Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Սեպտեմբեր 30,1998 00:00
Vladimir Nazaryan

Ասում է Վլադիմիր Նազարյանը

«Նոյյան տապանի» թղթակցի հարցերին պատասխանում է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ, իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը։

– Պրն Նազարյան, խնդրում ենք մեկնաբանել, կա՞ արդյոք որեւէ տրամաբանություն ԱԺ ընդունմանը ներկայացվող օրենսդրական փաթեթներում։

– Կառավարությունում տարրական պատկերացում չկա մեր օրենսդրության զարգացման ծրագրերի մասին։ Առավոտյան բացելով ծրարը՝ տեսնում եմ՝ օրենք երիկամը տեղափոխելու մասին, օրենք ՍՊԻԴ-ի մասին։ Ինչո՞ւ հենց ՍՊԻԴ-ի մասին, մի՞թե դա ամենահրատապ հարցն է։ ԱԺ-ն կարող է քննարկման դնել, օրինակի համար, տարեկան 50 օրենք, եւ դրանք լինեն անկապ։ Նամակ եմ հղել հանրապետության նախագահին՝ առաջարկելով ստեղծել ՀՀ օրենսդրության զարգացման հեռանկարային եւ կարճաժամկետ ծրագրեր մշակող կենտրոն։ Այն կբացառի այսօրվա ինքնագործունեությունը օրինաստեղծ բնագավառում։ Օրենսդրության անկատար լինելու պատճառով տուժում են կենսագործունեության բոլոր ոլորտները։

– Ներկայումս խոսվում է հրատապ օրենքների փաթեթի ընդունման անհրաժեշտության մասին։ Որո՞նք են այդ օրենքները։

– Արդեն ընդունված Քաղաքացիական օրենսգրքից ուղղակիորեն բխում է 30 օրենքների ընդունման անհրաժեշտությունը։ Կան 7 օրենքներ, որոնց ընդունումը ուշացման ենթակա չէ։ Այդ թվում՝ նոտարիատի մասին օրենքը, պետական գույքի վաճառքի վերաբերյալ օրենքի բարելավումը եւ պետության կողմից գնումներ կատարելու վերաբերյալ օրենքի ընդունումը, որի համար չափազանց լավ մոդելային օրենք է պատրաստվել ՄԱԿ-ի կողմից։ Հետաձգումներ չի թույլատրում արժեթղթերի եւ պայմանագրերի մասին օրենքների ընդունումը։ Կառավարությունը ներկայացնում է ծրագրեր, սակայն երբ հարց ես տալիս, թե ինչ օրենսդրական դաշտ է անհրաժեշտ դրա համար, ասում են՝ չգիտենք։

– Վերադառնանք օրենսդրության հարցերին։ Կառավարության կողմից ներկայացված օրենքները համապատասխանո՞ւմ են, արդյոք, միջազգային չափանիշներին։

– Կառավարության կողմից օրենքներ գրելու բուռն ցանկությունն, իմ կարծիքով, բացատրվում է իրենց արտոնությունները պահպանելու ձգտումով։ Դրա արտահայտությունն է, օրինակ, պետության կարիքների համար ապրանքներ գնելու մասին օրենքը։ ՄԱԿ-ի մոդելից հանվել էին բողոքարկման ողջ արարողակարգերը, ողջ թափանցիկությունը՝ փոխարենը դրվել էր «կառավարության կողմից սահմանված կարգով» արտահայտությունը։ Գերմանացիներն ասում էին մեզ, որ կառավարությունն է այս փողերի ծախսողը, եւ սա այն օրենքն է, որ չպետք է գրի կառավարությունը։ Եթե դուք ձեզ համար հագուստ եք գնում՝ կգնեք որակյալը, սակայն կվճարեք ձեր գրպանին համապատասխան։ Սակայն եթե դուք բյուրոկրատ եք, ապա բանակի համար կարող եք որեւէ ապրանքի (սավան, կոշիկ կամ կարտոֆիլ) համար վճարել կրկնակին եւ տարբերությունը կիսվել։

– Ձեր բերածը երեւի միակ օրինակը չէ։

– Բերեմ երկրորդ օրինակը. կառավարության կողմից համակարգիչներ են գնվել 4500 դոլարով, երբ դրանք կարող էին գնվել 800-ից 1000 դոլարով։ Հատկապես մեծաքանակ գնումների դեպքում կարելի էր դիմել «Այբիէմ»-ին, «Մաքինթոշին» եւ ոչ թե միջնորդ կազմակերպություններին։ Ձեւականորեն երեք կազմակերպություններ են ներկայացել՝ մեկը 4800, մյուսը՝ 4700, երրորդը՝ 4500 դոլար գներով, եւ հաղթել է, այսպես ասած, երրորդը։ Չմոռանաք, որ այդ համակարգիչները հիմնականում ծառայում են որպես գրամեքենաներ։ Քաղաքակիրթ եւ ոչ քաղաքակիրթ իրավակարգի տարբերությունը նաեւ նրանում է, որ քաղաքակիրթ երկրներում առկա են պետական գույքը վաճառելու եւ պետության համար գույք գնելու՝ հասարակության համար վերահսկելի մեխանիզմներ։ Մինչեւ դեկտեմբեր մենք վերջապես կկարողանանք ընդունել տալ այդ օրենքները։ Թափանցիկության շնորհիվ մեր սուղ բյուջեի միջոցները այսուհետ կծախսվեն ավելի նորմալ։

ՎԱԽԹԱՆԳ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

«Նոյյան տապան», հատուկ «Առավոտ»-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930