Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՆԱԵՎ ԴԻՐԻԺՈՐՆԵՐ ԵՆ

Հոկտեմբեր 02,1998 00:00
erebui- erevan

Էրեբունի-Երեւանի 2780-ամյակին նվիրված տոնակատարության առիթով «Երեւան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մկրտչյանի խոսքերով՝ «գեղեցիկ ասուլիսը» հրավիրվել էր «գեղեցիկ տաճարում»։ Իսկ գեղեցիկ տաճարը, կարծում եմ գուշակեցիք, Էրեբունի ամրոցն է, որտեղ եւ հոկտեմբերի 10-ին կկայանա «Էրեբունի-Երեւան» տոնակատարության գլխավոր հանդիսությունը։

Սուրեն Աբրահամյանը նախ լրագրողներիցս շնորհակալություն հայտնեց բարեհաճ վերաբերմունքի համար, հետո գովազդում հնչած իր խոսքն ամբողջացրեց այսպես. «Երեւանին տոն է պետք, եւ երեւանցին արժանի է այդ տոնին»։Հետո քաղաքապետը «ճշտում» մտցրեց քաղաքապետարան հասկացության մեջ, ասելով, որ ամեն անգամ չերկարացնելու համար քաղաքապետարան ասելիս նկատի կունենա նաեւ 12 թաղապետարաններն ու, չգիտես ինչու, շեշտեց. «Տոնակատարությունն առանց քաղաքական ուղղվածության, նվիրվելու է մեր քաղաքին, երեւանցուն»։ Նշենք, որ տոնակատարությունը սկսվելու է հոկտեմբերի 9-ին՝ հանդիսավոր նիստով, մինչ այդ քաղաքի զարդարման գործընթացը, ըստ քաղաքապետի, կավարտվի հոկտեմբերի 7-ին կամ 8-ին։

«Առաջին անգամ փորձ է արվում Երեւան քաղաքը զարդարել, տոնական տեսքի բերել»,- քաղաքապետը կոչ արեց հաշվի առնել այս հանգամանքը։ Քաղաքական լոզունգներին փոխարինելու կգան Երեւանին նվիրված լոզունգները, ասենք. «Երեւան, իմ սիրո քաղաք»։ Տոնակատարության գլխավոր հանդիսությունը կկայանա հոկտեմբերի 10-ին Էրեբունի թանգարանի հրապարակում, այնուհետեւ համատարած հանդիսություններ կլինեն համայնքներում։ Օրվա ընթացքում կկայանան հնաոճ եւ ինքնաշեն ավտոմեքենաների շքերթ, «Հին աշխարհը եւ մենք» մանկական երաժշտական զվարճալի ծրագիր, վերջինիս՝ մեզ եւ մեր երեխաներին ներկա գտնվելու խորհուրդ տվեց քաղաքապետը։

Երեկոյան տեղի կունենա «Հայաստան-Իսլանդիա» ՈՒԵՖԱ-ի մրցաշարի «շատ պատասխանատու» հանդիպումը, որից հետո Հանրապետության հրապարակում մինչեւ կեսգիշեր կկազմակերպվի երիտասարդական դիսկոտեկ, որը կընդմիջվի տոնական հրավառությամբ։ Սուրեն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ահռելի աշխատանք է կատարվել. «Երկու խնդրում Աստծո աղոթքն ենք ակնկալում, երկու հարց չենք կարողացել պլանավորել. առաջինը՝ եղանակը, երկրորդը՝ Հայաստանի հավաքականը Իսլանդիային հաղթի, որ տոնական տրամադրությունն ամբողջական լինի։ Այդ երկու հարցը չենք կարողացել կարգավորել, բայց հավատացնում եմ, որ Աստծո հետ ակտիվ բանակցություններ ենք վարում, ինչով կվերջանա, ցույց կտա տոնակատարությունների վերջը»,- մտահոգվեց Սուրեն Աբրահամյանը։

Կանխելով լրագրողներիս հարցը, քաղաքապետը տեղեկացրեց, որ բյուջեից բացարձակապես միջոցներ դեռ չեն ծախսվել։ Ընդ որում կա հանրապետության նախագահի հանձնարարությունը կառավարությանը՝ տոնակատարության կազմակերպման կապակցությամբ։ Քաղաքապետը հայտնեց, որ վարչապետն անձամբ եղել է Էրեբունու ամրոցում, ծանոթացել շինարարական աշխատանքներին։ Քաղաքապետի խոսքերով, իրենց նպատակը մնայուն արժեքներ ստեղծելն է։ Վերակառուցվել է Էրեբունի ամրոցի միջնաբերդը, բացի այդ յուրաքանչյուր համայնքում բարեկարգման աշխատանքներ են կատարվել։ Քաղաքապետը երկար թվարկեց արված աշխատանքները եւ հավանաբար մոռացավ, որ պետք է տեղեկացներ ծախսված ֆինանսական միջոցների մասին։ Այս բացը հետո փորձեց ուղղել լրագրողներից մեկն իր հարցով, որին քաղաքապետը շատ լակոնիկ պատասխան տվեց. «Երեւան» հիմնադրամը հավաքել է շատ գումար, եւ այս ծախսերը բավականին շատ են» ու խոստացավ տոնակատարությունից հետո հաշվետվությամբ հանդես գալ մուտքերի եւ ծախսերի վերաբերյալ։

Տեղեկացվեց նաեւ, որ տոնին կմասնակցեն տարբեր քաղաքների քաղաքապետեր, արդեն նախնական պայմանավորվածության համաձայն Երեւան գալու ցանկություն են հայտնել Մոսկվայի, Կիեւի, Ժնեւի, Սարատովի քաղաքապետերը։ Նախնական տվյալներով հանդիսություններին մասնակցելու են շուրջ 1200 հոգի։ Երեք լեզուներով տպագրվելու է Երեւանի մասին նոր գիրք, թողարկվել է Էրեբունի-Երեւան կրծքանշան՝ զինանշանով։ Ի դեպ, ասուլիսի ընթացքում լրագրողներիս արդեն բաժանեցին այդ կրծքանշանից, իսկ քաղաքապետը հավանաբար «վախենալով», որ իրեն կրծքանշան չի հասնի՝ կամացուկ եւ ժպտալով «թռցրեց» սեղանի կրծքանշաններից մեկը։ Որքան էլ համաձայն էինք քաղաքապետի մտքի հետ, թե պետք է խոսել տոնի մասին, այդուհանդերձ, չկարողացա պրոբլեմատիկ հարց չտալ, քանի որ համոզված եմ, որ այդ պրոբլեմները վերանալուց հետո միայն երեւանցին կարող է վայելել տոները։

«Չե՞ք կարծում, որ Երեւանի ամենածայրամասային թաղամասը եւս Երեւան է, եւ համայնքներում բարեկարգման աշխատանքներ կատարելիս պետք էր ասֆալտապատել նաեւ Էրեբունի զանգվածի Ավանեսով փողոցը եւ նորոգել նույն զանգվածի խողովակաշարերը, որտեղից խմելու ջուրն անարգել հոսում է»,- հարցս ուղղված էր Էրեբունու թաղապետին, սակայն նրան կանխեց քաղաքապետը, նշելով, որ շատ է հավանում «Առավոտի» հումորը, ու նույնիսկ նախորդ օրը ասածին ու մեր հրապարակմանն ավելացրեց. «Ձեր թերթը գրել էր, որ համայնքի ղեկավարներին առաջին ջութակ եմ նշանակել, ոչ միայն առաջին ջութակ, այլ դիրիժոր էլ եմ նշանակում»։

Ինչեւէ, թաղապետը հայտնեց, որ Էրեբունի զանգվածը քաղաքի այն տարածքն է, որտեղ ոչ մի խողովակ մեկ տարուց ավելի չի դիմանում։ Ներկայումս, ըստ թաղապետի, կատարվում են 15 մլն ասֆալտապատման աշխատանքներ, եւ մինչեւ անձրեւները կփոխվեն խողովակները։ Վերադառնալով տոնին, նշեմ, որ քաղաքապետը շատ նորություններ էլ չցանկացավ հայտնել, թողնելով, որ դրանք անակնկալ լինեն Երեւանի եւ երեւանցու համար։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031