«Առավոտն» արդեն ծանուցել է, որ Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը, որ չճանաչեն Հայաստանի խորհրդարանական պատվիրակության նոր ղեկավարի՝ Արմեն Մարտիրոսյանի լիազորությունները։
Վերջինս հրաժարվում է իր մեկնաբանությունները ներկայացնել, դա հետաձգելով ավելի ուշ ժամանակների։ «Առավոտի» թղթակցին այս փուլում ասաց միայն, որ այդ նամակը շատ նման է կոմունիստական ժամանակներում ամենահուսալքված մարդկանց կատարած քայլերին։ Երբ նրանք այլեւս բողոքելու տեղ չէին ունենում, նամակը գրում էին հետեւյալ հասցեով՝ Մոսկվա, Վլադիմիր Իլյիչ Լենինի դամբարանին։ Հենց այդպես։ Հենց այսքանն ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Իսկ Բաբկեն Արարքցյանը մեր հարցերին սիրով պատասխանեց։
– Ես իսկապես նամակ ուղարկել եմ Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը, բայց նամակի իմաստը այն չի եղել, որ չճանաչվի պատվիրակության կամ նրա որեւէ առանձին անդամի լիազորությունները։ Նամակի նպատակը հետեւյալն էր. մենք ներկայացրել ենք ուժերի դասավորվածությունն ու հարաբերակցությունը այսօրվա խորհրդարանում ու նշել՝ մեզ համար անհասկանալի է, որ Եվրոպայի խորհուրդ է ուղարկվում (իսկ այդ կառույցը մշտապես հանդես է եկել պատվիրակության մեջ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու պահանջով) պատվիրակություն, որից հանված է «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչը։
Փաստորեն, մեր խմբակցությունը ներկայացված չէ այդ պատվիրակության կազմում։ Սակայն պետք է արձանագրենք, որ մեր խմբակցությունն է ամենամեծը Ազգային ժողովում։ Միաժամանակ, այդ նույն նամակով մենք դժգոհություն ենք արտահայտել ինչպես մեր Ազգային ժողովի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի ղեկավարությունից։ Այդ կառույցից ուղարկված պատվիրակությունները, այցելելով Հայաստան, մեր խմբակցության հետ հանդիպումներ չունեցավ ու մենք հնարավորություն չենք ունենում մեր տեսակետները ներկայացնել նրանց։ Մինչդեռ, անցյալում բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու հնարավորություն նրանց համար ստեղծվում էր։ Սա է եղել մեր նամակի բովանդակությունը։ Իսկ թե ինչ որոշում է ընդունել Եվրոպայի խորհուրդը՝ Արմեն Մարտիրոսյանի լիազորությունները ճանաչել-չճանաչելու վերաբերյալ, ապա պետք է ասեմ, որ մենք նման կոչեր չենք արել։ Մենք ուղղակի տեղեկացրել ենք առկա իրողությունների մասին։
Կարդացեք նաև
– Իսկ չե՞ք վախենում, որ ձեզ մեղադրեն հակապետական գործունեության մեջ։
– Ժամանակին շատ հաճախ էին ցուցադրում այն ֆիլմը, որ երբ մեկն անվայել արարքներ է թույլ տալիս եւ դա բացահայտում են, օգտագործվում է հետեւյալ արտահայտությունը. «Դուք խայտառակել մեր ռեսպուբլիկա»։ Ես կարծում եմ, եթե նման մի հայտարարություն լինի, ապա շատ նման կլինի նշածս ֆիլմի հայտնի արտահայտությանը։
«Առավոտ»-ին տեղեկատվություն էր հասել նաեւ, որ Ստրասբուրգ մեկնած խորհրդարանական պատվիրակության անունից սեպտեմբերի 29-ին պետք է ելույթ ունենա Կոմկուսը ներկայացնող պատգամավոր Ֆրունզե Խառատյանը եւ դատապարտի Բաբկեն Արարքցյանի արարքը։ Սակայն հայտարարությունների ժամին նա նիստերի դահլիճում չէր, ուստի եւ հայտարարությունը չհնչեց։ Իրականությունը ստուգեցինք Ֆրունզե Խառատյանի հետ զրույցում։
– Մենք, իհարկե, նախնական համաձայնություն ունեինք, որ ես այդ հայտարարությամբ պետք է հանդես գամ։ Բայց քանի որ դա առնչվում էր նաեւ Կոմկուսի ամբողջ ֆրակցիայի գործունեությանը, նպատակահարմար չհամարվեց, որ այդ հարցի վերաբերյալ ես հանդես գամ հայտարարությամբ։
– Համենայնդեպս՝ ինչպիսի՞ն է ձեր անձնական վերաբերմունքը։
– Ես շատ վատ ընդունեցի դա։
– Բայց չէ՞ որ այստեղ կուսակցությանը տեղ չի տրվում , հալածանքներ կան…
– Այստեղ ոչ մի կուսակցություն էլ չի հալածվում։ Այդ նույն կուսակցական անձնավորությունը չորս տարբեր պատվիրակությունների ղեկավար է (խոսքը Հովհաննես Իգիթյանի մասին է – Ա. Զ.)։ Այնպես որ, ես այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ավելին ասեմ, եթե այդ մարդը տարիներ շարունակ պաշտպանել է փուլ առ փուլ տարբերակը, այսօր հանկարծ, 180 աստիճան շուռ գալով, պաշտպանում է փաթեթի գաղափարը։ Եթե այդ անձը սկզբունքային մարդ լիներ, արտաքին քաղաքական կուրսի փոփոխությամբ պայմանավորված, պետք է որ առաջինն ինքը հրաժարական տար։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ