկել»։ Սակայն այս անգամ նպատակն ուղղակի իրազեկ պաշտոնյայից առավելագույնս շատ ու տարբեր փաստերի վերաբերյալ մանրամասներ «կորզելն» էր։ Զրուցակցին «Առավոտի» երեկվա համարում բավական հանգամանալից ներկայացրել ենք՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյան։

– Հայաստանի եւ ԼՂՀ որոշ իշխանավորների փոխհարաբերություններում առկա լարվածության մասին բազմաթիվ լուրերը որքանո՞վ են հիմնավոր։

– Լեոնարդ Պետրոսյանի հրաժարականից հետո որոշ հարցերում տարակարծություններ կային։ Սակայն, Ձեր հարցի ենթատեքստը լավ հասկանալով, պիտի ասեմ, որ ե՛ւ Սամվել Բաբայանը, ե՛ւ Արկադի Ղուկասյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը պայքարի ընդհանուր ճանապարհ ելած, նույն ուղով գնացող ու գաղափարական, անձնական այնքան թելերով են իրար հետ կապված, որ տարակարծությունները չէին կարող երկար ժամանակով նրանց փոխհարաբերությունների վրա ազդել։

– Այնուամենայնիվ, չպարզաբանվեց. ՏՐԱՍԵԿԱ-ի Բաքվի համաժողովում վարչապետ Արմեն Դարբինյանի բոլոր 4 առաջարկներն իրո՞ք մերժվել են։

– Այս փուլում, բնականաբար, պիտի մերժվեին։ Դարբինյանը Հայաստանի կողմից միակողմանի քայլեր էր առաջարկել՝ իբրեւ բարի կամքի դրսեւորում, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը դրան պատրաստ չէին։ Մի քիչ վախենում եմ՝ ավելի շատ բան ասել, քան կարելի է, բայց, հավատացնում եմ, որ ՏՐԱՍԵԿԱ ծրագիրն այնպես է «փաթաթված» Հայաստանի շուրջ, որ ուզենանք էլ «ազատվել»՝ այլեւս չենք կարողանա։ Այսօր Հայաստանը ՏՐԱՍԵԿԱ-ի բանակցությունների կենտրոնում է հայտնվել, իր բավական կարեւոր դերն ունի, իսկ նախորդ իշխանությունների օրոք գրեթե դուրս էինք մղված այդ ծրագրից, որեւէ քննարկման անգամ չէինք մասնակցում։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցից հետո անպատասխան մնացած հարցերից է, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանին որեւէ նոր բան առաջարկվե՞լ է, թե՞ այստեղ իրադրությունը նույնն է մնում, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք էր։

– Թվում էր, թե Քոչարյանը ԼՂՀ նախկին նախագահ եղած լինելով՝ պիտի խնդիրներ ունենար արտաքին աշխարհի հետ, բայց ցանկացած սթափ հայացք լրիվ հակառակ պատկերը կարձանագրի։ Ի դեպ, բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ-ի հետ հարաբերություններին իրականում ծանոթ ցանկացած գործիչ էլ կարող է վկայել, որ Ղարաբաղի հարցի առնչությամբ Հայաստանի վրա արտաքին քաղաքական կամ տնտեսական լուրջ ճնշումներ կամ երբեւէ չեն եղել, կամ էլ այնպիսին են եղել, որ ուղղակի շատ մեծ երեւակայություն էր հարկավոր դրանք ճնշում անվանելու համար։ Չի եղել որեւէ բան, որի համար արժեր ժողովրդին վախեցնել։ Իմ խորին համոզմամբ, Ղարաբաղի խնդիրն ի վերջո այսպես է լուծվելու՝ գուցե ոչ 100%-ով այն, ինչ ուզում էինք, բայց մեզ բավարարող, նորմալ ելք է լինելու։ Այդպես չէ, որ համանախագահները գալիս, առաջարկներ են ներկայացնում եւ ասում են. «Համաձայնվեք կամ ոչ»։ Սա գործընթաց է։ Այս անգամ որեւէ փաստաթուղթ, գրավոր ձեւակերպված ոչ մի առաջարկ ընդհանրապես չի ներկայացվել, բայց նրանց հետ զրույցում բավական դրական միտումներ կային։ Եվ ինձ համար, որ բանակցային ամբողջ գործընթացին ամենասկզբից եմ երեւի թե ծանոթ՝ որոշ դեպքերում նույնիսկ զարմանալի թարմություն կար։ Այսպես ասած, ոչ ստանդարտ քայլեր անելու պատրաստակամության հոտ էր գալիս այս հանդիպումներից։

– Ըստ որոշ տեղեկությունների, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ սպառնացել է, թե հենց այս ԱԺ-ն կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու որոշում կայացնի՝ հաջորդ օրն իսկ այն լուծարելու է։ Իրոք նա երբեմն չի՞ ափսոսում, որ տեղի չի տվել իր աջակիցների հորդորների առջեւ եւ չի ցրել այս խորհրդարանը։

– Նախ պետք է ասել, որ պատգամավորների որոշ նյարդայնությունը երեւի վախի հետեւանք է, թե շուտով հանրապետության դատախազը որոշ մարդկանց անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ կմտնի ԱԺ։ Այս մթնոլորտն, իհարկե, խանգարում է խորհրդարանի աշխատանքին։ Ինձ թվում է՝ «քաղաքական» շատ ուժեր «օդի մեջ» որսացել են այն զգացողությունը, թե ուր որ է՝ ինչ-որ դեպքեր են լինելու։ Եվ քրեական ընդդիմությունն էլ հույս ունի, թե աղմուկ բարձրացնելով՝ հետագա ձերբակալությունների ժամանակ կհաջողեցնի իբրեւ քաղաքական հալածյալներ ներկայանալ։ Եվ, ի վերջո, ինչի՞ նման է, որ Եվրախորհուրդ նամակ է ուղարկվում տեսակ-տեսակ փոքրամասնությունների իրավունքների ճնշման մասին։ Սակայն հավատացնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք, ոչ մի պարագայում եւ ոչ մեկի մոտ նման զգայական հայտարարություններ չի անում։ Նա պատերազմ է անցել, խիստ ծայրահեղ իրավիճակներում եղել, երբ ստիպված ես շատ արագ ու սթափ որոշումներ կայացնել եւ նման մանկական զգացողություններով չի տառապում։ Մանավանդ որ, չենք կարծում, թե ԱԺ-ն կոնյակի գործարանի վերաբերյալ նման որոշում կայացնի։

– Սրանք արդեն քաղաքական դիտորդների մեկնաբանություններ են, որ Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի «պատանդն» է, քանզի նաեւ վերջինիս շնորհիվ է նախագահ դարձել եւ հենց նրան է ենթարկվում խորհրդարանական մեծամասնությունը։ Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ լուրեր են լինում Քոչարյան-Սարգսյան փոխհարաբերություններում որոշ լարվածության վերաբերյալ։

– Քաղաքական այս երկու գործիչներին եթե չկարողացավ հակադրել ու նրանց միջեւ երկպառակություն սերմանել 1997-ի սեպտեմբերից մինչեւ 1998-ի փետրվարն ընկած ժամանակաշրջանը՝ այլեւս նրանց ոչինչ չի բաժանի։ Համատեղ պայքարի ու կորցրած ընկերների հիշատակը թույլ չեն տա, որ նրանց միջեւ ինչ-որ հակասություններ լինեն։ Մնացած բոլոր խոսակցությունները կամ ուղղակի ոչ մի բացատրություն չունեցող բամբասանքներ են, կամ էլ քաղաքական որոշ շրջանակների խիստ արտահայտված ցանկությունն են։ Պիտի նրանց հիասթափեցնեմ. դա երբեք չի լինի։ Նրանք, ովքեր հույս ունեն, թե Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը հակասություններ կունենան՝ իրենց կենդանության օրոք դա չեն տեսնի։

– Եվ Վազգեն Սարգսյանը մնալո՞ւ է իբրեւ «սուպեր» նախարար՝ իր հսկայական ազդեցությամբ…

– Իսկ դուք որեւէ կռվող պետություն տեսե՞լ եք, որտեղ պաշտպանության նախարարը «սուպեր» նախարար չէ։ Կամ տեսե՞լ եք որեւէ պետություն, որի ստեղծողներից մեկը «սուպեր» չէ։ Եվ երրորդը. տեսե՞լ եք որեւէ պետություն, որտեղ երկու համախոհ իշխանություն են, եւ նրանցից մեկը «սուպեր» նախարար չէ։

– Այսինքն՝ այս ամենը հաշվի առնելով, Քոչարյանն անգամ չի էլ փորձի՞ Վազգեն Սարգսյանին սովորական նախարարի շրջանակը վերադարձնել։

– Իսկ ինչո՞ւ պիտի վերադարձնի։ Կռվող պետության մեջ պետք է ինչ-որ տարբերակում լինի պաշտպանության եւ «իքս» որեւէ նախարարի միջեւ։ Մանավանդ, եթե առաջինի հետ համատեղ պատմություն ես անցել՝ խրամատներում գիշերել, հաղթանակներ տարել ու պարտություններ կրել։ Բայց նաեւ պիտի ասեմ. որեւէ նախարար՝ Հայաստանի նախագահի կամ վարչապետի նկատմամբ իրեն երբեւէ այդքան կոռեկտ չի պահել, ինչքան Վազգեն Սարգսյանը։

– Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրների գործունեությունը մշտապես սեւեռուն ուշադրության առարկա էր եւ այժմ կարծես Ռոբերտ Քոչարյանի եղբոր՝ Վալերիի վերաբերյալ է սկսվում նույն վերաբերմունքը դրսեւորվել։ Արդեն «Օրագիր» օրաթերթում տեղեկություն է հրապարակվել, թե նրանն է «Կոտայք» գարեջրի գործարանի բաժնետոմսերի 48%-ը…

– Հրապարակմանը ծանոթ չեմ, բայց դա սուտ է։ Երեւի գիտեք, որ Վալերի Քոչարյանը պատերազմի ժամանակ բավական լուրջ վիրավորվել է եւ, փաստորեն, հաշմանդամ է։ Նա Հայաստանի ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական կյանքում որեւէ դեր չի խաղում։ Նրա գործունեության ոլորտն այնքան նեղ է, որ Երեւանի ցանկացած թաղամասում մի քանի տասնյակ իր նման գործարարներ կլինեն։ Նա մարդ է, որ դժբախտության պատահելով, ուղղակի աշխատում է ակտիվ կյանքով ապրել, տանը փակված չմնալ եւ չեմ կարծում, թե բարոյական է նրան ինչ-ինչ բաներ վերագրելը։

– Կարո՞ղ եք նաեւ պնդել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալով ղարաբաղցիների դերը Հայաստանի տնտեսական կյանքում ավելի, այսպես ասած, առաջնային չդարձավ։

– Իսկ Դուք համեմատեք, թե մինչեւ Քոչարյանի այստեղ գալը Ղարաբաղի տնտեսական շրջանակները Հայաստանի տնտեսական դաշտում ի՞նչ դեր ունեին եւ ինչպիսի՞ն է այն այժմ։ Ցանկացած գործարարի հարցրեք եւ կհամոզվեք։ Եվ, ի վերջո, ԼՂՀ եւ Հայաստանը նույն տնտեսական դաշտում չե՞ն։ Իսկ Հայաստանի տնտեսության ո՞ր ճյուղում է, որ ղարաբաղցիները մենաշնորհ դեր ունեն։ Ոչ մի։ Ծագումով ղարաբաղցիների տնտեսական ազդեցությունն իսկապես որեւէ ճյուղում նկատելի չէ։ Թեեւ, եթե լիներ էլ՝ չեմ կարծում, որ այստեղ մեղադրելի որեւէ բան կա։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031