Վստահելի՞ են մեր բանկերը
Ռուսաստանի Դաշնության ճգնաժամին կառավարությունը՝ ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի գլխավորությամբ, ստոյիկաբար արձագանքեց։ Հասարակ քաղաքացիների որոշակի տոկոս՝ չվստահելով վերոհիշյալ մարմիններին, բանկերին (թե՛ պետական, թե՛ առեւտրային) վստահած իրենց ավանդները կամ ետ պահանջեցին, կամ տեղափոխեցին «Խնայբանկ»՝ կարծելով, թե այն պետական է, եւ ծայրահեղ դեպքում ավանդներն այստեղ կսառեցվեն, եւ թեկուզ առանց տոկոսների, որոշ ժամանակ անց կվերադարձվեն։ Ճշտելու համար ենթավերնագրի հարցը, դիմեցի Երեւանի ֆոնդային բորսայի տնօրեն Սեդրակ Սեդրակյանին։ Մինչ բուն թեմային անցնելը՝ պրն Սեդրակյանը խնդրեց անպայման արձանագրել հետեւյալը․
– Ես ընդհանրապես ինտերվյուներ չեմ տալիս։ Տալիս եմ միայն տարին մեկ անգամ, մայիսի 31-ին, Երեւանի ֆոնդային բորսայի ծննդյան օրը։ Բայց, հաշվի առնելով Ռուսաստանի ճգնաժամը եւ այն իրարամերժ կարծիքները, որոնք հնչում են, ես կպատասխանեմ ձեր հարցերին։ Հիմա լսում եմ, տվեք հարցը։
– Պարոն Սեդրակյան, Ռուսաստանի ճգնաժամի մասին լուրերը լսելով եւ հետեւանքները տեսնելով, բանկերում իրենց գումարները վստահած մարդիկ շտապեցին կամ հետ ստանալ ավանդները, կամ ոչ պետական բանկերից դրանք տեղափոխել պետական։ Որքանո՞վ է հավանական նրանց մտավախությունը, թե բանկերը «կպայթեն» կամ այս շրջանում այնքան էլ վստահելի չեն։
Կարդացեք նաև
– Այդ հարցը պետք է տալ առնվազն ամիսը մեկ անգամ, քանի որ իրավիճակը կարող է ամիսը մեկ փոխվել։ Ուրեմն, այսօրվա դրությամբ, այս ժամի դրությամբ (զրույցը ուրբաթ օրն էր, ժ. 18-ի սահմաններում – Լ.Ա.), ոչ մի վտանգ չկա։ Ոչ մի վտանգ։ Բայց այդ վտանգը ամեն րոպե կարող է ստեղծվել, նույնիսկ ամենալավ, ամենավստահելի բանկում, եթե այդ բանկի բոլոր ավանդատուները գան ու միանգամից բոլորն իրենց գումարը ետ պահանջեն։ Այնպես որ, հիմա բանկերից ավանդները հանել պետք չէ։ Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ես երեկ բանկում գումար եմ դրել։
– Բայց քանի որ իրավիճակն, ինչպես Դուք եք ասում, ամեն րոպե կարող է փոխվել…
– Իրավիճակն ամեն րոպե չի կարող փոխվել։ Իրավիճակը կուտակվում է, ստեղծվում։ Այն, ինչ կատարվեց Ռուսաստանում, մեկ օրվա, մեկ ժամվա, մեկ տարվա գործունեության հետեւանք չէր. դա տարիների կուտակված իրավիճակ էր, որը պայթեց։ Մեզ մոտ էլ է նման վիճակ կուտակվում, բայց Ռուսաստանի ճգնաժամը սխալ տնտեսական, քաղաքական, գաղափարական, ռազմական քայլերի հետեւանք էր։ Մեզ մոտ նման ճգնաժամի հավանականությունը փոքր է։ Եթե ճիշտ քայլերի գնանք, ճգնաժամ Հայաստանում չի լինի։
– Որքանո՞վ է «Խնայբանկը», որպես պետական կառույց, վստահելի առեւտրային բանկերից։
– Նախ ասեմ, որ մեր մասնագետները հաշվարկներ են արել եւ որոշել այն բանկերը, որոնք շատ վստահելի են, քիչ վստահելի են, կամ ամենեւին վստահելի չեն (պրն Սեդրակյանը ոչ մի պայմանով արդյունքները չցանկացավ հրապարակել)։ Հիմա ասում եք՝ «Խնայբանկ»։ Եթե իմ ասած վստահելի բանկերը ճգնաժամի ընթացքում կվճարեն ձեր գումարը ըստ դոլարի կուրսի, այսինքն՝ ոչ արժեզրկված, «Խնայբանկը» անպայման կվճարի ձեր գումարը, բայց այնքան, որքան ներդրել եք։
Երեկ լրագրողներին զրույցի հրավիրած «Էկոնոմբանկի» խորհրդի նախագահի տեղակալ Աշոտ Օսիպյանը, ինչպես նաեւ պրն Սեդրակյանը վստահեցրին, որ իրենց բանկերի հաճախորդների շահերը բարձր դասելով՝ սկսել են ավանդների ապահովագրման աշխատանքները։ Մեխանիզմը վերցված է ԱՄՆ-ից, որն ունի ավանդների ապահովագրման 60 տարվա փորձ։ Եթե ԱՄՆ-ում, օրինակ, 30թ. ապահովագրվող գերագույն գումարը 5000 դոլար էր, այսօր 100 հազար է։ «Կրեդիտ-Երեւան» բանկը ապահովագրման «առաստաղ» է սահմանել 1000 դոլարը։ Այսինքն՝ եթե ավանդատուն բանկ է հանձնում օրինակ՝ 3000 դոլար, ապահովագրվում է միայն 1000-ը։ Բնականաբար, ապահովագրական ծառայությունը վճարովի է. ավանդից պահվում է որոշակի տոկոս։
«Արտասահմանում ապահովագրվում են, որ դեպքը չլինի։ Մեզ մոտ ապահովագրվում են, որ դեպքը լինի եւ գումարը ստանան։ Օստապ Բենդեր։ Տունն ապահովագրված էր, ու երեկ գիշեր ութ տեղից սկսեց այրվել։ Մերը սովետական հոգեբանություն է, բայց պետք է իմանանք, որ հանգստությունը փող է»,- եզրակացրեց պրն Սեդրակյանը։
Ի վերջո, ո՞րն ընտրել
Ինչպես տարիներ առաջ մարդկանց հուզում էր՝ «ո՞ւր գնալ սովորելու» խնդիրը, նույն սրությամբ էլ այսօր հասունացել է՝ ո՞ր բանկին վստահելու հարցը։ Որքան մեծ է շահութաբերությունը, նույնքան մեծ է ռիսկը։ Օրինակ, ամենաապահովներից է համարվում «Միդլենդ Արմենիա բանկը», որը սակայն, տարեկան ընդամենը 6% է վճարում։ Կան նաեւ բարձր տոկոսներ վճարող բանկեր, որոնց վարկանիշը եւ վստահությունը այնքան էլ մեծ չէ։ Իսկ թե, ի վերջո, որ բանկերին կարելի է վստահել եւ ինչ հիմնավորվածությամբ, պարոն Սեդրակյանը խորհուրդ տվեց պոտենցիալ ավանդատուներին, բանկերի ռեյտինգը եւ ռիսկայնությունը անպայման ճշտել մասնագետների հետ եւ ոչ թե վստահել առաջին իսկ պատահած բանկին եւ խաբվել նրա վճարած բարձր տոկոսներին։
Ըստ վիճակագրության
Բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 1998 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 19588 միլիոն դրամ (հուլիսի 1-ի դրությամբ այն աճել է 7,6 տոկոսով)։ Մասնավորապես՝ «Հայխնայբանկում» ներգրավված ավանդների մնացորդը կազմում է 3119 միլիոն դրամ, իսկ առեւտրային բանկերում՝ 16469 միլիոն։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, «Էկոնոմբանկում» գործում է անվճար խորհրդատվական ծառայություն, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները։