Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հրաժարականի պատմություն

Հոկտեմբեր 02,1998 00:00
gagik khachatryan

ՀՀ սոցներդրումների հիմնադրամի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարական տվեց։ Այս առիթով պրն Խաչատրյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց։

«Եթե այսպես շարունակվեր, մեր գործունեությունը կդառնար ինչպես մյուս պետական ստրուկտուրաների նման։ Այդ պատճառով, իմ այստեղ աշխատելը դառնում էր անիմաստ, որովհետեւ ես կմասնակցեի քանդելու այս չորս տարվա ընթացքում ստեղծածին։ Սա իմ անձնական կարծիքն է։ Հրաժարականը տրվել է բանավոր, մոտ 20 օր առաջ, հիմնադրամի խորհրդի նիստի ժամանակ։ Իսկ երկու շաբաթ առաջ հրաժարականը ներկայացվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին արդեն գրավոր ձեւով։ Մինչ երեկ որեւէ որոշում դեռեւս չէր եղել, թեպետ ֆինանսների նախարարը մի պահ փորձել է ասել մոտավորապես, թե՝ «ինչո՞ւ ես գնում»։

Ասուլիսից 30 րոպե առաջ, ինչպես ներկայացրեց Գագիկ Խաչատրյանը, ինքը հեռախոսային խոսակցություն է ունեցել Էդ. Սանդոյանի հետ, որն ասել է, թե սկզբունքային որոշումն ընդունված է։ Այս պաշտոնում հավանական թեկնածուների մասին հարցին (մասնավորապես շատ է շոշափվում Լեոնարդ Պետրոսյանի անունը) պրն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե Լեոնարդ Պետրոսյանը հավակնում է այդ պաշտոնին, միեւնույն ժամանակ չեմ կարծում, թե դա հնարավոր կլինի անել տեխնիկապես, որովհետեւ ՀԲ-ն ունի որոշիչ ձայն եւ եթե տնօրենի ընտրությունը չկատարվի շատ հստակ եւ բաց, ՀԲ-ն չի կարող արգելել նոր թեկնածուի նշանակումը, բայց եւ հաջորդ ծրագրի համար գումար չի հատկացնի»։

Իսկ Համաշխարհային բանկի կարծիքն այն է, որ բաց մրցույթ հայտարարվի։ Հայտնի է, թե մեզանում որքան փակ են անցկացվում բաց մրցույթները։ Այս պարագայում հարկավոր է մարդ, որը կկարողանա աշխատել ե՛ւ ՀԲ-ի, ե՛ւ կառավարության, ե՛ւ հիմնադրամի աշխատակազմի հետ։ Եվ մեծ ջանքեր կպահանջվեն նոր տնօրենից, եթե նա մտադիր է գործի մեջ մտնել առանց եղածը քանդելու։ Գագիկ Խաչատրյանին արդեն նոր աշխատանք է առաջարկվել («տաշած քարը գետնին չի մնա»), նա մեկնելու է Բուլղարիա, որտեղ նմանատիպ մի հիմնադրամ է ստեղծվում եւ պրն Խաչատրյանն այնտեղ կաշխատի որպես միջազգային խորհրդական։

Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը տարածաշրջանում առաջինն էր եւ հետագայում ստեղծված այլ երկրների (մոտ 12) նման հիմինադրամների վրա մեծ ազդեցություն է գործել։ Գագիկ Խաչատրյանն իր հրաժարականի եւ դրա դրդապատճառների հիմքում որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, ավելի ճիշտ, դա նախարարությունների (այսինքն կառավարությա՞ն) ոչ պրոֆեսիոնալ (ոչ արհեստավա՞րժ) աշխատանքի պատճառով է եւ բյուջեն լրացնելու ցանկությունը։ Իրադարձությունների այսպիսի եզրագծին նախորդել են մոտ հարյուրավոր ստուգումները, զննումները եւ այլն։ Հիմնադրամի շինարարների աշխատանքը ստուգել են 15 կազմակերպություններ։ Ստուգման հետեւանքում կազմված ակտը «անհեթեթություն» էր, ոչ շատ մեծ գումարների պատժամիջոցների սահմանումով եւ այլն։ Երկրի տնտեսությունը գնալով անկում է ապրում, պակասում են հարկատուները, իսկ բյուջեն ինչ-որ ձեւով հարկավոր է լցնել։ Եվ այլ ելք չի մնում, քան՝ բյուջեի բացերը լրացնել աշխատող մեկ-երկու կազմակերպությունների հաշվին։

Իմ կարծիքով, նաեւ սա է պատճառը, որ նորմալ աշխատող կառույցի ղեկավարը ստիպված է հրաժարական տալ։ Նոր եկողը կամ միայն «բյուջեն» պետք է լցնի եւ խաղաղ ապրի, կամ էլ, եթե դարձյալ պարկեշտ մարդ լինի, կփորձի աշխատել եւ հետո ստիպված կլինի ինքն էլ հրաժարական տալ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Սոցներդրումների հիմնադրամի աշխատանքին հետեւել եմ բավականին երկար, ինքս էլ մասնակցել եմ հիմնադրամի բազմաթիվ ավարտուն ծրագրերի հանձնմանը եւ հաստատ գիտեմ, որ մարդիկ այստեղ աշխատում են խղճի մտոք։ Թե ինչպե՞ս կաշխատի նոր տնօրենը, կտեսնենք։ Սակայն խոստանում ենք հիմնադրամի աշխատանքը պահել խիստ հսկողության տակ։ Հիմնադրամն այս պահին արդեն սկսել է մոտ 215 ծրագիր։ Դրանց մի մասն ավարտված են՝ մոտ 130-ը, մնացածն ընթացքի մեջ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031