Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկների մասին խոսելն անլրջություն է

Հոկտեմբեր 02,1998 00:00
zinvor

Միամտություն կլիներ ակնկալել, թե Սեւանի հոգեւոր դպրանոցի սան 17-22 տարեկան տղաներն այնքան կանկեղծանային աշխարհից կտրված իրենց անկյունի անդորրը մի քանի ժամով խանգարած լրագրողներիս, առավել եւս ձայնագրիչների ու տեսախցիկների ներկայությամբ, որ հարցերի տարափին կպատասխանեին այնպես, ինչպես մտածում են իրականում։ Չնայած, արձագանքելով լրագրողների պահանջին, հնարավորություն ընձեռվեց ապագա հոգեւորականների հետ զրուցել առանց տեսուչ-դաստիարակների հսկողության, բայց, այնուամենայնիվ, դժվար է անկեղծ խոսք ու զրույցով պարծենալ։ Հարցերին տրվող պատասխաններն առանձնակի բազմազանությամբ աչքի չէին ընկնում եւ, թերեւս, տղաներն ասում էին այն, ինչ պետք էր ասել։

Ինչեւիցե, «Առավոտն» իր հարցերը հիմնականում ուղղեց 5-րդ լսարանի սաներին՝ հուսալով, որ այդքան տարի դպրանոցում անցկացրած երիտասարդներն ավելի շատ ասելիք ու պատմելիք կունենան։ Այն հարցին, թե ի՞նչը ձեզ բերեց այստեղ, գրեթե իրար կրկնելով պատասխանում էին, թե Աստծուն, ժողովրդին ծառայելու փափագը, հոգեւոր կյանքը սիրելու եւ դրանով ապրելու երազանքը։ Ոչ ոք չասաց, որ եկել է բանակային ծառայությունից խուսափելու, ընտանեկան պրոբլեմներից ազատվելու, կյանքը մի ձեւով դասավորելու կամ մի այլ պատճառով։ Ոչ ոք չասաց, որ, ասենք, իրեն դուր էր եկել, թե ինչքան լավ են ապրում որոշ հոգեւոր այրեր, արտասահմանում են շրջագայում, շքեղ մեքենա են վարում, հարստության ու ճոխության մեջ են կյանքներն անցկացնում եւ այլն։ Տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ ընտանիքի հետ հանդիպելու իրավունք ունեցող ճեմարանցիները հարազատների կարոտից չէին բողոքում, ասում էին, որ սովորել են, դիմանալը կամքի ուժ դրսեւորելու լավ հնարավորություն էր։ Ընդ որում, տղաներն ընդունում էին, որ հատկապես դժվար է առաջին տարին, հիմա հարմարվել են ու նաեւ շուտով դպրանոցն ավարտելու փաստն է մխիթարում։

Տղաները հավաստիացնում էին, որ հաճույքով սովորում են թե՛ հոգեւոր, թե՛ աշխարհիկ առարկաները, առանց տարբերակման։ Իր ընտրած ուղու համար էլ ոչ ոք չէր զղջացել, ու չնայած առաջին լսարան ընդունվել էին տասնվեցը, ու 5-րդում մնացել միայն 9-ը, բայց հավատացնում էին, որ հեռացածներից ոչ ոք իր ցանկությամբ չէր գնացել։ Տղաները միաձայն պնդում էին, որ պատրաստ են ուսման ավարտին անպայման ծառայել բանակում եւ, եթե հարկ է, նաեւ կռվել ու մարդ սպանել։ Սպանությունը մեղք չէ՞ քրիստոնյայի, հոգեւորականի համար։ Այս հարցի պատասխանը միանշանակ է՝ ով սուր վերցնի, նա էլ սրով կընկնի։ Այդպես սովորեցնում է քրիստոնեությունը, եւ «եթե թշնամին պիտի ոտնակոխ անի իմ սրբությունները, սպանի մորս, բռնաբարի կնոջս, ես չեմ կարող նստել ու սպասել»։ Տղաներից մեկը նույնիսկ հավաստիացրեց, թե շատ էր ուրախացել, որ հոգեւորականների բանակում ծառայելու մասին որոշում պիտի ընդունվեր, քանի որ վստահ է՝ «ամբողջ քրիստոնյա աշխարհում կան բանակի հոգեւորականներ, որոնք զինվորների բարոյական խրախուսման եւ նկարագրի ձեւավորման հարցում մեծ դեր ունեն»։

Ապագա զինակոչիկները մեղադրանքով էին խոսում այն երիտասարդների մասին, որոնք ինչ-ինչ աղանդների հարելու պատճառով հրաժարվում են ծառայել։ Նաեւ նրանց «խելքի բերելու» գործն են համարում իրենց խնդիրը։ Ի՞նչ աշխարհիկ գրականություն եք կարդում հարցիս ի պատասխան՝ խնդրեցի կոնկրետ հեղինակների անուններ թվել։ Կարդում են Լեւ Տոլստոյ, Դոստոեւսկի, Հյուգո, Լեւոն Շանթ, Տիրան Չրաքյան եւ այլն։ Իսկ Սինդի Շելդոն կարդում են բնագրով՝ անգլերեն։ Չգիտեմ ինչի ծիծաղի արժանացավ այն հարցս, թե աշխարհիկ թեմաներով ձեր զրույցներում ինչի՞ մասին եք խոսում։ Իսկ աղջիկների մասին խոսո՞ւմ եք հարցիս, միանշանակ ոչ ասացին՝ տեղիք տալով մտածելու, թե այդ մասին խոսելը մեղք է։ Բայց այս մտավախությունս ժխտեցին, իսկ հիմնավորումները բավականին անսպասելի էին։ Իրենց տարիքի լրջությանն անհարիր էին համարում աղջիկների մասին զրուցելը՝ չնայած ընդունում էին, որ բոլորի սրտում էլ մի աղջիկ կա։ Նույնիսկ մեկը, ի պատասխան հարցիս, ընդունեց, որ իրեն սպասող ընկերուհի ունի։ Իմիջիայլոց, գրեթե բոլորն էլ մտադիր էին ամուսնացյալ քահանա դառնալ, այսինքն՝ դպրանոցն ավարտելուց հետո ընտանիք, կին, երեխաներ ունենալ ու քահանա լինել որեւէ թեմում։

Մեր զրույցներից մեկի ժամանակ սրբազանը խոստովանեց, որ ինքն անձամբ խրախուսում է իր հոգեւոր սաների ընտանիք կազմելու ցանկությունը։ Նաեւ միանշանակ չի վերաբերվում կուսակրոնությանը եւ գտնում, որ նման որոշումը, թերեւս, պետք է ընդունվի ավելի հասուն եւ գիտակից տարիքում։ Ընդհանրապես տղաները աղջիկների հետ շփման պակասից չէին բողոքում՝ նաեւ արդարանալով, որ իրենց շրջապատն ունեն (որի հետ շփվում են տարին մի քանի անգամ) ու ճգնավոր հո չե՞ն։ Տղաները խոստովանեցին նաեւ, որ աղջիկներն իրենց համարում են կիրթ ու գրագետ, ու նաեւ դրանով են նրանց դուր գալիս։ Զրուցակիցներս նաեւ հավաստիացրին, որ չեն ծխում եւ չեն խմում՝ հարգելով դպրանոցի պահանջները։

Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031