Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻՉԸ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍՆ Է»

Հոկտեմբեր 01,1998 00:00
Alaverdi

Ասում է Ալավերդու մի բնակչուհի

1998 թ. նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի հայտնվելը խառնեց քաղաքական բոլոր ուժերի հաշվարկները։ Հաջողության առավել մեծ հնարավորություն ունեցող ՀԿԿ-ն ու ԱԺՄ-ն իրենց անհաջողությունը հիմնականում կապում էին նրա անձի հետ։ Ընտրություններից հետո կատարվող քաղաքական հաշվարկներում այս եւ մնացած ուժերը, մոռանալով անցյալի փորձը, ամեն ինչ կառուցում են իրենց համար անառարկելի այն հիմնադրույթի վրա, որ Դեմիրճյան ֆենոմենը մեկանգամյա օգտագործման էր, որ ժողովուրդը հիասթափվեց նրանից, տեսնելով, թե նա ինչպես տեր չկանգնեց իրեն տրված ձայներին։ Մինչդեռ մեր ժողովուրդը պատմական հիշողություն ունի։

Սեպտեմբերի 29-ին Ալավերդի քաղաքում ՀԺԿ-ն սկսեց իր հանրահավաքների շարքը։ Դեռ հանրահավաքից առաջ ՀԺԿ-ի Ալավերդու կազմակերպության քարտուղար Լարիսա Փարեմուզյանը պատմեց, որ երկու ամիս առաջ ստեղծված իրենց կազմակերպությունն ունի 200 անդամ։ Տիկին Փարեմուզյանը 1982-89 թթ. եղել է Ալավերդու քաղգործկոմի նախագահի տեղակալ, 1989-91 թթ.՝ նախագահ, իսկ մեկ տարի առաջ աշխատել է ոստիկանապետի տեղակալ։ «Շատ միամիտ քաղաքապետ եմ եղել, ինձ տրված կաշառքները հավաքում էի քաղաքը կառուցելու համար»,- իր մասին պատմում է ՀԺԿ-ի քարտուղարը։ «Դուք չեք պատկերացնում, թե ինչ նվաստացած վիճակում են մեր քաղաքացիները։ Աշխատելու հիմնական տեղը Սադախլոյի շուկան է։ Հայ երիտասարդներն այնտեղ ադրբեջանցի կանանց համար բեռնակրություն են անում։ Ադրբեջանցի կինն իրերը տալիս է ձեռքը եւ ասում՝ «հոշ…։ Մեր աղջիկներն այդ շուկայում պոռնկությամբ են փող աշխատում»,- ասում է ՀԺԿ-ի կին անդամներից մեկը։

«1994-ին ստեղծվեց քաղաքային հիմնադրամ։ Հավաքվեց 1 միլիոն դրամ։ Այդ գումարը պետք է ուղղվեր սոցիալական խնդիրներ լուծելուն։ Սակայն քաղաքապետն այդ գումարը յուրացրեց՝ այն վարկ տալով գարեջրի գործարանին եւ քաղառին։ Ակնհայտ է, թե այդ գումարներն ուր կորան»,- հայտարարում է Լարիսա Փարեմուզյանը։ Չնայած բողոքներին՝ ՀԺԿ-ն ընդդիմություն չէ։ Տիկին Լարիսան բացատրեց, որ իրենց նպատակը իշխանություններին օգնելն է՝ առկա խնդիրները լուծելու համար։ Վիրավորված է միայն վարչապետից, որը մերժեց քաղաքի ավագանու դիմումը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին։ «Մի՞թե հնարավոր չէր մեկին ուղարկել այստեղ՝ ուսումնասիրելու վիճակը։ Բոլորովին անտեղյակ մերժեց մեր դիմումը»,- ասում է տիկին Լարիսան։

Հանրահավաքի ժամանակ վարչապետին եւս անդրադարձավ. «Ուզում եմ ասել, պարոն վարչապետ, խավիար ուտողները չէ, որ կարող են իշխանություն զբաղեցնել, այլ մարդիկ, որոնք հասկանում են ժողովրդի հոգսերը»։ ՀԺԿ-ի ֆինանսավորմամբ, հանրահավաքի ժամանակ քաղաքային ճոպանուղին աշխատեց անվճար։ Քաղաքային ստադիոնում բոլոր նստարանները զբաղված էին՝ հավաքվել էր մոտ 700 մարդ։ Հիմնական թեման քաղաքապետի եւ ավագանու լարված հարաբերություններն են։ Ավագանին դիմել է ՀՀ նախագահին՝ պատրաստակամություն հայտնելով հրաժարական տալ, եթե հրաժարական տա նաեւ քաղաքապետը։ Դիմումի տակ ստորագրել են քաղաքում առկա բոլոր քաղաքական ուժերը՝ ՀԺԿ-ն, ՀԿԿ-ն, «Երկրապահը» եւ ՀՅԴ-ն։ «Քաղաքի համար չարիք դարձած այս մարդու հովանավորը պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն է, քանի որ Վախթանգ Լալայանը, փոխելով 8-րդ կուսակցությունը, այժմ մտել է «Երկիր օրինացի» մեջ»,- ասում է ավագանուն համակրող մի քաղաքացի։

Մյուս կարեւոր խնդիրը էկոլոգիան է։ Պղնձամոլիբդենային գործարանում, որտեղ նախկինում աշխատում էր 4400 մարդ, այժմ աշխատում է 420-ը։ Սակայն զտիչների չաշխատելու պատճառով արտանետումներն ավելացել են։ «Եթե նախկինում թունավոր օդ ենք շնչել, նաեւ լավ սնվել ենք։ Իսկ այսօր համատարած թերսնում է»,- հանրահավաքում ելույթ ունեցավ մի կին։ «Ով կուշտ է՝ մտածում է էկոլոգիայի մասին, ով սոված՝ աշխատանքի»,- ասաց կողքիս նստածը։ «Վալեքսը» մթնոլորտի աղտոտման համար տարեկան պետբյուջե է մուծում 46 հազար դոլար։ Աղտոտված օդը մենք ենք շնչում, իսկ փողն ուրիշներն են ուտում, մեզ իսկական լոռեցի ապուշի տեղ են դրել»,- նախօրոք ասել էր տիկին Փարեմուզյանը, հանրահավաքում առաջարկելով դրանցից մասհանում կատարել քաղաքային բյուջե։ Այդ գումարներով հնարավոր կլինի լուծել աղբահանման խնդիրը։«Ամբողջ ամառ քաղաքում մոլեգնում էին աղիքային ինֆեկցիաները, մենք կանգնած էինք խոլերայի վտանգի առաջ»,- միտինգում հայտարարեց ՀԺԿ-ի քարտուղարը։

Ալավերդիում ծանր սոցիալական վիճակ է, հանրահավաքում ելույթ ունեցող մի կին հարցրեց. «Ես աշխատում էի կոնդենսատորների գործարանում եւ կրճատվեցի 1995-ին։ Այդ թվականին կրճատվեց նաեւ շինվերանորոգման գրասենյակում աշխատող ամուսինս եւ մեկնեց Ռուսաստան։ Մինչեւ ե՞րբ պետք է ապրենք առանց մեր ամուսինների, նրանց ուղարկած մի քանի կոպեկներով»։

Հանրահավաքից հետո մի կին հուզված եւ վրդովված պատմեց. «Չեմ ուզում գնալ տուն։ Ամաչում եմ նայել երեխաներիս աչքերին։ Արդեն չորրորդ ամիսն է, աշխատավարձ չեն տվել եւ տանն ուտելու ոչինչ չկա»։ «Այս մարզադաշտը երեխաների սիրելի հավաքատեղին է։ Տնից կտրվելու միակ տեղը։ Մեր մարզիչները չորս ամիս աշխատավարձ չեն ստացել։ Մտածում են երեխաներին զբաղեցնելու մասին, բայց որքան կարելի է սոված վազել եւ սուլել։ Մենք մեր միակ հույսը տեսնում ենք Կարեն Սերոբիչի մեջ»,- ասաց զրույցի մասնակից մեկ այլ կին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031