Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցերը պիտի լուծի Հայաստանը

Հոկտեմբեր 02,1998 00:00
Ifes

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության նախաձեռնությամբ այսօր աշխատանքը կսկսի ՀՀ ընտրական օրենսգրքի հիմնադրույթների քննարկմանը նվիրված խորհրդաժողովը։ Հրավիրված են բազմաթիվ հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք այս կամ այն չափով շահագրգիռ են Հայաստանում ընտրական համակարգերի կայացմամբ եւ դրանց թափանցիկությամբ։ Խորհրդաժողովին կմասնակցեն նաեւ Վաշինգթոնից ժամանած մասնագետներ՝ ԸՀՄՀ-ի ընտրողների գրանցման հարցերի խորհրդատու Ջո Ք. Բաքսթերը եւ իրավախորհրդատու Դեն Մաք Գրորին։ Մեր առաջին զրուցակիցը IFES-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Կառլոս Ա. Գերրերոն էր։

-Խորհրդաժողովի նպատակն ընտրական օրենսգրքի նախագծերի հեղինակներին իրենց տարբերակները ներկայացնելու եւ նրանցից բացի, ընտրություններին առնչվող բոլոր կազմակերպություններին, անկախ նրանց կարգավիճակից, ընտրական օրենսգրքի դրույթների վերաբերյալ սեփական նկատառումներն արտահայտելու հնարավորություն տալն է։ Պետք է ասեմ, որ հրավիրված են նաեւ մարզային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները, որոնք հենվելով իրենց սեփական փորձի վրա անպայմանորեն ասելիք կունենան խորհրդաժողովում։ Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք խորհրդաժողովի նշանակությունը կարեւորում եմ եւ սպասելիքներ ունեմ այդ ֆորումից։ Նպատակ ունենք նոր հնարավորություն տալ, որպեսզի շարունակվի ընտրական օրենսգրքի նախագծերը մշակող խմբի միջեւ տեղի ունեցող երկխոսությունը։ Մենք շատ ենք կարեւորում այդ հանգամանքը, ինչը հնարավորություն կտա կարելիի չափ մոտեցնել տեսակետները, գնալ փոխզիջումների։

Հույս ունեմ, որ այդ երկխոսությունն անպայմանորեն կառուցողական բնույթ եւ ստեղծագործական ընթացք կունենա, ինչի արդյունքում հնարավորություն կընձեռնի ստեղծել այնպիսի ընտրական օրենսգիրք, որը կատարելագործված կլինի եւ կիրառելի՝ ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու համար։ Դա շատ կարեւոր է այսօրվա Հայաստանում, ինչը, կարծում եմ, կլինի ի շահ ողջ հայ ժողովրդի։

Ջո Ք. Բաքսթեր

– Ամենաէականը, որ զգացել եմ նախորդ օրերին ունեցած մեր հանդիպումների ժամանակ, այն է, որ բոլոր նախագծերի հեղինակներն էլ հակված են իրենց տարբերակների կատարելագործմանը։ Այն պրոբլեմներն ու խնդիրները, որոնք Հայաստանում ծառացել են ընտրական համակարգի առջեւ, լուծման կարոտ են։ Որոշ դրույթներ կատարելագործելու կարիք, իրոք, զգացվում է։ Մեր առաքելության նպատակն էր՝ հանդիպել բոլոր նախագծերի հեղինակներին եւ փորձել օգտակար լինել նրանց՝ տեխնիկական, սակայն ոչ քաղաքական օժանդակություն ցույց տալով։ Մենք նրանց ներկայացրինք միջազգային չափանիշները, օրինակներ բերեցինք տարբեր երկրների ընտրական օրենքների փորձից։

Պետք է ասեմ, որ չկա որեւէ կատարյալ ընտրական սիստեմ։ Մենք մտադիր ենք վաղվա խորհրդաժողովում քննարկման սեղանին դնել տարբեր երկրների ընտրական համակարգերի լավագույն փորձը եւ ընտրական օրենսգրքի նախագծերի հեղինակների հետ վերլուծել, թե այն որքանով է կիրառելի Հայաստանում։ Դա այն է, ինչն IFES-ն է ուզում եւ բոլոր տարբերակների հեղինակները։ Մեզ շատ են հարցնում, թե որ համակարգն է ավելի նպատակահարմար կիրառել՝ մեծամասնակա՞նը, թե՞ համամասնականը։ Արտասահմանցուն դժվար է այդ հարցին պատասխանել։ Դա այն խնդիրն է, որը պետք է լուծվի իշխանությունների եւ ժողովրդի կողմից։ Այդ հարցի պատասխանը հնարավոր է գտնել երկխոսության եւ փոխզիջման արդյունքում։

-Իսկ որ Պարույր Հայրիկյանն ասում է, թե մեծամասանական ընտրահամակարգը բոլշեւիկյան է, որը կիրառվում է նաեւ ԱՄՆ-ում…

-Մենք հարգում ենք նրա կարծիքը։ Դեն Մաք Գրորի- Շատ դժվար է պատասխան տալ այստեղ մեզ հաճախ տրվող հարցին, թե մենք ինչ տեսակետ ունենք ընտրական օրենսգրքում վիճարկման առարկա դարձած երկու հարցերի՝ հանձնաժողովների կազմավորման եւ համամասնական-մեծամասնական մանդատների բաշխման վերաբերյալ։ Մեր կազմակերպությունը ձգտում է խորամուխ չլինել քաղաքական հարցերի մեջ, իսկ դրանք քաղաքական հարցեր են։ Ուստի՝ մեր կազմակերպությունը չի կարող նշյալ խնդիրների վերաբերյալ իր տեսակետն արտահայտել։ Իմ գործընկեր Ջո Բաքսթերը ճիշտ նշեց, որ մենք ձգտում ենք առավելապես տեխնիկական հարցերում համագործակցել։ Դրա կողքին, կարող եմ ասել, որ ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական սկզբունքները տարբեր երկրներում բավականին հաջող կիրառվում են, եւ Հայաստանը պետք է որոշի, թե դրանց սինթեզի որ չափն է իրեն հարմար գալիս։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031