Բավարիա Գերմանիան պատրաստվում էր ընտրությունների, իսկ Բավարիան՝ գարեջրի տոնին: Թերեւս, դա միակ տոնն է, որին բավարացիները ավելի մեծ նշանակություն են տալիս, քան նույնիսկ կանցլերի ընտրություններին: Մեր խմբի ժամանումը Մյունխեն՝ համընկավ գարեջրի տոնի բացմանը: Նկարագրել տիրող մթնոլորտը դժվար է, այն զգալ եւ փորձել է պետք սեփական մաշկի վրա: Եւ փորձեցինք: Ստացվեց փառահեղ ու հիշվող: Նույնիսկ մեր ադրբեջանցի գործընկերուհին, որ ամբողջ ուղեւորության ընթացքում զբաղված էր իր երկրի քաղաքական դիրքորոշումների պարզաբանումով չդիմացավ եւ բոլորիս հետ միասին պարեց սեղաններին: Այնտեղ այդպես է ընդունված, հերթական տոնական օրվա ավարտին, երբ նվագախումբը վերջին մեղեդին է նվագում, բոլորը սկսում են պարել ու շնորհավորել միմյանց:
Թուրքական Գերմանիա
Թուրքերը վաղուց են աչք դրել այս երկրի վրա եւ մեծ խմբերով եկել բնակվելու: Պաշտոնական տվյալներով, Գերմանիայում ապրում է 1.7 միլիոն թուրք, սակայն մեզ հետ զրուցած տարբեր պաշտոնյաների կարծիքով, նրանց թիվը վաղուց անցել է 4 միլիոնից: Դա երկրի ամենախոշոր ազգային փոքրամասնությունն է եւ գնալով ավելի է մեծանում: Բոլոր խոշոր քաղաքներից, որոնցում եղանք, միայն Բոննում թուրքական թաղամաս չկար, այնտեղ թուրքերը ցաքուցրիվ էին ապրում: Թուրքական թաղը դարձել է գերմանական քաղաքների անբաժանելի մասնիկը: Բայց երկրի ղեկավարությունը ջանքեր է կիրառում այդ օրեցօր աճող հոսքի դեմն առնելու ուղղությամբ: Մասնավորապես, քաղաքացիություն չի շնորհում, կամ եթե անգամ շնորհում է, ապա առանց ընտրելու, եւ առավել եւս, ընտրվելու իրավունքի: Մեր այցելությունից մի քանի օր առաջ թուրք համայնքը աղմուկ էր սարքել մի դեպքի առթիվ: 15- ամյա մի թուրք հանցանք էր գործել, որի համար նրա ընտանիքը, որն ապրում էր Գերմանիայում մոտ 30 տարի, ողջ կազմով արտաքսվել է երկրից: Ի դեպ, մեր ադրբեջանուհին առիթը բաց չէր թողնում այդ հարցով «բռնացնել» գերմանացի պաշտոնյաներին, որոնք ի պատասխան շատ քաղաքավարի բացատրում էին, որ ինքը հրավիրված է այլ իրադարձության հետեւելու եւ լուսաբանելու:
Ընտրություններ
Կարդացեք նաև
Դրանց ընթացքին հետեւեցինք արդեն Բոննում: Մի քանի հետաքրքիր մանրամասն: Գերմանիայում ընտրությունները սկսվում են առավոտյան ժամը 10-ին եւ ավարտվում 18-ին: Այսինքն, տեւում են ութ ժամ: Մեզ մոտ, օրինակ, տեւում են ճիշտ երկու անգամ ավելի՝ 16 ժամ: Ընտրողների ակտիվության ցուցիչը նախանձելի է՝ մոտ 80 տոկոս: Այցելեցինք ընտրական տեղամասեր եւ հարցուփորձ արեցինք ընտրողներին: Մի ուսանող նշեց, որ ինքը մարքսիզմի ուսմունքի համակիր է եւ ձայն է տալու արեւելագերմանական կոմունիստական կուսակցությանը: Եւ հրճվում էր իր յուրօրինակությունից: Իսկ վաղուց 80-ն անց մի կին, որը հոյակապ հիշում էր 1933, 1945, 1949,1989 շրջադարձային թվականները/ ինչպիսի ծանր բեռ մեկ կյանքի համար-Ո.Մ./ համոզված նշեց,որ ինքը դեմոկրատիայի ջերմ կողմնակից է, իսկ իր համոզմունքները հուշում են, որ փոփոխության պահը հասունացել է: Ճիշտ է, տիկինը պաշտպանեց իր ձայնի գաղտնիության իրավունքը եւ չասաց, թե ում օգտին է քվեարկել:
Մի քանի ժամ շարունակ շրջեցինք տեղամասերով եւ ոչ մի տեղ չտեսանք ոչ հերթեր, ոչ դատարկություն: Գերմանացիները այնքան համաչափ էին մոտենում տեղամասին, որ տպավորություն էր ստեղծվում, թե վաղօրոք բոլորն իրար հետ պայմանավորվել են: Ժամը 17.50-ին սոցիալիստների կենտրոնատեղիի մոտ արդեն ցնծություն էր: Ճիշտ նրանց դիմաց գտնվող քրիստոնեա-դեմոկրատների շենքում աղմուկ չկար, կուսակիցները մի-մի գավաթ գարեջրի շուրջ քննարկում էին պարտության պատճառները: Հելմուտ Քոլը հարցազրույց էր տալիս ուղիղ եթերում, եւ չէր զգացվում, թե նա շատ է տխրել: Պարզապես մարդը կատարել էր իր պատմական առաքելությունը եւ հեռանում էր մեծ քաղաքականությունից: Քոլը դարձավ 20-րդ դարում Գերմանիայի ամենաերկարակյաց կանցլերը: Նրա օրոք երկիրը վերամիավորվեց, նրա օրոք Գերմանիան դարձավ Եվրոպայի տնտեսական առաջնորդը, վերջապես, նրա օրոք ստեղծվեց այն բարենպաստ քաղաքական դաշտը, որը բոլոր եվրոպական երկրներին հնարավորություն է տալիս խաղաղ ապրել: Քոլի դարաշրջանն ավարտվեց: Նրա հասցեին հրաժեշտի խոսքերը ջերմ էին: Նաեւ հակառակորդի կողմից ասվածները:
Մի գերմանական գյուղում
Իմ եւ «Նովի միր» մոսկովյան հանդեսի թղթակից Վադիմ Յուսինի համառ ջանքերը՝ այցելել որեւէ գերմանական գյուղ, ի վերջո հաջողությամբ պսակվեցին: Մեր հմայիչ առաջնորդուհի Հենրիկե Շմիդտը կարողացավ ավտոբուս պոկել եւ մի քանի ժամով մեզ տանել Կիրխդորֆ գյուղը, որտեղ ապրում էր նրա քրոջ ընտանիքը: Ֆրաու Յոհաննան եւ իր ամուսինը մի կուշտ բողոքեցին տեղի իշխանություններից՝ նշելով, որ հարկերի բեռը պարզապես անտանելի է, եւ որ իրենք կփակեն անասնաֆերման եւ այլ գործով կզբաղվեն: Փորձեցի զգուշորեն հետաքրքրվել, թե ի՞նչ են պատրաստվում անել եկող տարի: Յոհաննան զարմացած ժպտաց եւ պատասխանեց. «Եկող տարի էլ կով ենք պահելու: Մենք հաշվարկել ենք, որ այսպես շարունակվելու դեպքում 10 տարի հետո պետք է ֆերման փակենք»: Զարմանալու հերթը իմն էր: Ահա այսպիսի յուրահատուկ, զուտ գերմանական մոտեցում:
Վերադարձ
Վերջին օրն անցկացրինք Քյոլնում: Քաղաքը ինչ-որ իմաստով նման էր, ասենք, մեր Չարենցավանին, ուղղակի շատ ավելի մեծ էր: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ բրիտանական ավիացիան գրեթե հողին էր հավասարեցրել Քյոլնը ի պատասխան գերմանացիների կողմից անգլիական Քովենթրիի ոչնչացմանը: Եւ այդ քաղաքի կենտրոնում՝ Քյոլնի տաճարը. մարդկային երեւակայությունից դուրս մի շինություն: Տեղական լեգենդի համաձայն, ճարտարապետը պայմանագիր էր կնքել սատանայի հետ, որ պետք է կառուցի տաճարը: Սատանան համաձայնել էր պայմանով, որ այն երբեք մինչեւ վերջ չի կառուցվելու: Տաճարի շինարարությունն ընթանում է 600 տարուց ավելի: Երկար տեւած ճանապարհը ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվեց Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդակայանում: Որքան էլ զարմանալի է, նորից դեմս դուրս եկավ այն լկտի ոստիկանիկը, բայց այս անգամ այլ առաքելություն ուներ. եկել էր իր արտաքսված ազգականների աշխատած փողերը մաքսատան կողքով դուրս տանելու: Վերադարձա ԻՄ քաղաքակրթություն:
ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Երեւան- Ս. Պետերբուրգ- Բեռլին- Ֆրանկֆուրտ- Մյունխեն- Լյուդվիգսհաֆեն- Բոնն- Քյոլն- Երեւան