Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՖԵՏԻՇԻԶՄԸ ՎԱՏ ԲԱՆ Է»

Հոկտեմբեր 02,1998 00:00
Samvel Gevorgyan

«Սամվել Գեւորգյանը շատ մտահոգ է իր պետության ընթացքի համար»

Քաղաքական գործիչներին սովորաբար հիշում ենք ոչ այնքան հաճելի առիթներով։ Մեզ թվաց, թե Սամվել Գեւորգյանի 50-ամյակը նրա հետ զրուցելու հաճելի առիթ կլինի։ Մինչդեռ…

– Հիսուն տարին չոքե՞ց դուռդ։

– Ես ժամանակն ընկալում եմ ապրելու իմաստով, երբ վերլուծում ես՝ ինչ ես արել։ Տխուր տարելից է, այն իմաստով, որ շատ բաներ եմ կիսատ-պռատ թողել։ Այս գիտակցությունը եթե ունենայի, ասենք, 30, 40 տարեկանում, 50 տարին կդիմավորեի մի քիչ ավելի ուրախ։ Բայց ես գիտեմ, որ ժամանակը պայմանական բան է, Աստված երեւի այդպես է ուզել. այն ինչ արել եմ՝ արել եմ, ինչ չեմ արել, հիմա պիտի մտածեմ, թե ինչ պիտի անեմ։ Հիմա, երբ հիսուն տարին չոքեց դուռս, դրանից հետո պիտի մտածես՝ ինչ պիտի անես, ինչպես պիտի անես։

– Ուրեմն ի՞նչ եք անելու այսուհետեւ եւ ինչպե՞ս։

– Քաղաքականության մեջ մխրճված մարդը ինչ-որ տեղ սահմանափակ է, ինչ-որ տեղ կուսակցական է, ֆանատիկ է։ Ես այդպիսին չեմ։ Բազում անգամներ ասել եմ, որ կուսակցություններն ընդհանրապես միջոց են ժողովրդի նպատակներն իրականացնելու համար, դրանք գործիք են, ոչ թե նպատակ։ Միշտ զարմացել եմ, որ մարդն այդքան անկատար է, այդ լույսը, որ իր մեջ կա չի գտնում։

– Հիմա դուք լույսի որոնումներո՞ւմ եք։

– Այո, ես լույսի որոնումներում եմ։

– Դուք ասացիք՝ ինչ եք անում, իսկ ինչպե՞սը։

– Դա բարդ հարց է։ Ինչպե՞ս անել. եթե դու ընդունես քո սխալները, քո մեղքերը, եթե ապաշխարես։ Մենք եթե այսպես ենք ապրում՝ այս արյունը, հիմարությունները, ողբերգությունները, մտածում ես՝ հանուն ինչի՞։ Ես քաղաքակիրթ Եվրոպան չեմ ընդունում. թքելու մրցումներ են կազմակերպում, վայրենի, արյունարբու ֆիլմեր են մեզ մատուցում։ Այդ դեպքում ես Թումանյանին եմ ընդունում։

– Որոշ լրագրողներ ասում են, որ ձեր՝ հեռուստապետկոմի նախագահ աշխատած ժամանակ իրենք շատ ազատ են եղել, ինչ ուզել՝ արել են։ Ինչպե՞ս է, որ այդպես ազատ էիք թողել։

– Ես չէի կարող փակող մարդ լինել։ Ինձ մեղադրում են, թե «Հայլուր»-ը փակեցի։

– Խոսքը ձեր ղեկավարելու, աշխատաոճի մասին է։ Դուք իսկապե՞ս ազատ էիք թողնում։

– Այո, ես ազատ էի թողնում, բայց ստեղծագործելու առումով պահանջկոտ էի։ Ես գրաքննությունը վերացրել եմ։

– Իսկ դժվար չէ՞ր պետական հեռուստատեսությունում ազատ աշխատելը։

– Դժվար էր։ Եվ ճնշումներ էին լինում, եւ ամեն ինչ։ Ես ծանր պահերին աշխատում էի մարդկանց հույս ներշնչել եւ ընդդիմանալ դրսի ճնշումներին։

– Ի՞նչ ճնշումներ են եղել։

– Կարող եմ ասել։ 1993թ. ձմռանը, երբ հացի վիճակը շատ վատ էր, մեր ռեժիսորի հետ գնացել ենք հայ-թուրքական սահման։ Այնտեղ հացի ընդունման կետում պարզվում է, որ ընդամենը մի քանի մետր երկաթուղու բացակայության պատճառով հացը չէինք կարողանում ընդունել։ Կառավարությունից զանգել-ասել էին, թե բավական է հացի մասին սուտ բաներ ասել։ Այսինքն՝ թաքցնում էին։ Դա ազգայի՞ն է, թե՞ ապազգային. հիմա կարելի է բառեր ասել։ Ես իմ մեղքերը ընդունում եմ։

– Ի՞նչ մեղքեր են, եթե գաղտնիք չէ։

– Այս տարիներին, երբ գիտես, որ մի բանը սխալ է, դու մի անգամ ասում ես այդ մասին ու լռում։ Դու պիտի պայքարես դրա համար, հետեւողական լինես։

– Ձեր պատմած՝ հացի դեպքի հարցում հետեւողական չե՞ք եղել։

– Այդտեղ ես հետեւողական եղա. գնացինք-տեսանք, հետո հաղորդումը եթեր գնաց։ Ես ճնշումներին չեմ ենթարկվում։

– Ձեր նկատմամբ այդ առթիվ միջոցներ ձեռք առնվեցի՞ն։

– Իհարկե։ Կառավարության մեղքով հեռուստատեսությունը մեկ օր չաշխատեց, ինձ դատի տվեցին։ Ես նախապես բոլորին տանջեցի-ասացի, որ երկրորդ գիծն անջատվել է եւ էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում հեռուստատեսությունը չի կարող աշխատել։ Երբ պարզվեց, որ իրենց մեղքն է, ես իրենց դատի տվեցի։

– Հեռուստատեսությունից դո՞ւք հեռացաք, թե՞ հեռացրին։

– Ինձ ասացին, որ կարծիքներ կան, որ վատ է հեռուստատեսության վիճակը։ Այդ ժամանակ ես հիվանդանոցում էի, նախագահը (ՀՀ – Ա.Գ.) ասաց, որ դուրս գալուն պես իմ վերանշանակման հրամանագիրը կլինի։ Մթնոլորտն այնպիսին էր, որ ես չէի կարող աշխատել։

– Մթնոլորտը՝ հեռուստատեսությունո՞ւմ։

– Ոչ, կառավարությունում։ Կային մարդիկ, որոնք մտածում էին (ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը – Սամվել Գեւորգյան), որ ես երեւի վատ եմ աշխատում, որովհետեւ, ասենք, «Հայլուրը» չփակեցի, անունը փոխեցի «Արցախ-ստուդիա», հետո «Օր 7-րդն» եղավ, հետո «Հայք» հաղորդում կար, ես չփակեցի։ Մարդիկ կային, որ պահանջում էին փակել, իսկ ես ասացի՝ ոչ։ Ես ամեն ինչի փակման դեմ եմ եղել։ Ես մրցակցության կողմնակից եմ։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»-ը շնորհավորում է Սամվել Գեւորգյանին եւ ներկայացնում նրա նոր բանաստեղծություններից մեկը։ Ճանճերի կյանքից Իմ կյանքը քննում է մի ճանճ. Ես իրեն ի՞նչ եմ արել։ Գիշերը անհանգիստ սավանս սահում է, Բացվում է հոգիս… Եվ նորից գալիս է այցի Այդ ճանճը, կպչում է նա ինձ, Ու երբ ննջում եմ, նստում է Նա իմ թաց վերքերին… Ուրիշին պահ տված իմ հոգու ցավից Ես վեր եմ թռչում. Իսկ ճանճերը այնքան են շատացել, Ինձանից չեն քաշվում, թառել են աչքերիս, Ուզում են մտնել ներս… Ես խփում եմ, փակվում են աչքերս, Մեղքերս էլի մնում են դրսում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031