Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամեն լծակ պետք է օգտագործել, որ միջազգային բեմի վրա ընդունվի հայ ցեղասպանությունը»

Հոկտեմբեր 03,1998 00:00
Kasya Abgaryan

Այսպես պատասխանեց նախագահի խորհրդական եւ մամլո խոսնակ Կասյա Աբգարյանը «Առավոտ»-ի հարցին, թե ցեղասպանության խնդիրը եւս միջազգային ասպարեզ հանելով՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ԼՂՀ հիմնահարցի հետ միասին նաեւ այս ուղղությամբ ջանքեր ներդնել, հետամուտ լինել եւ որոշակի արդյունքների հասնել․ «Ամեն լծակ պետք է օգտագործել, որպեսզի կարողանանք իրականացնել այդ նպատակը՝ միջազգային բեմի վրա ընդունվի հայ ցեղասպանությունը»։

Հիշեցնենք, որ տիկին Կասյայի խոսքերն «Առավոտն» անաղարտ է փոխանցում։ Ճեպազրույցի գլխավոր թեման, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցելելն էր։ Արդեն իսկ հրապարակված մանրամասներին Կասյա Աբգարյանը հավելեց նորերը, մասնավորապես, որ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահը հանդիպել էր ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի նախագահ Դիդյեր Օպերթիի հետ, որն իր աջակցությունն էր հայտնել Հայաստանի եւ 6 այլ պետությունների նախաձեռնությունը, հայտնել, թե ինքն ամեն ինչ կանի, որ ցեղասպանության ՄԱԿ-ի կոնվենցիայի 50-ամյակի առիթով առաջարկվող բանաձեւն անպայման ընդունի ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը։

«Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն ինքնանպատա՞կ է, թե՞ նպատակ կա նաեւ դրա հետեւանքների վերացմանը հասնել։ Եթե կա, ինչո՞ւ միջխորհրդարանական միության խորհրդաժողովում էլ, ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի նիստի ժամանակ էլ հետեւողականորեն հայտարարվում է՝ «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանություն» եւ չի հիշեցվում, որ դա տեղի է ունեցել հայոց հայրենի բնօրրանում, ցեղասպանության միջոցով հայոց Հայրենիք է զավթվել»,- Հայ FM-ի թղթակցի հարցի առաջին մասին ի պատասխան ասվեց. «Իհարկե, նպատակային է, ոչ թե ձեւական է դա միայն։ Իսկ ի պատասխան Ձեր երկրորդ մասին՝ դա ոնց որ մեր արտաքին գործոց նախարարության եւ մեր դեսպանության գրասենյակի ստրատեգիական որոշումներին եմ թողնում»։

Ի դեպ, նախագահի խոսնակը նախ հայտնեց, որ 1999-ի սկզբին նախատեսվում է Քոչարյանի հանդիպումը Քլինթոնի հետ, բայց երբ «Սնարք»-ը փորձեց որոշակիացնել, թե ով է նախաձեռնել այդ հանդիպումը, տիկին Կասյան այնպիսի պարզաբանումներ տվեց, որտեղ յուրաքանչյուր նախադասությունը հակասում էր նախորդին. «Քլինթոնի հետ հանդիպում նախաձեռնող դեռ չի եղել։ Հանդիպումը Քլինթոնի հետ նախատեսվում է գալ տարի երկկողմանի որոշումով։ Նախաձեռնությունը պետք է լինի ԱՄՆ-ի կառավարության կողմից, քանի որ իրենց օֆիցիալ հրավերով էր, որ պրն Քոչարյանը կկարողանա մեկնել Ամերիկա»։

Այնուամենայնիվ, գլխավոր թեմայից շեղումներ էլ եղան։ Ասենք, «Իրավունք»-ի հարցն էր. «Ըստ «Օրագիր» օրաթերթի, վերջերս Բժշկական համալսարանի տնտեսական գծով պրոռեկտոր է նշանակվել պրն Քոչարյանի հորեղբոր որդին։ Արդյոք դա ճի՞շտ է, եւ եթե այո՝ մի երկու բառ նրա կենսագրությունից»։

Ի պատասխան հնչեց տիկին Կասյայի ամենագործածական արտահայտությունը. «Բացարձակ տեղյակ չեմ։ Ոչ մի ձեւով չեմ կրնար օգտակար ըլլալ»։

«ՀՀ» թերթի թղթակցի հարցն էր. «Ե՛վ ԱԺ-ում, ե՛ւ հասարակության մեջ պտտվում են զրույցներ, որ նախագահը զուրկ է հենարանից։ Երեկ հարեւան սենյակում տեղի ունեցած Քաղաքական խորհրդի նիստից հետո, բրիֆինգի ժամանակ Քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Հրանտ Խաչատրյանն ասաց, որ ոչ թե զուրկ է նախագահը քաղաքական հենարանից, այլ քաղաքական հենարանի տեղաշարժեր են կատարվում։ Կարո՞ղ եք ինչ-որ իմաստով բացել չակերտները, թե ինչ հենարանի փոփոխություն է կատարվում (նախագահի)»։ «Չէի կրնա»,- կարճ կապեց խոսնակը։

Մեկ այլ լրագրող հետո ջանաց, այնուամենայնիվ, մանրամասներ կորզել այդ մասին, եւ լսեցինք հետեւյալ բացահայտումները. «Հայաստանի հանրապետության նախագահի հենարանները մեկ հատ չեն, այլեւ շատ են։ Ինչպես գիտեք, նախընտրական շրջանին մի խումբ կուսակցություններ ու կազմակերպություններ միացան՝ պրն Քոչարյանը որպեսզի ընտրվի նախագահ։ Այդ հենարաններն այսօր շարունակվում են եւ միեւնույն ժամանակ մեծանում են եւ լայնանում են» եւ այլն։

Դարձյալ լակոնիկ էր «Հայոց աշխարհի» հարցի պատասխանը։ «Եթե չեմ սխալվում, նախագահի այս այցելությունների ընթացքում Հայաստանի ԱԺ-ի պատգամավորների մի խումբ, մասնավորապես, եթե չեմ սխալվում՝ «Հայրենիք» խմբակցությունը փորձում է նախաձեռնել նախագահի իմփիչմենթի հարցը։ Նախագահն ինչպե՞ս է վերաբերվում դրան»,- հետաքրքրվեց թղթակիցը։ «Հանգիստ»,- ժպտաց խոսնակը։ «Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում, նույնպե՞ս հանգիստ»,- չէր ուզում հանգստանալ թղթակիցը։ «Շատ»,- ավելի լայն ժպտաց խոսնակը։

Այսպես հանգի՜ստ, այսպես սիրո՜վ տարված էինք ճեպազրույցով, ավելի շատ հարցեր, քան պատասխաններ լսելով։ Շունչներս պահեցինք միայն «Իրավունքի» թղթակցի այս հարցի ժամանակ. «Ճի՞շտ է արյդոք, որ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հնարավոր թեկնածուների ցանկում կաք նաեւ Դուք»։ «Առաջին անգամն է լսեցի։ Այդ ցանկը ոչ տեսած եմ, ոչ գիտեմ դրա մասին,- քմծիծաղեց Կասյա Աբգարյանը։- Իմիջիայլոց, ես ասեմ՝ իմ նշանակումիցս շատ գոհ եմ հիմա։ Չեմ պատրաստվում դուրս գալ»։

Սրտներիցս քար ընկավ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031