Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համահայկական հալածված առաքյալի լեգենդը

Հոկտեմբեր 02,1998 00:00
Tigran Paskevichyan

Ակնհայտ է, որ մենք սիրում ենք լեգենդներ։ Հորինում ենք ու հետո, շատ ուշ, փորձում իմաստավորել։ Հենց պարզվում է, որ այդ հորինվածքի մեջ ոչ մի իմաստ չկա՝ ամենեւին էլ չենք վհատվում։ Ու շարունակում ենք մեր լեգենդար երթը։ … Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ամիս առաջ պաշտոն ստացավ։ Կարճ ժամանակ անց հրաժարական տվեց։ Հետո ուրիշ պաշտոն ստացավ։ Հետո էլի հրաժարական տվեց։ Րաֆֆի Հովհաննիսյանը «հրաժարվեց» համահայկական «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության նախագահի պաշտոնից։

Երեկ նույն հիմնադրամի հանրային կապերի բաժնի վարիչ Տիգրան Պասկեւիչյանը մամլո ասուլիս տվեց։ Ասուլիսի հիմնական նպատակը հրաժարականի հետ կապված հրապարակումներն էին։ Քանի որ ոչինչ թվերից ավելի խոսուն չի, բանախոսը սկսեց թվերի հրապարակումից։ Եվ այսպես, պրն Հովհաննիսյանն իր պաշտոնավարման ընթացքում ծախսել է 59 հազար 840 դոլարին համարժեք գումար։ Դրանից գործուղումների վրա ծախսվել է 18 հազար 440 դոլար։ Հիմնադրամը ծառայողական ավտոմեքենաների կարիք չուներ, եւ այդ ընթացքում 10 հազար 300 դոլարով գնված «ԳԱԶ 31» ավտոմեքենա գնելը շռայլություն կարելի է համարել։ Համակարգչային տեխնիկա կոչված մոգական անվան տակ ծախսվել է 9 հազար 300 դոլար։ 8 հազար դոլար ծախսվել է գովազդային գրքույկների հրապարակման համար։ Մոտ 10 հազար դոլար կազմել են աշխատավարձային չնախատեսված ծախսերը։ Հիմնադրամի գործադիր վարչությունում աշխատանքի է ընդունվել ութ նոր աշխատակից։ Նախկին 26-ի փոխարեն աշխատակիցների քանակը հասել է 34-ի։ Իսկ հետո սկսվել է ամենահետաքրքիրը։

Պրն Հովհաննիսյանը հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է իր ծրագրերը։ Խորհրդի նիստում ինը հարցերից ութը հավանության էին արժանացել։ Մերժվել էր ընդամենը մեկը։ Մերժված այդ կետով պրն Հովհաննիսյանն առաջարկել էր իր աշխատակազմի ծախսերը հասցնել 740 հազար դոլարի։ Այդ գումարն առաջարկվել էր բաշխել հետեւյալ կերպ. գործուղման ծախսեր՝ 350 հազար դոլար, քարոզչական աշխատանքներ՝ 50 հազար դոլար, միջոցառումների անցկացում՝ 100 հազար դոլար, աշխատավարձ՝ 240 հազար։

Պրն Պասկեւիչյանը նշեց, որ նախկինում գործադիր վարչության ծախսերը տարեկան կազմել են 200 հազար դոլար։ Հետաքրքիր էր իմանալ, որ պրն Հովհաննիսյանը նախատեսում էր «ունենալ» 54 աշխատակից, 240 հազար դոլար աշխատավարձի ֆոնդով։ Փաստորեն, հիմնադրամի աշխատակիցների միջին աշխատավարձը կազմելու էր մոտ 4 հազար 400 դոլար։ Այս ընթացքում պրն Հովհաննիսյանը դրամական մուտքերի լուրջ (այսինքն՝ ապահովված) աղբյուր չէր առաջարկել (կամ գտել)։ Նախկին գործադիր տնօրենի պաշտոնավարման ընթացքում հիմնադրամ եղած մուտքերը բացառապես նախկին պայմանավորվածությունների արդյունք են։ «Հայաստան» հիմնադրամն այսօր հայտարարում է, որ նախկին գործադիր տնօրենի կնքած բոլոր պայմանագրերը ֆինանսավորվելու են։

Ասուլիսի ընթացքում լրագրողներին հետաքրքրում էր համահայկական կառույց ստեղծելու հնարավորությունն ընդհանրապես։ Իր գործունեության ընթացքում մոտ 50 մլն դոլար տնօրինած հիմնադրամի աշխատանքի գնահատականն, ի վերջո, հնարավոր է, որ փիլիսոփայական խնդիր է։ Հայտնի է, որ «Հայաստան» հիմնադրամը հիմնականում ֆինանսական միջոցներ փնտրում է Սփյուռքում։ Մի բան պարզ է՝ Սփյուռքում գործող որեւէ ավանդական կառույց, այս տարիների ընթացքում, չի կարողացել կատարել այն, ինչ հաջողվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Արցախում ու աղետի գոտում կատարած աշխատանքները հիմնադրամի կենսունակության լավագույն ապացույցն են։ Միշտ էլ կարելի է ենթադրել, որ կարելի է ավելին անել, բայց քանի դեռ որեւէ մեկին չի հաջողվել անել ավելին, գոնե պետք է գոհանալ այս հիմնադրամի արածով։

Ի վերջո, այսօր բոլորս հպարտանում ենք Երեւան-Ստեփանակերտ ավտոմայրուղիով։ Անկախ այն փաստից, թե որքան գումար կամ աշխատանք ենք ներդրել, գոնե այս մայրուղին կարելի է համարել համազգային կազմակերպվածության դրսեւորում եւ չափանիշ։ Մնացածը պարապ խոսակցություն է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031