Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՐԵՎԱՑՈՂ, ՎԱՐԿԱՆԻՇԸ ՉԱՎԵԼԱՑՆՈՂ ԵՎ ԳՐԵԹԵ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՇԽԱՏԱՆՔ

Հոկտեմբեր 01,1998 00:00
Davit Vardanyan

«Շատ անգամ ինձ թղթակիցներն ասում են. «Պատմեք, թե ընդունելության ժամանակ մարդիկ ձեզ ի՞նչ խնդրանքներով են դիմում»։ Է, դուք եկեք նրանց հետ զրուցեք։ Տեսեք, թե ինչ բողոքներ ունեն, մեզնից դժգոհո՞ւմ են, թե՞ չէ։ Ինչպե՞ս ենք վերաբերվում աշխատանքին, արդյոք, եթե նրանք արդար են՝ աշխատո՞ւմ ենք նրանց օժանդակել, թե՞ ոչ։ Այսինքն, դուք շփվեք նրանց հետ՝ ինչո՞ւ պիտի իմ ասածներով այդ ամենի մասին տեղեկանաք»։

Մեր վերջին հարցազրույցում նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Վարդանյանի այս յուրօրինակ հրավերն էլ առիթ դարձավ, որ փորձենք ներկա գտնվել սեպտեմբերի 29-ին նրա կազմակերպած ընդունելությանը ( ի դեպ, Դավիթ Վարդանյանն ընդունելություն է կազմակերպում ամեն երեքշաբթի եւ ուրբաթ՝ ժամը 15-17-ը)։ Ընդունելությունից առաջ «Վերահսկողական ծառայությունից սպասելիքները, մանավանդ իմ նշանակումից հետո, շատ մեծ են։ Իսկ մեր ուժերն ու հնարավորություններն այդ սպասելիքներին չեն համապատասխանում։ Սուտ կլիներ, եթե ասեի, որ ինձ աշխատելու հնարավորություն չեն տալիս։ Դեռ այդպիսի դեպքեր չեն եղել։ Կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի։ Խոչընդոտները, դժվարություններն առայժմ զուտ տեխնիկական բնույթի են»,- Դավիթ Վարդանյանն այս ամենն ասում էր իր առանձնասենյակում, որտեղ խոնավության ուժեղ հոտը տիրապետող էր։

Զրուցելու համար էլ ստիպված էր ժամանակավորապես դուրս հրավիրել այստեղ աշխատանքային ապաստան գտած վերահսկողական ծառայության երեք ներկայացուցիչների։ «Տեղ չկա,- արդարացավ Դավիթ Վարդանյանը։- Նոր մարդկանց ենք ընդունել աշխատանքի, որոնց այսօր ստիպված էի տուն ուղարկել, քանի որ նստելու տեղ չկա»։ «Մենք հիմա մի հսկայածավալ աշխատանք ենք կատարում, որ հասարակության համար շատ դեպքերում անհայտ է մնում, անդրադարձ չի ունենում՝ առանձին քաղաքացիների դիմում-բողոքներին հետեւելն, ընթացք տալն ու արդարությանը հետամուտ լինելն է»։ Դավիթ Վարդանյանը հարկ համարեց նաեւ անլուծելի խնդիրներին անդրադառնալ. «Շատ անգամ մարդիկ արդար են լինում, բայց իրավական տեսակետից փակուղու ենք դեմ առնում։ Այդ դեպքում գոնե փոխզիջումային եղանակներ եմ փորձում գտնել, հաշտարար դատավորի դեր եմ կատարում։ Մի քանի անգամ հաջողվել է այսպիսով խնդիրներ լուծել։ Բայց շատ դեպքերում, երբ օրենքը դիմողների կողմն է, եւ իրավական տեսակետից ներազդելու հնարավորություն կա՝ այո՛, փորձում ենք օգնել»։

Ընդունելության ընթացքում Դավիթ Վարդանյանը հարմար չգտավ, որ ներկա գտնվեմ բուն ընդունելությանը, համարելով, թե թղթակցի ներկայությունը գուցե կաշկանդի մարդկանց։ Սակայն մինչ նա իրավաբանների ներկայությամբ փակ դռների հետեւում զրուցում էր այցելուների հետ՝ ընդունարանում սպասող քաղաքացիները մոտենում եւ իրենց ցավ ու դարդն էին պատմում ինձ, գուցե այն միամիտ հույսով, որ թերթի հրապարակումն ինչ-որ արդյունք կունենա։ Հարկավոր է անհրաժեշտ վերապահում անել, որ հետագա բոլոր փաստերը միայն մի կողմին լսելով են շարադրված, եւ բացառված չեն միակողմանի մեկնաբանությունները։ Այդպես էր եղել հացադուլավոր Լաուրա Իսախանյանի դեպքում, որն ուղղակի շատ հարցերում թյուրիմացության մեջ էր գցել «Առավոտին»։ Ասվածի ապացույցը նախագահի աշխատակազմի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչ Մարգարիտա Ազարյանի ներկայացրած փաստաթղթերն էին։ Այդ մասին նախապես նաեւ զգուշացրել էր եւ Դավիթ Վարդանյանը. «Ոչ միշտ է, որ բողոքողները ճիշտ են։ Ասենք, Լաուրա Իսախանյանը որոշ հարցերում ճիշտ է, որոշ հարցերում՝ ոչ։ Նրա գործը շատ խճճված է։ Բայց մենք փորձել էինք նրան օգնել, որ գոնե նպաստի հարցերը լուծվեն»։

Ինչեւէ, բաժնի աշխատակից Աիդա Ասատրյանի վկայությամբ, այս ընդունելությունը բավական խաղաղ էր։ Շուրջ երեք տասնյակ մարդիկ էին հավաքված։ Մարգարիտա Ազարյանն ինձ խորհուրդ տվեց նախ Միշա Թումանյանի հետ զրուցել (Աբովյանի մի գյուղի բնակիչ էր), որի գործն իրոք բավական արտառոց էր։ 1992-ին նրա եւ եղբոր միջեւ գործող օրենսդրության դրույթների պահպանմամբ նվիրատվության պայմանագիր էր կնքվել սեփական տան վերաբերյալ։ Մեկ ամսվա ընթացքում այդ պայմանագիրը պիտի գրանցվեր գյուղական խորհրդում։ Չէր գրանցվել։ 1997-ին մյուս կողմը դատարան էր դիմել եւ գործը նրանց օգտին էր լուծվել։ Հնարավոր բոլոր ատյաններին ապարդյուն դիմելուց հետո հասել էին նախագահի վերահսկողական ծառայություն, սակայն առայժմ էլի դատախազությունն անարձագանք էր թողել դիմումը։

«Այստեղ նույնիսկ զարմանում են, իրավաբաններն ասում են, որ նման բան հնարավոր չէ։ Հիմա չգիտենք, դատախազությունն ի վերջո կպատասխանի՞, թե՞ ոչ»,- արդեն ամեն ինչի համակերպված, հանդարտ ասում էր Միշա Թումանյանը։ Իհարկե, զարմանալու ընդունակությունը կարելի է կորցնել, երբ ասենք, ականատես ես դառնում նման փաստերի. «Դատախազության քաղաքացիական գործերի բաժնի վարիչ Լեւոն Ավետիսյանին էինք դիմել, որ մեր գործի վարույթը հանձնեն այլ դատախազի՝ Սոս Հունանյանի փոխարեն։ Մեր այդ դիմումը նույնպես մակագրել էին Սոս Հունանյանին, որը կողմնակալ է եւ ինքն իրեն չի կարող հերքել 3-4 անգամ մեր գործին անդրադառնալուց հետո»։

Ինչ խնդիրներով ասես, որ չէին եկել Դավիթ Վարդանյանի ընդունարան։ Փոքր-ինչ ավելի բարձր հնչեղություն թերեւս ունի Չարենցավանի 23 փոքր օբյեկտների սեփականատերերի արծարծած խնդիրը, որի առումով մի բազմակուսակցական պատվիրակություն էր այստեղ հայտնվել՝ ԱԻՄ-ի, ԱԺՄ-ի եւ ՀՅԴ-ի անդամներով։ «Սեփականաշնորհման սերտիֆիկատների գներն անընդհատ փոփոխվել են։ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակվելով էլ սեփականաշնորհման հայեցակարգը փոխվեց՝ 1996-97-ի ծրագրով նախատեսված սերտիֆիկատները չբաշխվեցին։ Հին վաուչերները դուրս եկան, մնացածների շուկայական արժեքն էլ մոտեցավ անվանական արժեքին։ Գների 4-5-ապատիկ տարբերություն արձանագրվեց. հին գներով գնահատված տարածքների վրա, որ տարաժամկետ վճարումներով էին կատարվում՝ նոր գները չցանկացան տարածել»,- Մկրտիչ Մալխասյանն այսպես ներկայացրեց խնդրի էությունը, որ առանձին լուսաբանման է արժանի։ Եթե սա համահայաստանյան հնչեղության հարց էր, հետագա բոլոր զրուցակիցներիս հոգսերը զուտ նեղանձնական էին։

«Ուզում եմ կեսուրիս ծերանոց տանել։ Ոչ մի կերպ այդ հարցը չեմ կարողանում լուծեմ։ Իմ վերջին հույսը Դավիթ Վարդանյանն է՝ միգուցե կարողանա միջնորդել սոցապ նախարարությանը»,- ասում էր Վարսիկ Այվազյանն Արարատի Ոստան գյուղից։ Երեւանցի Գայանե Պողոսյանը Կորյունի փողոցի նախկին բնակիչ էր, որի սեփական տունը 1989-ին քանդել էին, եւ մինչ այսօր նրանց ընտանիքը վարձով է ապրում։ Նույն կերպ եւ այլ 3 ընտանիքներ անտուն էին մնացել, քանզի նրանց տան տեղում կառուցված շենքից բնակարան չէին հատկացրել։ Ակնկալում էին, որ Դավիթ Վարդանյանը համապատասխան միջնորդություն կանի քաղաքապետարանին։ Ամենաշատը խոսեց Մալաթիա թաղամասի բնակչուհի Իվետա Սիմոնյանը։ Նա այստեղ մի քանի անգամ էր եկել ու խոստովանեց, որ միշտ իրեն օգնել են (անգամ ֆինանսապես)։ Այժմ բողոքեց, թե իրենց պատգամավոր Սերգեյ Երիցյանին իր ընտրողների «Կարծիքը» չի հետաքրքրում, իրենց չի օգնում, պատմեց, որ իր 4 երեխաները 10 օր է՝ դպրոց չեն գնում, քանզի լույս չունի, չի կարողանում նրանց զգեստները կարգին լվանալ եւ արդուկել, պատշգամբում կրակ է անում, որ ճաշ եփի, հարեւանները մրից բողոքում են։

Կառավարության գործունեության առումով իր նկատառումները հայտնեց, նախագահից դժգոհեց, որ ԱՄՆ-ում է… Ի վերջո պարզվեց, որ Դավիթ Վարդանյանից ուզում է, որ իր էլեկտրահաշվիչը բերեն սեփական տանը դնեն, քանզի լույսի մարդկանց չէր վստահում։ Ընդունելությունից հետո Դավիթ Վարդանյանն ամփոփեց, որ այն 22 հոգուց, որոնց լսել էր՝ մեծ մասը դատավճիռներին առնչվող հարցեր ունեին։ «Հոգեկան խանգարվածներ էլ կային՝ մի քանի հոգի։ Շատ արագ հասկացվում է։ Սոցիալական օգնության հարցեր էլ կային։ Ճիշտ է, դա ընդհանրապես մեր պարտականությունների մեջ չի մտնում, բայց երբ տեսնում ենք, որ իրոք շատ վատ վիճակում են՝ թաղապետարանների հետ ենք կապվում եւ, եթե հնարավորություն կա՝ նրանք օգնում են։ Ավանդատուներ էլ են մեզ շատ դիմում՝ լուծումներ գտնելն այստեղ շատ դժվար է։ Բայց էլի, որոշ մասնավոր դեպքերում, երբ որ տեսնում ենք, թե սարսափելի վիճակում են՝ լուծարային հանձնաժողովների հետ ենք կապվում ու պարզում, թե հնարավոր չէ արդյոք մի բան անել։ Սա է ամբողջ պատկերը։ Որոշ առումով մենք նախագահի փաստաբանական գրասենյակի դեր ենք կատարում»։

Եվ վերջին հարցն էր, թե այս պաշտոնին անցնելուց հետո փոփոխություն չի՞ կրել ընդդիմադիր այն համոզումը, թե իշխանությունները բոլորովին անտարբեր են հասարակ մարդկանց ճակատագրի նկատմամբ եւ ոչինչ չեն անում նրանց օգնելու համար։ «Անկեղծ ասած, նույն կարծիքին եմ մնում,- բավական անակնկալ պատասխան տվեց Դավիթ Վարդանյանը։- Հիմա կասեն, թե Դուք էլ եք արդեն իշխանավոր, ձեր գալով ի՞նչ է փոխվել։ Ես չէ, որ այդ գնահատականը պիտի տամ։ Բայց այո՛, իշխանավորներ չասեմ՝ բյուրոկրատների, պաշտոնյաների զգալի մասի մոտ քար անտարբերություն կա մարդկանց ճակատագրի նկատմամբ։ Բացարձակ թքած ունեն։ Դատարաններում ու դատախազությունում շատ- շատ են իրավական սանձարձակության դեպքերը։ Հիմա դատախազության հետ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն ունենք, որ մեր իրավաբաններն իրենց հետ են քննարկելու ուսումնասիրված գործերը։ … Նախկինում մարդիկ ինձ բանավոր էին բողոքում, հիմա իրենց փաստաթղթերով են ներկայացնում։ Դեռ շատ դեպքերում չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է օգնել մարդկանց»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Մոռացա նշել, որ մեր բոլոր զրուցակիցներն ընդհանուր առմամբ գոհ էին ընդունելությունից։ Դժգոհ էր ու մի փոքրիկ սկանդալ սարքեց միայն Իջեւանի բնակիչ Գրիգոր Ավետիսյանը, որը 5,5 տարի է նախագահների միջոցով փորձում է ՆԳ նախարարներին հանդիպել, չնայած փոխնախարար Հայկ Հարությունյանը նրան ընդունել է։ «Բայց նախարարին եմ ուզում տեղյակ պահել, թե այն խարդախները՝ երեւանցի Մելքումյան Արթուր եւ Գագիկ եղբայրները մեզ թալանել եւ չեն ուզում մեր ունեցվածքը վերադարձնեն՝ մենք էլ գոյատեւենք»։ Այժմ էլ, քանի որ Դավիթ Վարդանյանը հրաժարվում էր այլոց ընդունելության միջնորդ լինել՝ Գրիգոր Ավետիսյանը բարկացավ ու ճանապարհածախսի փողը պահանջեց, նաեւ՝ ապրելու համար մի քիչ փող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031