Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ԻՄ ԴԵՄ Է»

Սեպտեմբեր 30,1998 00:00
hogevorakan

Եկեղեցին հաճախ է զգուշացնում ձեռնպահ մնալ ընդհանրացումներից։ Առանձին անհատների անխոհեմ վարքը մատի փաթաթան չդարձնելու դիտողությանն ականջալուր՝ ուզում ենք ներկայացնել եւս մի պատվարժան հոգեւորականի «գործունեության» հպանցիկ նկարագիրն այն մտավախությամբ, թե արդյո՞ք երեւույթն առավել քան վարակիչ չի դառնում։

Ավստրահայ համայնքի հոգեւոր առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի անունն անկասկած անծանոթ չէ նրանց, ովքեր քիչ թե շատ տեղյակ են եկեղեցական անցուդարձին։ Միայն թե ամեն անգամ հարգարժան սրբազանին հարկ է լինում հիշել որեւէ սկանդալային պատմության առիթով։ 80-ականների վերջերին Մեսրոպ սրբազանը հանկարծ որոշեց լքել Անթիլիասը եւ հեռանալ Անգլիա։ Թե ինչը դրդեց Կիլիկիո Աթոռի բարձրաստիճան հոգեւորականին նման որոշում կայացնել, թողնենք մեկ այլ հարմար առիթի։ Միայն ասենք, որ երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսը, հավանաբար, չցանկանալով տեսնել նրան Էջմիածնում, նպատակահարմար գտավ ուղարկել Ավստրիա։

Դեռ նոր էր սրբազանը հասցրել թոթափել անախորժությունների փոշին, երբ ծագեց հաջորդը, այս անգամ շատ ավելի տհաճ։ Ավստրիացի մի օրիորդ հրապարակավ հայտարարեց, թե հայ հոգեւորականը, մեղմ ասած, իրեն «նեղացրել» է եւ պահանջեց պաշտպանել իր արժանապատվությունն ու պատիվը։ Հասարակությունը վրդովվեց։ Հայ համայնքն իրարով անցավ։ Ասում են, թե այդ օրերին եկեղեցական վարչությունը նույնիսկ մի խիստ որոշում ընդունեց, որը պահանջում էր սրբազանին վռնդել երկրից։ Ու թեեւ արդեն այդ ժամանակ 3000-անոց գաղութի միասնությունը ճեղքեր էր տվել, բայցեւայնպես հայերը որոշեցին պաշտպանել նրան ոչ այնքան սրբազանի գեղեցիկ աչքերի համար, որքան հայերի վարկն այդ երկրում փրկելու նպատակով։

Սկսեցին մամուլում հայտնվել մեղադրանքներին պատասխանող նամակներ, ելույթներ, ոմանք անգամ քաղաքական երանգ հաղորդեցին խնդրին։ Ի վերջո, ավստրուհին հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ՝ պահանջելով իրեն հանգիստ թողնել եւ սպառնալով այլեւս ոչինչ չասել։ Հարցը մի կերպ փակվեց։

Գաղութն էլ իր հերթին դրությունը փրկելու նպատակով որոշեց հոգեւոր հովվին թողնել իր տեղում։ «Թող մնա, որովհետեւ շուտով թոշակի պիտի անցնի»,- ասացին նրանք։ Սակայն եկեղեցական վարչության այսպիսի որոշումը դարձավ այն ճակատագրական քայլը, որը վերջնականապես գաղութը բաժանեց երկու հակադիր թեւերի։ Քվեարկության արդյունքներով համայնքի 51 տոկոսը որոշեց պահել սրբազանին, մնացածը դեմ արտահայտվեց, իսկ այնուհետեւ նեղացած հեռացավ։ Անցած տարիների ընթացքում տրոհվեց նաեւ 51 տոկոսը։ Այսօր, համաձայն վիճակագրության, եկեղեցական համայնքի վճարող անդամ է միայն տեղի հայերի 6,5 տոկոսը։

Ավստրոհայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Հարությունյանն իր գնահատականներում շատ ավելի կտրական է. «Արդեն 10 տարի է, այդպես է։ Այդ մարդը ոչինչ չի արել։ Պատարագներին հազիվ 5-6 հոգի է այցելում։ Բացի այդ, չափազանց ծույլ է։ Նրա տարեկան զեկույցում 5 մկրտություն է, 4 հարսանիք, 3 թաղում»։ Ի դեպ, հենց այս ընկերության շուրջն էլ համախմբվել են համայնքից հեռացածները։ Իսկ վիճաբանելու պատրվակներ՝ որքան ուզեք։ Վերջերս Ավստրիայում մի հայ կին մահացավ՝ տիկին Փանոսյանը։ Նա իր ողջ կարողությունը՝ մոտ 11 միլիոն շիլլինգ կտակեց եկեղեցուն (դա շուրջ 1 միլիոն դոլարի հավասար գումար է)։ Եկեղեցին ձեռնամուխ եղավ այդ գումարը ծախսելուն եւ, իբրեւ առաջին քայլ, ընտրեց արտառոցներից ամենաարտառոցը։ Որոշվեց եկեղեցու երկու սրահներն իրար միացնող միջանցք կառուցել։

Հիմնավորումն առավել քան հրատապ էր. որպեսզի սրահից սրահ անցնող կանայք անձրեւի տակ չթրջվեն։ Հիմա եկեղեցու բակը վերածվել է շինհրապարակի։ «Հովանոցը» կարժենա մոտ 200 հազար դոլար։ Եվ սա այն դեպքում, երբ գաղութը տասնյակ ուրիշ չլուծված խնդիրներ ունի։

Մշակութային ընկերությունը վերստին աղմուկ բարձրացրեց, Ռազմիկ Հարությունյանը սպառնաց նախաձեռնողներին դատի տալ եւ այն էլ՝ Հայաստանում։ Սակայն որեւէ սպառնալիք ազդեցություն չթողեց։ Միջանցքի կառուցման մտահղացումը մի թերի կողմ էլ ունի։ Այն վերջնականապես ծածկում է առանց այդ էլ բակի մի անկյունում ծվարած ցեղասպանության զոհերի հուշարձանը։ Բայց սա էլ հարգելի պատճառ չէ սրբազանի համար՝ հետ կանգնելու մտադրությունից։

Հետեւելով Մեսրոպ արքեպիսկոպոսի գործունեությանը՝ երբեմն ստիպված ես լինում լրջորեն մտածել այն մասին, թե արդյո՞ք այս հոգեւորականն իսկապես լրջորեն է վերաբերվում ազգապահպանման եւ ազգային միասնության խնդիրներին։ Այդպես կարծելու հիմք է տալիս նաեւ նոր ստեղծված ծրագիր-կանոնագիրքը, որը ներկայացվել է կաթողիկոսի հաստատմանը։ Այս կանոնագրքում նորարարությունն այն է, որ դրույթներից մեկի համաձայն համայնքում այսուհետ ընտրելու եւ ընտրվելու իրավունք են ունենալու նրանք, ովքեր 5 տարի անդամավճար են մուծել։ Ինչպես ասացինք, հայտնի դեպքերի ժամանակ մարդիկ հեռացան եւ, իբրեւ բողոքի նշան, որոշեցին այլեւս չմուծել տարեկան տուրքը։ Եվ եթե նոր կանոնագիրքը հաստատվի, ապա հեռացածները 7 տարով զրկվում են գաղութին մաս կազմելու իրավունքից, քանի որ 5 տարվան էլ գումարվելու է ներկա վարչության գործունեության շրջանը։ Մի՞թե այսպես են նպաստում համայնքի համախմբմանը։

Ցավոք, Մեսրոպ սրբազանի «ազգանվեր» գործունեությունն այսքանով չի սահմանափակվում։ Նրա ջանքերով տեղի հայոց դպրոցն իր ոդիսականն ունեցավ, որտեղ այսօր 92 աշակերտի «տնօրինության տնօրեն» է նշանակվել սրբազանի բարեկամը, որը, ըստ գնահատականների, մի կարգին հայերեն էլ չգիտի։ Սրբազանի ամենասիրած միջոցառումը դարձել է Հայաստանի անկախության օրվա տոնակատարությունը։ Միջոցառումը խիստ ինքնատիպ է. հավաքվում են, խորոված-քյաբաբ են առնում, ուտում-խմում են՝ համոզված, որ շատ մեծ բան են արել։ Սրբազանին բնորոշող մի պատմություն կա, որը ասք դարձած պտտվում է համայնքում։

Ասում են, որ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Ոսկանյանի ժամանման օրը սրբազանը առաջարկում է դեսպանին ներկա լինել կիրակնօրյա պատարագին։ Ոսկանյանի այն հարցին, թե քանիսի՞ն է սկսվում պատարագը, հոգեւոր առաջնորդը պատասխանում է. «Ես սկսում եմ 11-ին, ժողովուրդը գալիս է 11.30-ին, դուք էլ եկեք 12-ին»։

Տեղյա՞կ է արդյոք Վեհափառ Հայրապետը իր թեմերից մեկում ծավալվող այս խմորումներին։ Դժվար է ասել։ Համենայնդեպս, երբ մեկ տարի առաջ կաթողիկոսն այցելեց Վիեննա, նրա գալստյան օրը գաղտնի էր պահվել, եւ հետագայում այդ քայլը պատճառաբանվեց նրանով, թե Վեհափառը կհոգներ օդանավակայանում շատ դիմավորողների հանդիպելուց։ Սփյուռքահայ գաղթօջախների կենսունակության կարեւորագույն խթանիչներից մեկն այսօր էլ շարունակում է մնալ եկեղեցին։ Մարդիկ ապավինում են նրան, այնտեղ են փնտրում ինքնադրսեւորման, բացահայտման եւ բավարարման ակունքը։

Մինչդեռ յուրաքանչյուր շեղում կարող է անդառնալի կորուստների պատճառ դառնալ։ Եվ այս դեպքում էլ ինչպե՞ս չխոսել երեւույթների ընդհանրացման մասին, որից այնպես խուսափում ու սարսափում է եկեղեցին։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930