Հոգու ճիչեր Դիլիջանում
ՀՀ վարչապետի «թեթեւ» ձեռքով Դիլիջանում հայ մշակույթի գործիչների հավաքվելը դառնում է ավանդույթ։ Նոր իշխանությունների օրոք արդեն երկրորդ անգամ են հայ մշակույթի գործիչները հավաքվում Դիլիջանում (Կոմպոզիտորների ստեղծագործական տանը)։ Անցյալ հավաքից այս մեկը թերեւս տարբերվում էր նրանով, որ քննարկման թեմաներ էին ընտրված՝ մշակույթ եւ կառավարություն փոխհարաբերություն (որը նաեւ մշակութային քաղաքականություն մշակելու միտում ուներ), եւ Երեւանին ու քաղաքաշինությանը վերաբերող խնդիրներ։
Առաջին քննարկման ընթացքը ներկայացնելու համար (որին ներկա չէի- Ս. Ս.) դիմեցի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանին, մանավանդ որ, շատերը պնդում էին, թե ամենահետաքրքիր ելույթներից մեկը հենց իրենն էր։ Պրն Վաթինյանի կարծիքով, Հայաստանում այսօր չկա մշակութային քաղաքականություն։
-Այդ քաղաքականությունը էվոլյուցիոն ճանապարհով ստեղծվում է պատմության ընթացքում, իսկ այսօր մեր պետությունը չի առաջարկում եւ չունի մշակութային քաղաքականություն, որովհետեւ չկա ազգային մտածելակերպ եւ մոտեցում մեր ունեցածի եւ վաղվա մասին։ Ամեն մի պետություն երեք հիմքերի վրա է կառուցվում՝ տնտեսություն, քաղաքականություն եւ հոգեւոր կյանք։ Առաջ եկեղեցին էր իր շուրջը հավաքում եւ այդ հոգեւորի հիմքը հանդիսանում։ Միգուցե, այսօր պետք է ինքներս պարտադրենք մեր կառավարությանը եւ ստեղծենք մեր ծրագիրը։
Կարդացեք նաև
Մինչ այսօր մենք սպասողի դերում էինք, հետո՝ խնդրողի, իսկ այն ուժերը, որոնք հարցեր են լուծում եւ լծակներ ունեն՝ չեն սպասում։ Մենք ավելի շատ մասնագիտական հարցերի շուրջ ենք հավաքվում, բայց եթե ընդհանուր հարցերը չլուծվեն, մասնագիտական հարցերը չեն լուծվի։ Առաջարկում էի ստեղծել միասնական արվեստի աշխատողների խորհուրդ, որպեսզի ընդհանուր հարցերը քննարկենք եւ հանդես գանք միաձայն ուժով։ Այդ դեպքում կառավարությունը կզգա, որ մեր թիկունքում մեծ ուժ կա։ Մենք պիտի կառավարությունից առանձին ուժ լինենք եւ ագրեսիվ պետք է լինենք,- ասաց Ռ. Վաթինյանը։
Կինոգործիչ Արմեն Վաթյանի կարծիքով. «Մեր կառավարությունն ունի հակամշակութային քաղաքականություն, եւ այսօր մենք հավաքվում, քննարկում, մշակութային քաղաքականություն ենք ստեղծում, որը մեկ տարուց հետո հիանալի ծրագիր կլինի, բայց նույն ընթացքում մենք կորցնում ենք մեր թատրոնները, կինոստուդիան, գրադարանները… իրենք իրենց գործն անում են եւ մինչեւ այս ծրագրերը կմշակենք, կկորցնենք եղածը»։
Դիլիջանում բավականին ցուրտ էր։ Մշակույթի գրեթե բոլոր գործիչները դրա դեմ իրենց միջոցն ունեին եւ բերել էին։ Այո՛, ոգելից խմիչք։ Քննարկում էին, միմյանց ծանոթանում, ովքեր ծանոթ էին՝ հավաքվում, անեկդոտներ պատմում, զրուցում, հին օրերը հիշում, քոթեջից քոթեջ գնում… Կիրակի օրն ամենակարեւոր քննարկումն էր, որովհետեւ վարչապետն էր գալու։ Եվ հենց այդ քննարկմանը բոլորը ներկայացան։ Ամեն մեկն ուզում էր իր ոլորտի կամ ղեկավարած կազմակերպության պրոբլեմի մասին խոսել, թեեւ թեման Երեւանն էր ու քաղաքաշինությունը։ Հենց սկզբից պարզվեց, որ վարչապետը պետական այլ գործերի պատճառով երկար չի կարող մնալ Դիլիջանում։ Քննարկումը սկզբում վարում էր ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, ապա՝ Աբգար Ափինյանը։
Ճարտարապետության մասին «լեկցիա» հիշեցնող ելույթով սկսվեց քննարկումը, որն ընթերցում էր ճարտարապետ Լեւոն Թովմասյանը։ Լ. Թովմասյանն արդեն հասել էր Լեոնարդո դա Վինչիին, երբ ձգված (ուշադիր դիրքով եւ պետական այր տեսնող հայացքով) մշակույթի գործիչները, որոնց հանգիստ չէր թողնում իրենց պրոբլեմները վարչապետին լսելի դարձնելու, ինչ-որ տեղ նաեւ՝ իրենց ցուցադրելու ցանկությունը, ընդվզեցին ավագ սերնդի ճարտարապետի դեմ։ Վարչապետն ընդվզողներին խորհուրդ տվեց համբերատար լինել, իսկ ճարտարապետներն էլ, թե. «… եթե ձեզ ճարտարապետության խնդիրները հետաքրքիր չեն, էկեք հարցը հանենք»։
Լեւոն Իգիթյանն էլ իր հերթին բարկացավ. «Էդ բարդակը, որ մեր քաղաքում տիրում է՝ դրա մասին ենք խոսում…»։ Վարչապետը, որ մեծ ուշադրությամբ լսեց մտավորականների բնորոշած «լեկցիան», հարց ուղղեց Երեւանի գլխավոր ճարտարապետին. «Գլխավոր հատակագիծ այսօր ունե՞ք»։
Համլետ Խաչատրյանը պատասխանեց, որ գլխավոր հատակագծի վրա որոշ շտկումներ պետք է արվեն։ «Շատ վախենում եմ, որ հիմա, նոր գլխավոր հատակագիծ անելու ժամանակի պահանջից ելնելով, ստիպված, կարող ենք եղածը կորցնել, որովհետեւ նոր ուժեր արդեն կան, էդ նոր ուժերը իրենց շահերն ունեն եւ այդ ուժերը կարող են ստիպել, որպեսզի գլխավոր հատակագիծը շատ լուրջ փոփոխություններ կրի»։
Իսկ ճարտարապետների միության նախագահը բողոքեց կառավարության՝ ապօրինի կառույցների օրինականացնելու, սեփականացման հնարավորություն ընձեռելու որոշման դեմ. «…Այդ որոշումն անհեթեթ է արդեն վերնագրից։ Ապօրինի կառույցի օրինականացումն անհեթեթ երեւույթ է»։
Բոլորը նկատեցին, որ վարչապետին «դուր չեկան» պրն Խաչատրյանի եւ պրն Զուրաբյանի ելույթները։ Մի քանի սեղանների շուրջ արդեն շշուկով եզրակացություններ արեցին. «…Վե՛րջ, գործից կհանի դրանց»։ Լեւոն Իգիթյանի բարձր ձայնը թարմություն պարգեւեց հատակագծի վշտով տարված մթնոլորտին։ Լ. Իգիթյանը օրինակներով էր խոսում. նա հիշեցրեց օպերային թատրոնի կողքին գտնվող հասարակական զուգարանը, որը վերջերս մեծացել է, փորվել եւ մի մարդու սեփականություն է դարձել. «…ռեստորան է լինելու»։
Ուշադրություն հրավիրվեց Ստանիսլավսկու անվան թատրոնի կողքին կառուցվող խաղատան վրա. «Էդ մոնստրը, էդ ահավոր բանը… օտար մարդը, որ էդ շենքի մոտով անցնի, կհասկանա, թե էս ժողովուրդը ոչ մի կապ չունի ճարտարապետության հետ»։ Ապա Լ. Իգիթյանն անդրադարձավ օպերային թատրոնի ներսում Տ. Լեւոնյանի ( եւ այլոց) կառուցած ռեստորան-վարիետեին. «…Ո՞նց կարելի է մի մարդ որոշի՝ օպերայի շենքի ներսում ռեստորան անի, թե՞ չէ։ … Օպերայի դիրեկտորը կարողանում է տակը ռեստորան անի, պատուհանը դուռ դարձնի…»։ Հայ գրողները եւ կինոգործիչները չդիմացան. «… բայց էդ դուք չե՞ք կառուցում»։ -Հա՛, բժիշկները չեն անում, ճարտարապետներն են նախագծում, մեր ձեռքով է արվում,- չհրաժարվեց Իգիթյանը։
Կինոգետ Դավիթ Մուրադյանը նշեց, որ Երեւանի եւ դրանից բխող խնդիրները ոչ այնքան տեխնոլոգիական, որքան իդեոլոգիական են։ Ըստ պրն Մուրադյանի «թամանյանական Երեւանը» հումանիստական քաղաք էր, ուր մարդն իրեն մարդ էր զգում եւ իր կարծիքով, Երեւանի քաղաքաշինությունն այն ժամանակ 3 գաղափարներ էին առաջնորդում. Երեւանը որպես մշակութային կենտրոն, Երեւանը որպես արդյունաբերական կենտրոն եւ որպես մարդկանց ապրելու վայր։ Պրն Մուրադյանն առաջարկեց փարաջանովյան գիտաժողով անել եւ 3 տարին մեկ՝ միջազգային պոետիկ կինոփառատոն անցկացնել՝ «Ոսկե նուռ» մրցանակով։ Երեւանի փողոցներից (հատկապես Աբովյան փողոցից) շատերն էին դժգոհում, որ «քաղքենու, գողականի պատկերացրած պրիմիտիվ էսթետիկա կա Երեւանում»։
Արձակագիր Գուրգեն Խանջյանը բողոքեց երթուղային տաքսիներում, խանութներում, արդեն նաեւ դեղատներում եւ սրճարաններում «ականջներ բռնաբարող» ռաբիս երաժշտությունից։
Ստանիսլավսկու եւ Սունդուկյանի անվան թատրոններից Ալեքսանդր Գրիգորյանը եւ Վահե Շահվերդյանը բողոքեցին թատրոնները փակ բաժնետիրական ընկերություններ դարձնելու գործընթացի դեմ։
Ռուդոլֆ Վաթինյանի կարծիքով, Երեւանի կենտրոնն այնքան են խեղաթյուրել, որ հնարավոր չի լինում նկարահանումներ անել։ Պրն Վաթինյանը իր եւ մյուս «կինոշնիկների» կողմից բարձրացրեց «Հայֆիլմի» հարցը. «… Մեզ առաջարկեցին 15 օրում ստուդիան վերածել բաժնետիրականի։ Եթե թատրոնի շենքը վերցնեն, թատերախումբը կարող է խաղալ անգամ որեւէ նկուղում, բայց, եթե մեր ձեռքից վերցնեն մեր բազան, մենք արդեն չենք լինի։ Բազան մեզ համար կյանքի խնդիր է, կինոն առանց տեխիկական բազայի չի կարող լինել՝ կդառնա սիրողական կինո…»։ Ռ. Վաթինյանը նաեւ զարմացավ, թե ինչո՞ւ են հեռուստատեսությունն ու կինոն այդքան իրարից առանձնացրել եւ չեն օգտվում կինոստուդիայի պրոֆեսիոնալ ուժերից։ Վարչապետը բոլոր ելույթներն ուշադիր լսեց, նշումներ կատարեց, ինչպես նախորդ հանդիպման ժամանակ։
Ա. Դարբինյանը կարեւորեց իրեն կից ստեղծված խորհրդի «խորհուրդը», տխրություն հայտնեց, որ ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցը հրաժարվել է խորհրդից եւ որ մամուլում մի շարք մշակույթի գործիչներ նույնպես կասկածանք եւ թերահավատություն էին հայտնել այդ խորհրդի նկատմամբ։ «Արդեն որերորդ անգամ համոզվում եմ, որ այո՛, դա ճիշտ ձեւն է։ Մենք հավաքվել ենք մեր հոգու ճիչն իրար ներկայացնելու»,- ասաց վարչապետը եւ նկատողություն արեց Լ. Թովմասյանի «լեկցիան» չլսողներին. «…Չեմ ընդունում այդ գրոհը»։
Վարչապետը «հոգու ճիչերին» (բոլոր ճիչերին) թռուցիկ պատասխանեց։ Նշեմ, որ իր բոլոր պատասխաններն այս խոսքերով էին սկսվում. «Այո, համաձայն եմ…», «Կարծում եմ…», «Պետք է…», «Պետք է մտածել…», «Մենք պետք է կարողանանք…» եւ այլն։ Վարչապետը համաձայնեց, որ «բացառիկ անպատասխանատվության մթնոլորտ կա Երեւանի ապագայի նկատմամբ»։ Նա ընդունեց գրեթե բոլորի ելույթները։ Ճարտարապետության բնագավառի խնդիրները լուծելու համար վարչապետը որոշեց արտակարգ հանձնաժողով ստեղծել (որի գաղափարը քննարկման ընթացքում ծնվեց)։
Համաձայնեց փարաջանովյան փառատոնի գաղափարին։ Հայտնեց, որ դժգոհ է մշակույթի նախարարության ներկայացրած մշակույթի մասին օրենքի նախագծից. «… այդ նախագծով մենք մշակույթ չենք ստեղծի»։ Բացատրեց, թե ինչ բան է ակցիոներական ընկերությունը. «… ընդամենը իրավական, կազմակերպական ձեւ, որը ենթադրում է, որ սեփականատերը պետությունն է։ Պետությունը՝ սեփականատերը, ստեղծում է խորհուրդ (տվյալ կառույցում- Ս. Ս.), որը որոշում, ընդունում եւ նշանակում է ադմինիստրատիվ եւ գեղարվեստական ղեկավարին եւ տնօրինում է այդ թատրոնի աշխատանքը… Որեւէ տրագիկ բան չեմ տեսնում այստեղ, դա չի նշանակում ազգային արժեքի կամ թատրոնի կորուստ»։
Վերջում վարչապետը լսեց կանանց երգչախմբի երկու ելույթ եւ մշակույթի ակտիվ գործիչների ուղեկցությամբ վերադարձավ Երեւան։ Այսքանը։ Դժվար է ասել, թե բացի նոթատետրում նշումներ կատարելուց, վարչապետն այդ խնդիրներից քանիսին լուծում կտա մինչեւ հաջորդ հանդիպումը կամ թե արդյոք չի՞ սահմանափակվի միայն այդ նշումներով։ Հավաքի եւ քննարկման թեժ կետը վարչապետի այցն էր, որից հետո մշակույթի գործիչները խումբ-խումբ կարճ ժամանակ էլ քննարկեցին վարչապետի խոսքն ու գնացին դեպի իրենց քոթեջները՝ վայելելու այդտեղ իրենց վերջին գիշերը։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ