Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՐԱԾ-ԽՄԱԾԴ ԱՆՈՒՇ, ԱՆԴՐԵՅ ՋԱՆ

Հոկտեմբեր 01,1998 00:00
kenac

Ճիշտ են ասում, որ լավ բաները երեւում են հեռվից: Մենք, օրինակ, ամեն օր ապրելով եւ աշխատելով Հայաստանում, չենք կարող նկատել, որ բնակվում ենք ամենալիբերալ տնտեսությունն ունեցող ԱՊՀ երկրում, որը բոլոր հնարավորություններն ունի որոշ ժամանակ անց ԱՊՀ առաջատարը դառնալու: Մենք շատ բան չենք նկատում՝ ի տարբերություն ԱՊՀ եւ Բալթիկայի լրագրողների պատվիրակության կազմում Հայաստան ժամանած «Իզվեստիայի» թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի, որն իր թերթում հոդված է տպագրել «Հայկական ջազ» վերնագրով:

Մենք, օրինակ, չգիտեինք, որ մեր կառավարությունը մի կողմից ունի մտավոր բարձր մակարդակ, մյուս կողմից՝ ժողովրդական մենթալություն: Նշված բարեմասնություններն ունենալով, այն, բնականաբար, հասկանում է կապիտալիզմի էությունը. չի կարելի արգելել եւ կառավարել, այլ պետք է, որ կապիտալիզմը զարգանա ներքեւից, միայն այդ դեպքում նա կծլի, կծաղկի եւ երբեք չի թառամի: Անդրեյի տպավորությամբ, մեր կառավարությունը ճիշտ է ըմբռնում նաեւ սեփականաշնորհման իմաստը. կարեւորը ձեռնարկության գինը չէ, կարեւոր է, որ ձեռնարկությունն աշխատի: Ուրեմն, պետք չէ վախենալ գործարանների վաճառքից /իսկ մենք վախենում էինք/, քանի որ ազգային խորհրդանիշը կարող է բացասական արժեք ունենալ: «Որպեսզի այդ խորհրդանիշը դառնա տնտեսական կատեգորիա, իսկ հետո՝ նորից խորհրդանիշ, բայց՝ թանկ, անհրաժեշտ են միջազգային աճուրդներ»,- բացատրում է «Իզվեստիայի» թղթակիցը:

Իսկ շուկայական ազատության ամենակարեւոր չափանիշը, որը մենք՝ լիբերալ տնտեսության հարցերում տգետներս, չենք ըմբռնում, էժան սրճարանների քանակն ու որակն է: Դրանք Երեւանում ավելի շատ են, քան եվրոպական միջին քաղաքում: Սուրճի որակն էլ բավականին բարձր է: Իսկ լավ սուրճից հետո անհրաժեշտություն է առաջանում ջազ լսել: Նոր Հայաստանը եւ, հետեւաբար, նոր հայերը գերադասում են ջազ լսել: Որտե՞ղ: Իհարկե, «Առագաստ» սրճարանում: Անդրեյ Կոլեսնիկովն այնտեղ էր, խմում էր սուրճ եւ կոնյակ՝ այն կոնյակը, որի նոր սպառողի համար պետք էր պայքար ծավալել: Խմում էր, հավանաբար, վարչական եւ լրագրողական վերնախավի ընկերական շրջապատում: Դրանից հետո չափազանց սիրեց ջազը, եւ այդ ամենի ազդեցության տակ գրեց «Հայկական ջազ» հոդվածը:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031