Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱ՜Յ, ՄԵՐ ՄԱՀ-Ը ԵԿԵԼ Է

Հոկտեմբեր 01,1998 00:00
ashxarh

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը արժեքների վերագնահատման փուլ է մտել։ Ճգնաժամ ապրող երկրներն առաջինը հիշեցին Միջազգային արժութային հիմնադրամին։ Համապատասխան բառերով։ Իսկ հետո սկսվե՜ց…

Էլ գող փիսո՜, էլ քաչալ շո՜ւն

Տպավորությունն այնպիսին է, թե բոլորը միանգամից արթնացան ու հիշեցին, որ Միջազգային արժութային հիմնադրամն իր գործունեությունը սկսել է Աֆրիկայից։ Այդ աշխարհամասի երկրների տնտեսական վիճակի նկարագրությունը ավելորդ գործ է՝ բոլորին է հայտնի։ Աֆրիկյան երկրների մի մասը մինչեւ այսօր էլ միջազգային հումանիտար (պարենային) օգնության հույսին է։ ՄԱՀ-ը վերջին տարիներին հպարտանում էր Լատինական Ամերիկայում եւ Ասիայում իր ծավալած գործունեությամբ։ Նրա թեթեւ ձեռքով ու թանկարժեք խորհուրդ-պարտադրանքներով մի քանի երկրում տնտեսական աճ էր արձանագրվում։ Արձանագրվում էր մինչեւ անցյալ տարի, իսկ այս տարվանից խառնաշփոթ է։ Կամ ամենասովորական տնտեսական ճգնաժամ։

ՄԱՀ-ի աշխատանքների, նրա կիրառած մեթոդների նկատմամբ թերահավատ վերաբերմունք միշտ էլ եղել է։ Այս հիմնադրամի հետ համագործակցող բոլոր երկրներում էլ որոշ մասնագետներ եւ քաղաքական ուժեր քննադատել են նրա առարկություն չներող գործելաոճը։ Սակայն այդ քննադատությունները միշտ էլ լռեցվել են։ Լռեցվել են քաղաքական որակումներով։ ԱՊՀ տարածքներում ՄԱՀ-ի գործելաոճի քննադատության համար մասնագիտական ու քաղաքական արիություն էր պետք։ Քննադատները միանգամից «աջ» կամ «նեոկոմունիստ» էին որակվում։ Հետագա բոլոր հետեւանքներով։ Այսօր, սակայն, պատկերը փոխվում է։ ՄԱՀ-ի գործունեության արդյունքներից արդեն բոլորն են բողոքում։ Հիմնադրամին քննադատեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իսկ հիմնադրամի նախագահին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Իհարկե, նայիվ է կարծելը, որ աշխարհի մեծերը հենց նոր հասկացան ՄԱՀ-ի գործունեության թերությունները։ Պարզապես մասամբ այդ կազմակերպության պատճառով տնտեսական աննախադեպ ճգնաժամ է ապրում Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանին՝ իր սպառազինությամբ ու ատոմային տնտեսությամբ, Աֆրիկայի կամ ուրիշ տարածաշրջանի հետ չես համեմատի։

Բանը հասա՞վ դիվանբաշուն

Ռուսաստանյան ֆինանսական ճգնաժամի ծավալները տնտեսական ղեկավարներին թույլատրեցին «անհետեւանք» քննադատել միջազգային ֆինանսական կազմակերպություններին։ Եվ այդ քննադատության ընթացքում պարզվեց, որ պրոբլեմները համարյա ընդհանուր ու նույնական են մերոնց հետ համեմատած։ Ռուս տնտեսագետների բնորոշմամբ, իրենց երկիրը թմրամոլի նման նստել է ՄԱՀ-ի ասեղի վրա եւ ապրում է ֆինանսական տրանշ-դոզայից դոզա։ Սակայն անգամ այս պարագայում միջազգային ֆինանսական կազմակերպությունները հայտարարում են, որ վարկային միջոցներ կտրամադրվեն միայն այն ծրագրերի գծով, որոնք կարժանանան Արեւմուտքի հավանությանը։ Ռուսական ստուգող կազմակերպությունները մի քանի «մերկացնող» փաստեր հրապարակեցին որպես պատասխան։ Ռուսաստանին տրվող վարկերի մեջ մեծ գումարներ են հաշվարկված արտասահմանյան խորհրդատուների համար։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանին տրվող վարկերում։

Հայաստանում ժամանակին հայտնի դարձավ, որ բրիտանական «Սկադեն» կազմակերպության օտարերկրյա երկու խորհրդականներից մեկին վճարվել է 103209 դոլար աշխատավարձ։ Սակայն, եթե Հայաստանում հնարավոր չեղավ պարզել խորհրդականի անունը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը արտասահմանյան խորհրդատուներին հիշեց անուն առ անուն։ Օրինակ, նշվեց, որ ոմն ամերիկացի Վիլյամ Կրաուզե 470 հազար դոլար աշխատավարձ է ստացել։ Ակնհայտ է, որ համեմատական իմաստով մերոնք շատ ավելի առատաձեռն են եւ ավելի շատ են վճարում արտասահմանցիներին։

Ռուսաստանում ընթացող պրոցեսներից դատելով, Պրիմակովի կառավարությունն ավելի «չոր» է լինելու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցություններում։ Նրանց հետ բանակցությունների համար Ռուսաստանում միշտ էլ «ընտրում» էին Արեւմուտքի համար ընդունելի կերպար։ Պրիմակովն էլ նույն կերպ սկսեց՝ այդ գործը Ալեքսանդր Շոխինին վստահելով։ Իսկ հետո հաշվի չառավ վերջինիս կարծիքը ֆինանսների նախարարի նշանակման հարցում։Փաստորեն, Ռուսաստանում գոնե առժամանակ ավարտվում է ամեն գնով Արեւմուտքին սիրաշահող երիտասարդ բարեփոխիչների ժամանակը։ Սա առժամանակ կդանդաղեցնի վարկային տրանշներ ստանալու գործընթացը։ Բայց Պրիմակովի կառավարությունը ֆինանսների ներքին լուրջ աղբյուր է գտել։

Ալկոհոլի արտադրությունը

Ռուսաստանում պետության մենաշնորհ է հայտարարվել։ Սպիրտի ներկրումով այսուհետ պետական կազմակերպություններն են զբաղվելու։ Իսկ օղու արտադրությունը կազմակերպվելու է միայն այն գործարաններում, որոնց հսկիչ ծրարը պետության ձեռքում է։ Ըստ փորձագիտական տվյալների, միայն անցյալ տարի օղու արտադրության ստվերային ծավալը կազմել է 1 մլրդ 400 մլն լիտր։ Նոր կառավարությունը հայտարարել է, որ նվազման ուղղությամբ վերանայվելու է հարկային քաղաքականությունը։ Այս քայլերը բյուջետային լուրջ միջոցներ են խոստանում եւ կապահովեն նաեւ ֆինանսական «անկախություն» Ռուսաստանի կառավարության համար։ Ակնհայտ է, որ Ռուսաստանում հաղթահարվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության վարդագույն՝ չպատճառաբանված «հորթային» հրճվանքի փուլը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031