Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԾԵՐԵՐԸ ՉԷԻՆ

Հոկտեմբեր 02,1998 00:00
araqelutyun

«Առաքելություն Հայաստան» բարեգործական միությունը «Դվին» հյուրանոցի երրորդ հարկի ռեստորան էր հրավիրել իր հովանավորության տակ գտնվող տարեցներին։ 1999 թվականը ՄԱԿ-ը կողմից հայտարարել է ծերերի միջազգային տարի եւ այս առիթով էլ հոկտեմբերի 1-ից մինչեւ եկող տարվա հոկտեմբերի 1-ը կմեծարվեն եւ ուշադրության կենտրոնում կլինեն միայն տարեցները։ Կմեծարվե՞ն… Ուշադրության կենտրոնո՞ւմ կլինեն…։ Մի թեթեւ կասկած կա, քանի որ հանրապետության որեւէ պաշտոնյա չէր բարեհաճել գալ եւ ծերերի հետ մի կտոր հաց կիսել։

Հրավիրված էին ե՛ւ ՀՀ նախագահի աշխատակազմից, ե՛ւ քաղաքապետարանից, ե՛ւ տեղական իշխանություններից, ե՛ւ ԱԺ-ից (այս մասին առանձին վերնագրով)։ Ստացվեց, որ «մերոնք» չէին եկել (կարծես թե իրենք անմահական ջուր են խմել), իսկ «նրանք»՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, եկել էին։ «Առաքելություն Հայաստան» բարեգործական միության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը շատ հուզված էր, ելույթի տեքստ էր պատրաստել, որում մասնավորապես ասաց, թե միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը բեւեռել սոցիալ-տնտեսական ծանր վիճակում եւ բարոյահոգեբանական մեկուսացման մեջ հայտնված միայնակ ծերերի հիմնահարցերին։ Բայց «հանրությունը» եկե՞լ էր, որ տեսներ, թե ինչպես են տատիկ-պապիկները մի քանի տասնամյա ընդմիջումից հետո (գուցե նույնիսկ առաջին անգամ) եկել ռես-տո-րան։ Նստել էին խելոք ու անաղմուկ, սեղանից (ի դեպ, բավականին ներկայանալի) օգտվում էին անհարմարության զգացումով, հիմնականում փափուկ ուտելիք ընտրելով։

Միակ պաշտոնատար անձը

Միակ պաշտոնյան, որը չէր մերժել հրավերը եւ եկել էր ԱԺ-ի առողջապահության, սոցիալական եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գեղամ Ղարիբջանյանն էր։ Դե, ինչպես չմոտենաս ու չհարցնես. «Ինչպե՞ս եղավ, որ հրավերը չմերժեցիք»։ Գեղամ Ղարիբջանյանը պատասխանեց. «Իմ նախընտրական ծրագրում, երբ ընտրվում էի պատգամավոր, հստակ շեշտել էի, որ մեր ժողովուրդը դարավոր հարգանք է ունեցել տարեցների նկատմամբ։ Այսօր տարեցների օրն է եւ այսօրվանից պաշտոնապես սկսվում է տարեցների միջազգային տարին, որն ինձ որպես պատգամավորի, հանձնաժողովի նախագահի ոչ թե պարտավորեցնում է, այլ նաեւ իմ ցանկությունն է, որ այսօր մեր տարեցների հետ լինեմ։ Նման օրը ոչ թե պետք է մեկ օր լինի եւ մեկենասների կողմից ձեռք բերված շամպայնով զարդարված սեղան, այլ՝ ամենօրյա հոգատարություն»։

Հաջորդ հարցը հետեւյալն էր. «Ի դեպ, սեղաններին նայելով, բավականին լուրջ գումար է ծախսվել։ Ճիշտ չէ՞ր լինի այս գումարը ծախսել որեւէ ծերանոցի կամ մի քանի ծերի օգնելու նպատակով»։ Պարզվեց, պրն Ղարիբջանյանը «սա կարեւորում է, քանի որ ծերանոցներին օգնություններ եղել են եւ կան, բայց դրանից աղմուկը չի ավելանում, իսկ նման միջոցառումը գոնե մի քանի օր մամուլով, հեռուստատեսությամբ ցույց կտան»։

Հին ու նոր նախարարներ

ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանը հանդիսությանը «ֆիզիկապես» (3-րդ ալիքի բառն է) չէր մասնակցում, սակայն իր ուղերձն էր հղել ծերերին։ Նույն օրը, նույն ժամին, Նորքի ծերանոցում միջոցառում էր՝ նվիրված նույն օրվան, սակայն ուրիշ ծերերի մասնակցությամբ։ «Զիգզագ» խանութի հեռուստացույցից խոսեց եւ ծերերին շնորհավորեց սոցապ նախարարը եւ խոստացավ. «Ամեն ինչ կանեմ տարեցների կյանքը բարելավելու համար»։ Իսկ «անկախ Հայաստանի առաջին սոցապ նախարար» Աշոտ Եսայանը ողջ եւ առողջ կանգնեց ներկաների առաջ եւ ասաց. «Մենք միասին անցանք ամենադաժան տարիները՝ սովի, ցրտի, պատերազմի…»։ Վերջում էլ մաղթեց, որ փոստատարը ոչ թե ամիսը մեկ անգամ, այլ բազմաթիվ անգամներ բախի ծերերի դռները եւ փող բերի։ Լավ կլինի, չէ՞։

Բոլորս հա՞յ քրիստոնյա ենք

Միջոցառման ինֆորմացիոն հովանավորը «3-րդ ալիքն» էր, իր անփոփոխ Կարեն Քոչարյանով եւ Արտավազդ Եղոյանով, հասկանալի է՝ ճերմակ կոստյում եւ այլն… Կարեն Քոչարյանն անընդհատ շեշտում էր, թե բոլորս էլ «հայ քրիստոնյա ենք», թեպետ դահլիճում բազմաթիվ այլազգիներ կային (ասենք, Ֆաթման եւ այլոք), որոնք ակնհայտորեն «հայ քրիստոնյա» չեն։

«Առաքելություն Հայաստան»

Այս կազմակերպությունն ամեն տարի տոնում է տարեցների օրը, սկզբում տներում, իսկ այս տարի որոշեցին ավելի ճոխ տոնել, մեծարել ծերերին։ Հրավիրված էին այն ծերերը, որոնց կազմակերպությունը սպասարկում է տներում՝ խնամք, բուժսպասարկում եւ այլն։ Կազմակերպությունը մեծ է, խնամում է մոտ 2500 ծերի, 1000 փախստական, միայնակ ծերի։ Կազմակերպությունը ՄԱԿ-ի, Եվրախորհրդի գործընկերն է։ Կազմակերպության գործունեությունը բավական բարձր գնահատականի է արժանացել Ժնեւում։

Լինում է, չի լինում՝ ինչպես հեքիաթներում

Տատիկների ու պապիկների հեքիաթների ժամանակն անցել է։ Նրանց համար սկսվել է հիշողության ժամանակը։ Եթե նրանց հիմա խոստանում են թոշակն ավելացնել, խնայդրամարկղի ավանդները վերադարձնել, տարին մեկ անգամ ռեստորան տանել եւ այլ հեքիաթանման բաներ, տարեցները չեն հավատում, նայում են ու լռում։ Նրանք սպասելու ժամանակ չունեն։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031