Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՍՊԱՍԵՄ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻՆ»

Հոկտեմբեր 02,1998 00:00
R0obert Sahakyan

Ասաց մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը

Ռ. Սահակյանցը ամիսներ առաջ ընդգրկվել էր ՀՀ վարչապետին կից մշակույթի խորհրդում, որից շատ շուտ հրաժարվեց։ Դրանից հետո նա փորձեց միանալ մշակույթի փոխնախարար Չալդրանյանին կից ստեղծված կինոյի հարցերով խորհրդի աշխատանքներին, այդտեղից էլ հեռացավ։ Կինոգործիչների շրջանում բուռն խոսակցություններ սկսվեցին տարածվել, թե Սահակյանցը հրաժարվելու սովորություն ունի։ ՀՀ վարչապետն էլ տխրեց այդ փաստից, մանավանդ որ, մեծ նշանակություն է տալիս իրեն կից խորհրդին, հավաքներին եւ հայ մշակույթի գործիչների հետ իր հանդիպումներին։ Արդեն որոշակիորեն ծանոթ լինելով վերոհիշյալ երկու խորհուրդների քննարկումների բովանդակությանը, հասկանալի է, որ պրն Սահակյանցը կհրաժարվեր երկուսից էլ. «Գիտեմ բոլոր տենդենցները, իրենց բոլորին, բոլորի ելույթները. հին կոմունիստական մտածողություն է, որն այլեւս ընդունակ չէ ոչ մի բանի։ Ես կսպասեմ հաջորդ սերնդին»,- մի անգամ ասաց Ռ. Սահակյանցը։

-Սկզբում հրաժարվեցիք ՀՀ վարչապետին կից մշակույթի խորհրդից, ապա՝ Մշակույթի նախարարության կինոարվեստի վարչությանը կից խորհրդից։ Ո՞րն էր պատճառը։

– Կինոյի հարցերով զբաղվող խորհրդի մասին խոսելիս հնարավոր չէ չհիշել վարչապետին կից մշակույթի խորհուրդը։ Հրաժարվելու պատճառներ կային։ Առաջինն այն էր, որ ես չեմ տեսնում իմ դերը։ Մշակույթի խորհրդում ասացի, որ ես պասիվ օպտիմիստ եմ, մշակույթը չի մեռնի եւ օսման Թուրքիայում մշակույթը պետական հովանավորության տակ չէր, բայց, այնուամենայնիվ, նա չմեռավ։ Մշակույթը բոլոր դեպքերում պահպանում է իր գոյությունը։ Լինում են անկումներ եւ վերելքներ, սակայն դրանց վրա ազդելու մեխանիզմներին ես չեմ տիրապետում եւ այդ պատճառով դրա մեջ դիլետանտաբար խառնվել չեմ ուզում։ Դիլիջանում անցյալ հավաքի ժամանակ լսում էի բոլոր ելույթները։ Յուրաքանչյուր ելույթից պարզ էր, որ բոլորը գիտեն, թե ինչ է մշակույթը, որը ինձ շատ զարմացրեց, քանզի ամբողջ աշխարհում դա դեռ վիճելի թեմա է։ Բոլորը նաեւ գիտեին, թե մեր մշակույթը վերականգնելու համար ինչ է պետք. դա նույնպես ինձ զարմացրեց։

Առաջարկներ էին հնչում՝ հանել Ճգնավորյանին եւ մեկ ուրիշ դիրիժորի նշանակել, արգելել ռաբիսը եւ թույլատրել ինչ-որ ուրիշ մի բան եւ այլ նմանատիպ օրինակներ։ Ինձ համար դա կոմունիստական ինֆանտիլ զառանցանք է, եւ ես հեռացա այդ խորհրդից։ Ինչո՞ւ ես համաձայնեցի կինոյի խորհուրդ մտնել։ Այն պատճառով, որ այնպիսի անիմաստ առաջարկներ, ինչպիսիք են՝ բարձրացնել համաշխարհային մշակույթի մակարդակը, Երեւանը դարձնել մի հիասքանչ համաշխարհային քաղաք եւ այլն՝ չկային։ Մեր խնդիրները շատ լոկալ էին։ Խնդիրներից մեկն էր՝ ազդել կինոստուդիայի աշխատանքի վրա, եւ քանի որ պետբյուջեով կինոարվեստին տրամադրված գումարները շատ քիչ էին՝ օգնել կինոստուդիայի տնօրենին չսխալվել։ Բայց քանի որ Վիգեն Չալդրանյանն էլ ցանկություն հայտնեց, որ նման խորհուրդը աշխատի նաեւ իր հետ նախարարությունում, այդ պատճառով որոշեցինք խորհուրդը ստեղծել մշակույթի փոխնախարարին կից՝ ոչ մի դեպքում մեր առջեւ մասշտաբային անլուծելի խնդիրներ չդնելու պայմանով։ Որոշեցի մասնակցել կինոյի խորհրդում, քանզի չմասնակցելու իրավունք էլ չունեի։

– Մասնավորապես ի՞նչ հարցեր էին քննարկվում։

– Մեկ-երկու անգամ էինք հավաքվել եւ հենց երկրորդ հանդիպման ժամանակ ես հրաժարվեցի կինոյի խորհրդում մասնակցել։ Մենք սկզբում գործող մարմնի ֆունկցիա էինք վերցրել մեզ վրա. տեսնել որքան տեխնիկական սարքավորումներ են մնացել ստուդիայում, տեսնել, թե սկզբնական շրջանում ում ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի տալ այդ չնչին գումարները։ Այսինքն՝ կինոստուդիայի շրջանակներում մեզ վրա էինք վերցնելու «կեղտոտ» աշխատանքը։ Եվ ինչ-որ ժամանակ անց, երբ ոչ օբյեկտիվ եւ սխալ մեկնաբանություններով հոդվածներ լույս տեսան, հատկապես «ծՏՉՏպ ՉՐպՎ255» թերթում եւ նմանատիպ մեկնաբանություններ հնչեցին նաեւ կինոյի բնագավառի իմ կոլեգաների կողմից, ես գտա, որ ինձ 100 տարի պետք չէ նման խորհրդում աշխատել։

Կրկնում եմ, այդ խորհրդում իմ աշխատելու միակ պատճառն այն էր, որ կարծում էի, թե կարող եմ օբյեկտիվ լինել այդ չնչին գումարների ճիշտ բաշխման հարցում։ Դա հիմար պատճառ է, բայց եթե հաշվի առնենք այն, որ ես վաղուց էի պատճառ փնտրում նման խորհրդից դուրս գալու համար, ապա այդ պատճառն արդեն բավական էր։ Ինձ մեծ հաշվով բոլորովին չի հետաքրքրում, թե անտաղանդ ռեժիսորներից որ մեկը կծախսի այդ գումարները։ Իմ խիղճը հանգիստ չէր լինի, եթե իմանայի, որ կարող էի ու չեմ օգնել որեւէ մի տաղանդավոր ռեժիսորի՝ ստանալու այդ գումարները։ Տիրող իրավիճակի վրա ազդել չեմ կարող, որովհետեւ երեւում է, որ ոչ ոք իրականում մտադիր չէ որեւէ բան անել իրավիճակը դեպի լավը փոխելու համար։ Աշխատանքի ոճը մնացել է նույնը՝ ինչ-որ գումարներ պոկել ֆիլմի նկարահանում սկսելու համար՝ շատ լավ հասկանալով, որ այդքանը բավական չէ այն ավարտելու համար, եւ եւս մի քանի ամիս յոլա գնալ աշխատավարձով։ Այդ իրավիճակը եւ տրամադրությունները չեն փոխվել, եւ ես ցանկություն չունեմ դրա վրա ժամանակ կորցնելու։

Հետո խոսակցություններ սկսվեցին կինոստուդիան բաժնետիրական ընկերություն դարձնելու մասին, ու ես հասկացա, որ ինձ այլեւս այնտեղ մտնել պետք չէ, որովհետեւ դա ինձ հետաքրքիր չէ՝ առավել եւս, որ տնտեսական եւ արտադրական հարցերում ես մասնագետ չեմ եւ ելույթներ կամ դրանում որեւէ մասնակցություն ունենալու մտադրություն չունեմ, մանավանդ որ մեր եւ առհասարակ նախկին Սովետական Միության տարածքում արտադրությունը, մասնավորապես՝ կինոարտադրությունը խիստ կապված է քաղաքականության հետ։ Իմ կարծիքով, առաջին հերթին պիժոնություն եւ զուտ պոպուլիստական գործողություններ են՝ իրադրության վրա առանց տարրական օրենքներ իմանալու ազդելը, իսկ երկրորդը՝ դա ինձ խանգարում է զբաղվել իմ հիմնական աշխատանքով։ Ես կարող եմ զբաղվել մի աշխատանքով, որն իսկապես օգուտ կբերի իմ հայրենիքին, բայց զուտ համերաշխության զգացումից ելնելով, կինոգործիչների հետ ինչ-որ հիմարություններով զբաղվել ես չեմ ուզում։ Ես, կարելի է ասել, կոչ եմ անում բոլորին՝ զբաղվել իրենց բուն գործով։

Կինոյի խորհրդում, իմ կարծիքով, ես շատ ռեալ մի փրկարար ծրագիր առաջարկեցի։ Ռուսաստանում լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ նկարահանելու համար ծախսվում է մոտ 3 մլն դոլար, հետեւաբար, միայն տեսաժապավենների վաճառքից այդ գումարը կվերադառնա։ Առաջարկս հետեւյալն էր. կինոարվեստի զարգացման համար հատկացված գումարով նկարել նման մուլտֆիլմ, որը կազմում է 250 հազար դոլար եւ այն ուղարկել Ռուսաստանի կինոշուկա։ Եվ թող մենք 3 մլն դոլարի փոխարեն թեկուզ 500 հազար դոլար օգուտ ունենանք։ Այդ գումարը կարող է հայ կինեմատոգրաֆիայի վաղվա օրը լինել։ Ցավոք, առաջարկս ոմանց դուր չեկավ. մուլտիպլիկացիայի դերը այդ նախագծում։ Եվ երբ իմ այդ գործնական զբաղվածությանը զուգահեռ տեսնում եմ մնացածների անգործությունը, պնդում եմ, որ իրենք ալարկոտ են։ Եթե կնեղանան, ուրեմն ավելի լավ, քանի որ որքան ավելի քիչ մարդկանց հետ շփվեմ, այնքան ավելի հեշտ կլինի ինձ։ Թող իզուր չնեղանան, քանի որ ֆինանսավորում են նրանց, ով դրան արժանի է։ Եթե այսօր ես աշխատանք ունեմ, ապա դա ասում է նրա մասին, որ իսկական պրոֆեսիոնալիզմը միշտ էլ գնահատվում է։ Եթե կինոռեժիսոր լինեի, իհարկե, կունենայի պրոբլեմներ, բայց ոչ այնքան եւ այնպիսի, որ ունեն մյուս ռեժիսորները։

Ասում են՝ կինոարտադրության համար գումարներ չկան եւ այդ պատճառով կինո չկա. կարելի է կարծել, թե մուլտիպլիկացիայի համար գումարներ տրվում են։ Այն, որ վատ կինո ունենք, դա բոլորովին չի նշանակում, թե կինո չունենք։ Կարծում եմ, որ «Շարմը» եւ «Պարադիզը» այսօրվա ստեղծված իրավիճակում ճիշտ հասկանալով այսօրվա շուկայի պահանջը, գրագետ տակտիկա են ընտրել։ Դա առաջին փորձն է, երկրորդը կլինի ավելի հաջող։ Ի տարբերություն «հայ մեծ կինոռեժիսորների», որոնք ասում են՝ ֆինանսավորեք մեզ, եւ մենք կմտածենք ֆիլմի գաղափարի վրա։ …Չեմ կարծում, որ մեզ մոտ՝ Հայաստանում, կարող է լինել իսկական կինո։ Տարրական հաշվարկ է. 3 մլն բնակչությունը չի կարող այնքան եկամուտ բերել, որ դրանով ստեղծված բազան ի վիճակի լինի ապահովելու կինոարտադրությունը։

– Ինչո՞ւ հրաժարվեցիք նաեւ շքանշանից։

– Ես խնդրեցի իմ անունը պարգեւատրվողների ցուցակից հանել։ Իմ այդ արարքը չեմ ուզում համեմատվի Վիետնամի պատերազմում պարտված զինվորների հետ, որոնք իրենց շքանշանները Սպիտակ տան պարիսպներից ներս էին նետում, պարզապես չէի ցանկանա, որ ինձ որեւէ բանով կապեին իշխանության հետ։ Չեմ հասկանում՝ ինչի համար են ուզում տալ այդ շքանշանը. եթե Դեմիրճյանի մասին երկու րոպեանոց ֆիլմ-պլակատի համար, ապա դա ինձ հազար տարի պետք չէ, եթե անցյալ վաստակներիս համար, ապա, մեր մեջ ասած՝ արդեն ուշ է։ Եվ ամենակարեւորը՝ ամենից շատ գնահատում եմ իմ անկախությունն ու ազատությունը։

– Առհասարակ շքանշաններից կհրաժարվեի՞ք, թե՞ հենց այդ շքանշանից։

– Եթե շքանշանը դիտենք որպես արվեստագետի ճանաչման միջոց, ապա նման պրոբլեմ ես չունեմ, քանի որ դիպլոմներս ու մրցանակներս բավական են, որ նույնիսկ ժամանակ առ ժամանակ դրանք կորցնեմ։ Այդ առումով ինձ համար ամենաթանկ շքանշանն այն էր, երբ «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալումից հետո կինոտանը առաջին դիտումն էր «Սեղմակոճակ» ֆիլմիս, երբ գեներալ Մակաշովի տանկերը կանգնած էին փողոցներում, երբ մուլտֆիլմի դիտման ժամանակ տղամարդիկ լաց էին լինում, եւ ես չգիտեի՝ տուն կհասնե՞մ, թե՞ ոչ։ Այդ պատճառով, շքանշանը, որից հրաժարվել եմ, ընդամենը հերթապահ եւ ցուցակով նախատեսված պարգեւատրում էր։ Եվ ես չեմ զղջում։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Մինչեւ տարվա վերջը պետական հեռուստատեսությամբ կցուցադրվեն Ռոբերտ Սահակյանցի մեկրոպեանոց 10 մուլտֆիլմերը եւ 2-3 րոպեանոց մուլտքլիպները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031