Նախընտրական շրջայցեր
Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստի ամբողջ ընթացքի ամենահետաքրքիր պահը հայտարարությունների ժամն էր։ Դե, բնական է, նախընտրական շրջան է, եւ այդ միտումները շրջանցելուց չես խուսափի։ Դրա փայլուն օրինակը տվեց «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Երիցյանը, որը պատմեց, որ գյուղերում, հատկապես Վարդենիսի գյուղերում, մարդիկ իսկապես լավ չեն ապրում։
Հաջորդ նախընտրական ելույթն այս շարքում արտաբերեց Տավուշի մարզի հարազատ շեներն այցելած, պառավաքարցի երկրապահ Արամազդ Զաքարյանը։ Նա ընդհանուր նկարագրություն տվեց, թե բնակավայրերի շուրջ 90%-ը սահմանային գոտում են, ուստի պետք է հետեւողաբար լուծել դրանց հարցերը՝ ճանապարհների խնդիրը եւ այլն։ Զարմանալի չի լինի, որ Արամազդ Զաքարյանը պատգամավորության թեկնածու առաջադրվի հենց Տավուշի մարզում։
Արթիկցի Պետրոս Մաքեյանն էլ խոսեց իր ընտրատարածքում գտնվող 22 գյուղերը կատարած այցելության մասին ու բարձրաձայնեց, որ այնքան էլ բարեհաճ տպավորություն չի ստացել։
Կարդացեք նաև
ՍԴ- կոնյակ
Առաջին հայտարարությունն այս հարցի վերաբերյալ «Հանրապետություն» խմբակցությունն արեց, որը հրապարակելու պատիվն ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանին էր վերապահված. «Սահմանադրական դատարանը հրաժարվել է հարցն ըստ էության քննության առարկա դարձնել եւ ընդունել է աշխատակարգային որոշում։ Այսպիսով, ՍԴ-ն իր հերթին խախտեց ՀՀ Սահմանադրությունը։ Մյուս կողմից, իր կեցվածքով ՍԴ-ն անգործունեության միջոցով հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությունը խախտելու փաստերը արդարացնելու վտանգավոր նախադեպ ստեղծեց։ Դա կարող է կազմալուծել պետական կառույցները։ «Հանրապետություն» խմբակցությունը արձանագրում է, որ չի ապահովվել իշխանության տարբեր թեւերի բնականոն գործունեությունը, հետեւաբար՝ էական նահանջ է կատարվել իրավական եւ ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհին ձեռք բերված արժեքներից»։
Հաջորդ քարը նախագահական պալատի ուղղությամբ նետողը Բաբկեն Արարքցյանի գաղափարական ընդդիմախոսն էր՝ կոմունիստ Խորեն Թռչունիչ Սարգսյանը։ Նա նախագահի խորհրդական Արամ Սարգսյանի հեռուստաելույթն այնպես էր հասկացել, որ վերջինս բոլոր ֆրակցիաներին մեղադրել է 1995թ. սեփականաշնորհման ցանկի մեջ կոնյակի գործարանը մտցնելուն կողմ քվեարկելու համար. «Եթե նման սուտ հայտարարություն է անում հանրապետության նախագահի խորհրդականը եւ էդ նույն ստով էլ խորհուրդներ է տալիս, մեր վիճակը, իհարկե, սա կլինի»։ Թռչունիչն իր խոսքն ավարտեց նրանով, որ Կոմկուսը միշտ էլ դեմ է քվեարկել սեփականաշնորհման բոլոր նախաձեռնություններին։
Իմպիչմենտ կառավարությանը
Իսկ այս շարքում անդրանիկ ելույթը Վիգեն Խաչատրյանն ունեցավ։ Առաջին իսկ նախադասությամբ նա սահմանեց, որ Հայաստանում շարունակվում է գործարարությունը ճնշող մթնոլորտի ձեւավորման հաջող ընթացքը։ Շարունակվում են նաեւ կամայականությունները ներմուծողների նկատմամբ, հատկապես մաքսակետերում։ Վիգեն Խաչատրյանն հայտարարեց, որ կազմակերպված ռեկետ է իրականացվում ձեռներեցների նկատմամբ։ Ստեղծվում են արհեստական խոչընդոտներ արտադրողների ճանապարհին, իսկ այս ամենը լիակատար հիմք է գոյացնում, որպեսզի անվստահություն հայտնվի գործադիր իշխանությանը։ Վիգեն Խաչատրյանի գնահատմամբ՝ Ազգային ժողովը ժամանակ կորցնելով անթույլատրելի բան է անում, քանզի այսօրվա կառավարությունը հասկանալով, որ ինքը ժամանակավոր է, գործողությունները կատարում է հենց այդ մտայնությունից էլ ելնելով։
Շատ ավելի գործնական էր «Հայրենիք» պատգամավորական խմբի հայտարարությունը, որը ներկայացրեց պատգամավոր Արմեն Կիրակոսյանը. «Հեղինակավոր իշխանության բացակայության պայմաններում, շարունակվում է ռազմավարական նշանակության անուղղելի հետեւանքներ ունեցող սխալների շարանը։ Այսպես, օրինակ, Բաքվում հրապարակված վարչապետի ելույթը ցույց տվեց, որ իշխանությունն ի վիճակի չէ երկրորդական եւ գլխավոր հարցերը միմյանցից զատելու, կամ ռազմավարական նշանակության առաջնային խնդիրները ձեւակերպելու։
տԽոսքը Եվրամիության կողմից պլանավորվող ՏՐԱՍԵԿԱ կամ Եվրոպա-Կովկաս-Միջին Ասիա մայրուղու մասին է։ Եթե մայրուղին Հայաստանով չանցնի, ապա մենք շարունակելու ենք միջազգային նշանակության տրանսպորտային գլխավոր ուղիներ դուրս գալ այլ երկրների տարածքով, ինչը ապագա շրջափակումների, անդրկովկասյան երեք երկրների միջեւ կոնֆլիկտների առաջացման, անհավասար պայմանների ստեղծման, տարածաշրջանում ապակայունացման հիմք են։ Հիմնախնդիրը մնում է Հայաստանի գործադիր իշխանության կողմից չգիտակցված»։
Իսկ ամենածանրակշիռ հարվածն հասցնողն Վահագն Խաչատրյանն էր, որը խոսեց «Հայկական ավիաուղիների» արդի վիճակի մասին։ Պարզվում է, որ 1998թ. առաջին կիսամյակին, հաշվեկշռային շահույթի առումով, նշյալ կազմակերպությունն արդեն 1 մլն 800 հազար դոլարի կորուստ է ունեցել, ինչը փաստում է «Հայկական ավիաուղիների» անվճարունակ լինելու իրողությունը։ Դա գալիս է վկայելու՝ կառավարությունը հնարավորինս վատացրել է այդ կազմակերպության վիճակը, որը 2-3 ամիս հետո կսեփականաշնորհի ու կներկայացնի այնպես, որ մեծ գործ է կատարել։ Վահագն Խաչատրյանն առաջարկեց սեփականաշնորհման ցուցակից հանել «Հայկական ավիաուղիները»։
Մի ստի պատմություն
Կռիվը Լեոնիդ Հակոբյանի եւ Գրիգոր Ավագյանի միջեւ է ընկել, ու վերջինս էլ որոշել է պատասխան տալ իր գործընկերոջը։ Գրիգոր Ավագյանը, ըստ էության, պարզաբանեց, թե որն է եղել իր այն կեղծ հայտարարության բունը, թե Հայաստանում կարող է 10-11 մլն մարդ ապրել. «Լեոնիդ Հակոբյանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ Հայաստանը ապրել չի կարող, անընդհատ մեր ձեռքը մեկնած պիտի լինի, մուրացկանությամբ պիտի ապրենք։ Դա ինձ վրա ազդեց։ Ես ելույթ ունեցա ու ասացի, որ Հայաստանը 10-11 մլն մարդ կպահի, որպեսզի ընկճված չմնա ազգս, ժողովուրդս։ Եթե ժողովուրդն իմանա, որ ինքն անընդհատ մուրացկանությամբ է ապրում, երեւի խառը-խուռը կանի, ինքն իրեն կսպանի-կկոտորի ու կենդանի չի մնա հայ ազգը։ Բայց պետք է ճիշտը ասել. կեղծիքով ուզում էր ժողովրդին տանել ինքնասպանության։ Այս է եղել ճշմարտությունը»։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ