Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՀԱՅՏ

Հոկտեմբեր 02,1998 00:00
Aleqsan Harutyunyan

Նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար 33-ամյա Ալեքսան Հարությունյանը զբաղեցնում է Հայաստանի նախկին փոխնախագահ Գագիկ Հարությունյանի առանձնասենյակը։ Երիտասարդ պաշտոնյան հեռուստառեպորտաժներում գրեթե միշտ Ռոբերտ Քոչարյանի կողքին է, վարչապետի կողքին՝ կառավարության նիստերը վարելիս։ Իր ունեցած հսկայական ազդեցությամբ նրան գրեթե «գորշ կարդինալի» դափնիներ են վերապահվում։ Չհամաձայնեց այս գնահատականի հետ. «Անկախ նրանից՝ կարդինալ է, թե ինչ՝ ես երբեք գորշ չեմ եղել։ Եվ եթե ես եմ ամենաշատը հանդիպում նախագահի հետ՝ դա դեռ չի նշանակում, որ նրա վրա ազդեցություն ունեմ»։

Անցած փուլ

Չհամաձայնեց նաեւ այն գնահատականիս հետ, թե բավական սրընթաց բարձրացավ պաշտոնեական աստիճաններով. «Ինձ թվում է, ընդհակառակը, շատ դանդաղ էր»։ Համեստությունը Ալեքսան Հարությունյանի արժանիքների շարքում վերջին տեղում չէ։ Ինչեւէ։ Ձախողվեց իր պաշտոնեական հաջողությունները «Հայլուրի» հետ կապելու, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան առաջին քարտուղարի պաշտոնն իբրեւ յուրօրինակ պատվավոր աքսոր ներկայացնելու փորձս։ Հիշեցրեց. նախ ՀՀՇ-ի լրատվական կենտրոնում իր աշխատելու փաստը եւ 1990-ի խորհրդարանական ընտրություններին իր «խիստ ակտիվ» մասնակցությունը։ «Նկատի ունեք Վանո Սիրադեղյանի վստահված անձ լինե՞լը»,- հարցիս պատասխանեց. «Ոչ միայն։ Ես շուրջ 15 հոգու վստահված անձն էի։ Ի դեպ, բոլորն էլ ընտրվեցին»։

Մինչեւ «Հայլուրը» ղեկավարելն աշխատել է կառավարությունում։ Ընթացքում ասպիրանտուրան է ավարտել, իսկ «Ամերիկահայ արձակը 1920-30-ական թվականներին» թեմայով թեկնածուական թեզը պատրաստ էր, բայց այն պաշտպանելը ստորադասեց Ֆրանսիայում Հայաստանի շահերը պաշտպանելուն (ի դեպ, Նանա Սահակյանցի հետ ամուսնությունից ծնված տղան՝ 3-ամյա Դանիելը ֆրանսահպատակ է, քանզի բախտ էր ունեցել Փարիզում լույս աշխարհ գալու)։ «Ճիշտն ասած, «Հայլուր» անունն արդեն ինձ զզվեցրել է,- իր դիվանագիտական գործունեությունը նորից «Հայլուր»-ից հրաժարվելու «փրկագին» ներկայացնելու փորձիս ի պատասխան ասաց Ալեքսան Հարությունյանը։- Չեմ կարծում, թե իմ կյանքում «Հայլուրը» ճակատագրական դեր է խաղացել՝ ընդամենը մի դրվագ էր, որը հաճելի է հիշել։ Ոչ ավելին»։

Զրուցակցիս առավել ամբողջական ներկայացնելու համար նշեմ, որ «Հայլուրի» փակվելու եւ Ֆրանսիա մեկնելու «արանքում» Հայաստանում շուրջ 8 ամիս ամերիկյան մի ընկերության Հայաստանի գրասենյակի տնօրեն էր աշխատել. «Զբաղվում էինք Հայաստանի եւ նախկին խորհրդային շուկաներում «շոու» եւ տեղեկատվական բիզնեսի ուսումնասիրման, մարքեթինգի աշխատանքներով»։ Հրաժարվեց նշել այն մարդու անունը, որն իրեն երաշխավորել կամ հովանավորել էր այս աշխատանքին անցնելու համար. «Նույն մարդն է, որը եւ ֆինանսավորում էր «Հայլուրը»։ Նրա անունը ձեզ ոչինչ չի ասի։ Ահագին ժամանակ է անցել, եւ իմաստ չունի մի նոր, հետաքրքիր անուն լրագրողների բերանը գցել»։

Եվս 8 ամիս նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պարտականություններն էր կատարել. «Շատ բաներ, որ այժմ հասկանում եմ՝ որոշակիորեն այդ շրջանին եմ պարտական։ Լավ դպրոց էր»: Անցյալի վերջին երկու հանգրվանները՝ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար՝ ներկայացնելուց հետո էլ տանք այս շրջանի համար ամփոփիչ հարցը. «Արձանագրե՞նք, որ նախկին իշխանություններին մաս եք կազմել»։ «Երեւի դժվար է ասել, թե նախկին իշխանությունների հարազատ մասն եմ կազմել՝ ՀՀՇ անդամ չեմ եղել, բայց 1988-ից սկսված այս իրադարձությունների համար պատահական մարդ չեմ,- պատասխանեց Ալեքսան Հարությունյանը։- Եվ ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք գտնում են, թե 1990-ից մինչեւ 1998-ի փետրվարն ինչ արվել է՝ միայն վատ է եղել ու վնաս մեր ժողովրդին»։

Ներկա փուլ կամ լուրեր այդ մասին

Աշխատակազմի ղեկավարի պարտականությունը նախագահի գործունեության ապահովման համար պայմաններ ստեղծելն է։ Իր այս եւ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատարի պաշտոնների բերումով ազդեցություն ունի՞ վարվող, ասենք, կադրային քաղաքականության վրա. «Չնայած դա նույնիսկ իմ պարտականությունների մեջ է մտնում, բայց կադրային ակտիվ փնտրտուքներով տառապող մարդ չեմ։ Երբեմն իմ կարծիքն եմ հայտնում այս կամ այն թեկնածուի վերաբերյալ, բայց չեմ փորձում «քիթս» շատ այդ ոլորտը «խոթել»,- Ալեքսան Հարությունյանը անիմաստ համարեց նշել այն պաշտոնյաների անունները, որոնք իր դրական կարծիքի շնորհիվ են նաեւ նշանակման արժանացել. «Չեմ կարծում, թե իմ ասածը որոշիչ նշանակություն է ունեցել»։ Սակայն նրա վճռորոշ ազդեցության, գրեթե բոլոր (եւ հատկապես տեղեկատվության ոլորտի) խնդիրներին միջամտության վերաբերյալ ասեկոսեները բազմաթիվ են։ Ասենք, քաղաքական գործիչներից մեկը պնդում էր, թե նախկին իշխանավորների նախասիրած մի պանդոկից Ալեքսան Հարությունյանն ամեն շաբաթ հանգամանալից տեղեկություններ է ստանում՝ ով եկավ, ինչ խոսեցին…

Զրույցի ընթացքում էլ թերահավատություն հայտնեցի անկեղծ պատասխանի հնարավորության վերաբերյալ։ «Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների՝ ես երբեւէ չեմ եղել ո՛չ պետանվտանգության գործակալ, ո՛չ էլ՝ ղեկավար։ Այնպես որ, նմանօրինակ զեկուցագրեր չեմ սիրում, եւ ուրիշի անձնական գործերի մեջ «քիթ խոթելուց» զզվում եմ»։ Հարցիս մյուս հատվածը որոշակիացրի, խնդրելով ճշտել, թե արդյոք միջամտո՞ւմ է, ասենք, հեռուստատեսության աշխատանքներին։ «Դե, կարող եք հետաքրքրվել «Հայաստանի հանրապետության» եւ պետական որեւէ այլ լրատվամիջոցի խմբագրից, թե վերջին անգամ երբ են ինձ հետ խոսել։ Նախագահական ընտրություններից հետո ես հեռուստատեսության ու մամուլի հետ աննշան, շատ քիչ առնչություն եմ ունեցել։ Իսկ ընտրությունների ժամանակ իսկապես շատ ակտիվ եմ եղել այդ հարցերում, քարոզչությանը իմ օրվա 80%-ն եմ հատկացրել։ Եվ շատ բաներ, որ սրան-նրան եք վերագրում՝ իրականում իմ մտահղացումներն են»։

Առավել չանկեղծացավ։ Որոշակի լուրեր կան նաեւ Ալեքսան Հարությունյանի «ազդեցության գոտիների» մասին՝ բանկեր, օդանավակայան. «Անձնական որեւէ հարստություն չունեմ։ Համենայնդեպս, որեւէ բան չի ավելացել, որ առաջ չկար,- հերքեց նա։- Իսկ եթե համադասարանցի ունեմ, որը բանկի կառավարիչ է արդեն 10 տարի՝ չի նշանակում, որ դա իմ ազդեցության հետեւանքն է»։ Մերձիշխանական շրջանակներում վաղուց էին աշխատակազմի ղեկավարի խոսքից մեջբերումներ փոխանցվում «Առավոտի» վերաբերյալ, եւ այս առիթն օգտագործելով առաջարկեցի, որ իր բացասական հույզերն ու նկատառումները հրապարակավ արտահայտի։ «Նախ թերթի դեմ չեմ խոսել։ Ես «Առավոտի» խմբագրի դեմ եմ խոսել։ Դրանք տարբեր բաներ են։ Ես այժմ էլ համարում եմ, որ «Առավոտը» եղած թերթերի մեջ ամենահետաքրքիրն է, բայց մեկ այլ խնդիր կա, որ փոքր-ինչ կոպիտ ձեւով հեռուստատեսությամբ եմ ասել։ Չի կարելի դեռեւս փողկապ ճիշտ կապել չիմանալով, լավագույն կերակուրը խաշը համարելով՝ փորձել այնպիսի բաներ ձեռնարկել, որոնք ամենազարգացած արեւմտյան երկրներում շատ քիչ թվով մարդիկ են անում, եւ անգամ այնտեղ է դա վատ ընկալվում։ Երբ «բարցովկաներով» եւ դեղին սվիտերով Փարիզում փորձում ես ռեստորան մտնել՝ չի կարելի փորձել Փարիզի «դեղին» թերթերի պես թերթ սարքել։ Այս է»։

Անընդհատ Փարիզի օրինակն էր բերվում եւ «Առավոտի» գլխավոր խմբագրի վերաբերյալ ինչ-ինչ տվյալներ հրապարակելու սպառնալիքներն էլի այդ քաղաքին էին առնչվում։ Այն հարցին, թե նման «դոսյեներ» շա՞տ անձանց «վրա» է հասցրել հավաքել, Ֆրանսիայի դեսպանատանն աշխատելու ընթացքում, այս պատասխանը հետեւեց. «Ես ձեր խմբագրի վրա էլ «դոսյե» չունեմ եւ երբեք նման բան չեմ սպառնացել։ Կյանքում պահեր են լինում, որոնք նա հետո տհաճությամբ ես հիշում։ Իհարկե, կարելի է այդ բաները քաղաքական նպատակներով օգտագործել, բայց ես նման մարդկանց թվին չեմ պատկանում»։

Ով ով է

«Ձեզ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք» հարցին Ալեքսան Հարությունյանը պատասխանեց. «Ստիպված եմ։ Ընդ որում, վաղուց»։ Առարկեցի, թե դա որեւէ կերպ չի դրսեւորվում, հրապարակավ տեսակետներ չի արտահայտում. «Սա ներկա պաշտոնիս հետեւանքն է։ Նախագահի աշխատակազմի ղեկավարն այն պաշտոնյան չէ, որ շատ կարծիքներ հայտնի։ Եվ ես մինչ այս հարցազրույցն ավելի քիչ ելույթներ էի ունենում, քան կարելի էր»։ Ալեքսան Հարությունյանը բավական աղմկոտ բեմել նախապատրաստեց իր համար։ Ճիշտ է, թիրախներ ընտրելու հարցում բոլորովին օրիգինալ չէ՝ կրկնում է Քոչարյանին, բայց քննադատության ուժգնության առումով համեմատության եզր անգամ չկար։ Համոզվեք ինքներդ մեր զրույցի հետեւյալ պատառիկներից։

Արշակ Սադոյանի մասին. «Նա ունիկում է մեր քաղաքականության մեջ։ Սա ուղղակի դիագնոզ է, չի կարող չխոսել»։ Էդուարդ Եգորյանի մասին. «Նրան Ֆրանսիայի խորհրդարանից մեկը շատ լավ բնութագրեց 1995-ին. «Երբ ձեր իշխող կուսակցության խոհրդանիշը եւ ԱԺ կերտողն Էդիկ Եգորյանն է՝ Դուք «ասիական խավարից» բացի այլ երկիր կոչվելու իրավունք չունեք»։ Այսօր նա մոլորության մեջ է, թե «հայ-հայ» գոռալով հաջողեցնելու է իր 5 ձայները 100 սարքել։ Ոչ իր կուսակցությունը, ոչ էլ անձամբ ինքը քաղաքական այդքան հեղինակություն չունի, որ նույնիսկ կարողանա հաջորդ ԱԺ-ում ընտրվել՝ «շանս» չունի։ Նույն Էդիկ Եգորյանի մասին լուրեր էին պտտվում, թե նա ցուցակով կաշառք վերցնելով էր դատավորներ ու դատախազներ նշանակում։ Եվ այս լուրերը փողոցում չեմ լսել»։

Վահագն Խաչատրյանի մասին. «Ես համաձայն եմ այն կարծիքին, որ նրա մասին ուներ լուսահոգի Համբարձում Գալստյանը։ Վահագն Խաչատրյանին Լեւոն Տեր-Պետրոսյանն աշխատանքից ազատելով, իմ կարծիքով, փրկեց քրեական պատասխանատվությունից»։ Դավիթ Շահնազարյանի մասին. «Սա մի այլ դեպք է… Ինձ թվում է, նրան պետք է ուղղակի գուրգուրանքով վերաբերվել, որ շատ չհուզվի»։ «Ինչքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ փորձում էինք, որ որոշ մարդկանց արեւմտյան որեւէ երկրում ինչ-որ մեկը գոնե հանդիպի՝ մերժում էինք ստանում: Հիմա այդ մարդիկ ամենից շատ են խոսում Հայաստանի արտաքին քաղաքական մեկուսացվածության մասին։ Այսինքն՝ սրանք մարդիկ են, ովքեր իրենց պաշտոնավարման ընթացքում ամենամեծ դերն են խաղացել Հայաստանի իմիջի փչացման համար։

Երբ Ռոբերտ Քոչարյանը զբաղված էր Ղարաբաղում մեր ժողովրդի պատմության մի հատվածը կռելով՝ շատ մարդիկ այստեղ զբաղված էին թալանով։ Եվ դրանք ընդհանրապես խոսելու իրավունք չունեն։ Եթե Հայաստանի դատաիրավական համակարգն այնպիսին է, որ դրանք դեռեւս բանտում չեն հայտնվել՝ դեռ չի նշանակում, որ պիտի քաղաքական հայտարարություններ անեն։ Իհարկե, դրանց ասածները ժողովրդի վրա որեւէ ազդեցություն չունեն։ Այն մարդիկ չեն, որոնց նկատմամբ հասարակական համակրանք կա»։ Նույն տրամաբանությամբ Ռոբերտ Քոչարյանն էլ չպիտի քննադատի Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ 1996-ին հրապարակայնորեն պաշտպանե՞լ էր նրան. «ԼՂՀ նախագահը բնականաբար չէր կարող չպաշտպանել Հայաստանի նախագահին։ Ազգային ռազմավարական շահերը շատ ավելի վեր են, քան այն հարցը, թե 1996-ի ընտրություններում ով կընտրվեր։ Այսպես եմ կարծել եւ՛ այն ժամանակ, եւ՛ այժմ»։

Քանի որ Ալեքսան Հարությունյանն անվարան ճշտեց իրեն առնչվող լուրերը, փորձեցինք նաեւ մեկնաբանություններ ստանալ համապետական հնչեղության ամենատարբեր «ասեկոսեների» վերաբերյալ՝ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանավորների փոխհարաբերություններում առկա լարվածության, ՏՐԱՍԵԿԱ-յում վարչապետ Արմեն Դարբինյանի չորս առաջարկների մերժման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների մոտեցումներում թարմ ու դրական միտումների, Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի փոխհարաբերությունների, եւ այլ շատ հարցերի վերաբերյալ, որոնք կներկայացնենք վաղը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031