Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոքրիկ ֆիլհարմոնիկ միջադեպ

Հոկտեմբեր 01,1998 00:00
prkarar

Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճին մերձ հատվածում երեկ, ժամը 17-19-ը, Աբովյան փողոցը փակ էր երթեւեկության համար։ Փոքր դահլիճի շքամուտքի դիմաց հրշեջ ծառայության երկու մեքենա էր կանգնած։ Մեր լրագրողին հաջողվեց պարզել, որ ինչ-որ մեկը համերգասրահի շենքում ապակյա տարաներով քիմիկատ էր պահեստավորել։ Սուր հոտով քիմիական այդ նյութն ինչ-որ պահից սկսել էր գոլորշիանալ։ Շրջակա տարածքում, մոտ 200 մետր շրջագծով, օդը հեղձուցիչ էր։ Ոստիկանները հրշեջ եւ փրկարար ջոկատներ էին հրավիրել։ Փրկարարները շենքից հանեցին քիմիկատի տարաները եւ բեռնատար մեքենայի թափքում տեղավորելով՝ տարան դրանք։ Այնուհետեւ հրշեջ մեքենաները մոտ մեկ ժամ լվանում էին փողոցները։ Աշխույժ աշխատող հրշեջներից մի քանի քայլ հեռավորության վրա խումբ-խումբ կանգնած էին համապատասխան ծառայությունների ղեկավար սպաներ։ Նրանք համերաշխ զրուցում էին եւ չէին փորձում ղեկավար ցուցումներով խանգարել աշխատողներին։ Այս ամենի մեջ ամենաարտառոցը գնդապետների եւ փոխգնդապետների քանակությունն էր։

Ամենամոտավոր հաշվարկներով այդ պահին Աբովյան փողոցում մոտ 10-15 գնդապետ կար եւ 15-20 փոխգնդապետ։ Նրանց հետ համերաշխ զրուցող քաղաքացիական հագուստ կրողների մեջ դժվար չէր առանձնացնել անտեսանելի ճակատի (իմա՝ անվտանգության մարմինների) եւս 10-15 գնդապետ։ Ժամը 19-ի սահմաններում շարքային հրշեջները որոշեցին, որ փողոցն արդեն բավարար չափով լվացված է, հավաքեցին հրշեջ խողովակներն ու հեռացան։ Գնդապետներից մեկը ռացիայով՝ «Անձնակազմը կարող եք ազատ արձակել» հրամանը տվեց։ Բոլոր գնդապետները՝ որը ռացիայով, որը բջջային հեռախոսով, իրենց ծառայողական մեքենաները կանչեցին, մեկիկ-մեկիկ նստեցին ու գնացին։ Փողոցի այս հատվածում օդը դեռ հեղձուցիչ էր։

Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի շրջակայքում գտնվող սրճարանների, խանութների, խորտկարանների տերերի մտքով, բնականաբար, չի անցնի ինչ-որ մեկին դատի տալ՝ ֆինանսական վնասների փոխհատուցման հայցով։ Ճիշտ այնպես, ինչպես որեւէ գնդապետի (եւ փոխգնդապետի) մտքով չանցավ պահանջել, որ մանրավաճառները «թունավոր» մայթից հավաքեն վաճառվող կոնֆետն ու մաստակը։ Այնինչ՝ կարող էր անցնել, որովհետեւ երեկ ժամը 17-19-ը Աբովյան փողոցի 1 քառակուսի մետրին բաժին ընկնող գնդապետների քանակը մի քանի անգամ գերազանցում էր Պենտագոնի համապատասխան ցուցանիշը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031