Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐՆ Է

Հոկտեմբեր 03,1998 00:00
Azgayin joxov

Վերջապես տեղի ունեցավ երկար սպասված խորհրդարանական ունկնդրումը «Տարածաշրջանային զարգացումները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը» վերտառությամբ։ Հրավիրված էին խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների ներկայացուցիչներ ու ԱԺ ղեկավարությունը, նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության ներկայացուցչությունը՝ նախարար Նաիրա Մելքումյանի գլխավորությամբ։ Առաջինն ամբիոն տրամադրվեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որն արձանագրեց համաշխարհային քաղաքականության այսօրվա առաջնային իրողությունները. հիմա աշխարհն ապրում է հետսառըպատերազմյան գործընթացներով, որոնք արտահայտություն են գտնում տնտեսական, բնապահպանական եւ այդ ոլորտներում իրականացվող համագործակցությամբ։

Բարենպաստ միջավայրում լինելու անհրաժեշտությունն է այսօր Հայաստանի առջեւ, եւ այս առումով մեր երկիրը կարող է լուրջ հաջողություններ ունենալ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մյուս հիմնարար ազատությունների բնագավառներում։ Հետսառըպատերազմյան մտածելակերպի բնորոշիչ կարող է լինել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության խնդիրների շուրջ ընդհանուր եզրերի որոնումը։ Դրանից զատ, Հայաստանը խնդիր ունի համագործակցել տարածաշրջանում ներկա ուժերի հետ հավասարապես։ Ելնելով այս ամբողջից, Հայաստանը հաստատում է իր պատրաստակամությունը տարածաշրջանային լրջագույն խնդիրներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելուն, այն հիմքով, որ գտնվեն փոխընդունելի եզրեր։ Մինչդեռ խնդիրն այսօր փակուղային վիճակում է։ Հաճախ հաշվի չի առնվում, որ տարածաշրջանում նոր իրողություններ են ստեղծվել։ Լիսաբոնյան փաստաթղթի գոյությունն այլեւս ժամանակավրեպ է։ Այն փակուղային իրավիճակ է ստեղծել ինչպես ՀՀ եւ ԼՂՀ, այնպես էլ որեւէ կենսունակ միջնորդական նախաձեռնության համար։

Արտգործնախարարն այս իրողությունները ներկայացնելուց հետո շատ տեղին մի հարց տվեց՝ ի՞նչ համոզումով ԼՂ-ն պետք է վերադառնա Ադրբեջանի կազմ։ Նա մեկ անգամ եւս խոսեց բանակցային գործընթացը վերսկսելու եւ փոխադարձորեն ընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտության մասին։ Նախընտրելի է փաթեթային եւ ոչ փուլային ընթացքը։ Արտգործնախարարն անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ վերջերս տարածաշրջան կատարած այցին, ասելով, որ գրավոր առաջարկությունները կներկայացվեն միայն Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո։ Այս փուլում չի առաջարկվել ոչինչ, թեպետ կարծես նշվել է, որ նոր առաջարկություններ են մշակվում, որոնք բացառում են նախապայմանները։ Արտգործնախարարը խոսեց նաեւ 907 հոդվածի մասին, ասելով, թե հայկական լոբբին կարողացավ հաղթահարել նավթային, թուրքական, հրեական եւ ԱՄՆ-ի ադմինիստրատիվ լոբբիների ազդեցությունը, սակայն բոլոր համայնքներում չէ, որ հնարավոր է նման հաջողություններ ունենալ։

Խոսք եղավ նաեւ Վրաստանի հետ հարաբերությունների մասին: Ասվեց, որ տպավորություն կա, թե Վրաստանը մասնակցում է Հայաստանի մեկուսացման գործընթացին։ Ուստի՝ Վրաստանն այնքանով, որքանով հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, դրա տասնապատիկը պետք է իրագործի Հայաստանի դեպքում։ Արտգործնախարարն ասաց, որ դեռեւս վաղ է Լեւոն Տեր-Պետրոսյանի նմանողությամբ մի հոդված գրելը։ Այնուհետեւ խոսք առավ ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը, որը ներկայացրեց իրենց դիրքորոշումները ԼՂ անվտանգության եւ կարգավիճակի խնդիրների վերաբերյալ։ Տեղեկացվեց, որ ԼՂ-ն ելակետ է համարում 1918-20 թվականների իրողությունները։ Քննարկումների ժամանակ լրջորեն խոսվեց ՏՐԱՍԵԿԱ-ի փաստաթղթերում արձանագրված այն նորմի մասին, որ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համաձայն։ Վարդան Օսկանյանն ասաց, որ դա Հայաստանին ոչնչով չի սպառնում, քանզի խնդիրը լուծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Մոտեցմանը չհամաձայնեց պատգամավոր Դավիթ Շահնազարյանը՝ միանգամայն այլ բացատրություններ տալով։ Ինչ վերաբերում է 907 հոդվածին, այստեղ եւս Դավիթ Շահնազարյանն այլ կարծիք ուներ։ Նա ասաց, որ ըստ էության քաղաքականորեն այդ հոդվածն այլեւս չի գործում: Դրա վկայությունն է նախագահ Քլինթոնի ափսոսանքի նամակը Հեյդար Ալիեւին, ուր ասված է՝ ցավոք, այս անգամ այն չեղյալ հայտարարել չհաջողվեց։ ԱԺՄ ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանն էլ համաձայնեց Դավիթ Շահնազարյանի կարծիքին, որ ներքին քաղաքականությունը էապես ազդում է արտաքին քաղաքականության վրա, ուստի եթե Ղարաբաղի հարցին բարենպաստ լուծում ենք ուզում, առաջին հերթին Հայաստանը պետք է դարձնենք զարգացող ժողովրդավարության երկիր։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031