Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԱԳԵՐԻՆ ԿԵՐԱԿՐՈՂ ԳԱՅԼԻ, ԹԵ՞ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 29,1998 00:00
nkarichneri miutyun

Երեկ սկսվեց Հայաստանի նկարիչների միության XV համագումարը, որի մասին նկարիչ Էդուարդ Խարազյանն ասաց. «…Բան չի փոխվել, 20 տարի առաջ էլ նույն համագումարն էր»։

Նկարիչների մի մասը եկել էր խնդիրներ առաջարկելու համար, մի մասը ելույթներ լսելու, կամ բողոքելու միության եւ երկրի ղեկավարության դեմ, որոշ մասը՝ նկարիչների միության նախագահ դառնալու ակնկալիքով, իսկ մի քանիսն էլ՝ համագումարից զուտ հանդիսատեսի հաճույք ստանալու միտումով։ Համագումարի մասին օրեր առաջ լսելով կարծում էի, թե այսօր նկարիչների համար գերխնդիր պետք է լինի միության լինել-չլինելու, կամ վերջինիս արդիականությունը կամ դերը ճշտելու հարցը։ Սակայն երեկ պարզվեց, որ նկարիչները խոսում են միության պրոբլեմներից, իրենց սոցիալական վիճակը բարելավելուց, եւ հատկապես բոլորին հուզում էր, թե ով է լինելու միության նախագահը։

Ինչպես նկատեցին նաեւ որոշ նկարիչներ, դահլիճում հավաքված էին ըստ «ֆրակցիաների», որոնցից յուրաքանչյուրը մի անձ էր տեսնում միության նախագահի դերում։ Համագումարում միության 900 անդամներից ներկա էին 425-ը։ Ելույթները շատ էին, բայց կներկայացնենք ոչ բոլորը։

Նկարիչների միության համանախագահ Գագիկ Աբրահամյանը ներկայացրեց միության մինչհամագումարային շրջանի գործունեությունը։ Գ. Աբրահամյանը նշեց, որ 1994թ. նախորդած 3 տարիները բոլոր առումներով եղել են ամենադժվարինը միության ողջ պատմության ընթացքում, որ պետական մարմինների եւ հատկապես մշակույթի նախարարության հետ կապը օրեցօր նվազում էր, եւ կշեռքի նժարին էր դրված միության գոյության եւ չգոյության հարցը։

– …1994թ. միության բյուջեն կազմում էր 100 հազար դրամից մի փոքր ավել գումար։ Սա էր մեր ստացած ժառանգությունը. իրենց գոյությունը քարշ տվող կոմբինատներ, որոնք երբեմն չէին կարողանում վճարել էլեկտրաէներգիայի վարձը։

Գ. Աբրահամյանը ներկայացրեց մինչեւ օրս Հայաստանում եւ այլուր իրենց կազմակերպած ցուցահանդեսները, ձեռք բերած կապերը ստեղծագործական եւ այլ կազմակերպությունների հետ, արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ կնքած համաձայնագրերը։

– Անցած 4 տարիների ընթացքում Սիթե են գործուղվել 36 նկարիչ եւ համարյա ոչ մեկի առաջարկը չի մերժվել։ Ընդհանուր առմամբ, 1994-98թթ. արտասահման են գործուղվել 20 նկարիչ։ … Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ եւ օգնեց 5 մլն դրամով։ …Մենք հնարավորություն ունեցանք փոխել միության շենքի տանիքը, թիթեղապատվեց 2000 քառ. մետր մակերես, որի համար ծախսվեց 12 մլն դրամ։ Նորոգեցինք 3 դահլիճները։ Նշեմ նաեւ, որ միության կենսագործունեությունը պահպանելու համար պահանջվում է ամիսը մոտ 1 մլն 200 հազար դրամ, այն էլ կոմունալ ծախսերը, աշխատավարձը եւ պետական հարկերը փակելու համար։ …Դիմել ենք տարբեր կազմակերպությունների՝ հումանիտար օգնությունների համար, նկատի ունեմ հատկացվող մթերքը,- ասաց Գ. Աբրահամյանը, ավելացնելով, որ իրենց միության հարցերի հարցը ֆինանսն է եւ ամենադժվարին ոլորտը՝ կոմբինատների կենսագործունեության խնդիրը։

Թեեւ համագումարում նկարիչները բազմիցս նշում էին վերջին տարիներին իրենց՝ նկարիչների միություն քիչ հաճախելու եւ այլ պրոբլեմների մասին, բայց պրն Աբրահամյանի ելույթից կարելի էր կարծել, թե ամեն ինչ կարգին է, բոլոր նկարիչները ամեն օր պարտադիր միություն են գնում, աշխույժ, գործնական՝ ստեղծագործական, ցուցահանդեսային մթնոլորտ է եւ այլն։ Համագումարին հիմնականում ներկա էր նկարիչների ավագ սերունդը, որն ավելի շատ սոցիալական հարցերի լուծումներ էր պահանջում։

Նկարիչ Արկադի Պետրոսյանը, որ իրավիճակը «տրագիկ» գնահատեց, առաջարկում էր վերանայել միության կանոնադրությունը։ Նա բողոքում էր, որ միության անտարբեր ղեկավարների «աչքերը պտտվում էին, թե ինչ պետք է տանեն տուն»։

– Նա չի մտածում՝ ինչ պետք է տա իր կոլեկտիվին։ Եթե գայլը որսը չբերի տուն, ապա ձագերը կուտեն իրեն։ Իսկ մեզ մոտ մենք ձագեր ենք, ոչ մեկին չենք ուտում, այլ նրանք են մեզ ուտում։ Այդպես չի լինի, ընկերնե՛ր, լավ մտածեք։ Էլի ընտրեք ձեր գայլին, բայց… կանոնադրությունը պիտի վերանայեք։

Ա. Պետրոսյանը բողոքեց արվեստաբաններից, որ ոչ մեկի արվեստանոցի դուռը չեն ծեծում՝ «ասեն՝ ի՞նչ ես անում»։ Եվ ամոթ տվեց, որ «թխած» նկարները դնում են ցուցահանդեսում ու գովում. «Գրքերը բերեմ, ցույց տամ. նույն նկարը՝ մեծացրած…»։

Առաջարկություն եղավ ընտրել համագումարը վարող նախագահ։ Մեկ նախագահի փոխարեն ընտրվեցին 4-ը։ Հայտարարվեց ընդմիջում։ Մեկ ժամ հետո ներկա նկարիչների կեսից ավելին դահլիճ վերադարձավ ոգելից խմիչքների բուրմունքներով։ Այդ ընթացքում արվեստաբան Էլլա Զաքարյանի հետ զրուցեցի նկարիչների միության նշանակության մասին։

– …Գուցե թե շարքային նկարիչների համար անհրաժեշտ է, բայց չեմ պատկերացնում, թե հետագայում միությունն ի՞նչ կարող է անել,- ասում է Է. Զաքարյանը։- Իրենք հիշում են հին միությունը, որը իրենցից նկարներ էր գնում եւ ֆինանսական օգնություն էր ցույց տալիս իրենց։ Պատկերացնում են, որ դա կարող է կրկնվել։ Իմ կարծիքով, հետադարձ չկա, չի կրկնվի, բայց եթե ազնիվ եւ ուժեղ, իսկապես արվեստի մասին մտածող մարդիկ լինեն, կկարողանան ինչ-որ բան անել։ Հիմա նախարարությունն էլ չի կարող գնել իրենց նկարները… Հայ արվեստի մրցողունակության հարցն է բարձրանում, իսկ իմ կարծիքով, ի տարբերություն իրենց, հայ արվեստը մրցողունակ չէ։ Իրենք ասում են, որ Եվրոպայում արվեստի կրիզիս է, որովհետեւ նկարել չգիտեն, իսկ իրենք գիտեն։ Բայց թե ո՞ւմ են պետք իրենց նկարած դիմանկարները՝ դա արդեն հարցի մյուս եւ հիմնական կողմն է։ Բայց արդյո՞ք 20-րդ դարի վերջին նկարչությունը միայն գրագետ նկարելն է… 20-րդ դարի վերջի արվեստագետի համար միտքն է կարեւոր։

Դահլիճում հնչում էր միության նախկին նախագահներից մեկի՝ Սարգիս Մուրադյանի ձայնը, որը նկարիչներին հիշեցնում էր միության կողքին գտնվող շենքը վաճառելու եւ Պողոս Հայթայանի դեմ դատաքննություն սկսելու մասին, ասելով, որ Պ. Հայթայանը մենակ չի արել, այլ դրանով զբաղվել է միության վարչությունը, խորհուրդը։

– Դա իրենց հարցն է, թող իրենք իրենց մեջ պարզեն։ …Ես այս բոլորը ասում եմ, որ մենք կորցնելով եկել-հասել ենք այս օրվան,- շատ «անմեղ եւ մտահոգ» տոնով ասաց ժողովրդական նկարիչ Ս. Մուրադյանը, ապա, ի զարմանս շատերի, կտրուկ անցում կատարեց դեպի երիտասարդ սերունդը, հատկապես ավանգարդիստները։ – …Այստեղ չեմ տեսնում այն երիտասարդներին, որոնք մի մեծ բանակ են եւ զբաղված են լուրջ, նվիրված նկարչությամբ։ …Դրանք այսօրվա մեր ավանգարդիստներն են, որոնք իրենց ցուցասրահում շատ հաճախ ցուցադրվում են, բայց նրանք չեկան-չմասնակցեցին, ասելով՝ գանք ի՞նչ անենք, մեզ բանի տեղ չեն դնում։ …Ավանգարդիստները դա լուրջ ուղղություն է, ամբողջ աշխարհն ունի, մենք էլ ունենք։

Ս. Մուրադյանը ապա երկու առաջարկ արեց.

1) դիմել Հայաստանի նախագահին եւ կառավարությանը՝ ամեն ջանք գործադրելու նկարիչների միության ցուցասրահները կիսակառույց վերադարձնել միությանը եւ օգնել վերականգնելու դրանք,

2) դիմել ԱԺ, որպեսզի քննարկեն ստեղծագործական չորս միությունների հարցը եւ այդ միություններին ու նկարիչներին ազատել հարկերից։

Ելույթները տաքանում էին. մեկը բողոքում էր, որ իր 70-ամյակը անցավ, շուտով 75-ն է գալու, բայց ինքը, որ այդքան տարվա միության անդամ է, շրջանակ, ապակի չունենալու պատճառով չի կարողանում անհատական ցուցահանդես անել։ Հենրիկ Իգիթյանը խնդրում էր բոլորին ոչ թե «կաֆեներում», այլ ամբիոնից խոստովանել, որ ուզում են միության նախագահ դառնալ, ծրագիր ներկայացնել. «Եկեք համագումարը չդարձնենք մկների ժողովը»։ Արվեստաբան Մերի Երզնկյանն առաջարկեց միության տպարանը ծառայեցնել նկարիչներին։ Ելույթներից կախված՝ դահլիճը մեկ դատարկվում էր, մեկ՝ լցվում։

Միջանցքում զրուցեցի նկարիչ Արարատ Սարգսյանի հետ, որն էլ առաջարկում էր, որ միության բաժանումը ոչ թե լինի արհեստավորական, համքարային, այլ՝ գաղափարական. «Այն միությունը, որ այսօր ունենք՝ չի աշխատելու, պետք է նոր կառուցվածք մտածել»,- ասաց նա։ Ավագ սերնդի նկարիչ Էդուարդ Խարազյանն էլ այդ պահին միջանցքում էր։ Է. Խարազյանին դիմեցի՝ նկարիչների միությունից եւ այդ համագումարից իր սպասելիքների հարցով։

– …Այստեղ համագումար չկա, այլ կա ջնջելու ունակություն՝ իրար ատելու, չսիրելու։ Մինչեւ դա չկորի, միություն չի ստեղծվի։ Եթե մոդելը չփոխվի, ապա ի՞նչ կարելի է սպասել միությունից։ Ձեւի մեջ է պառավ, սպառվել է, թե չէ՝ ջահել նկարիչս ո՞րն է։ Սարյանը, Քոչարը, Ռեմբրանդը ջահել չե՞ն։ Սովետական գաղափարախոսությամբ էլ չի կարելի ապրել, էս միությունը պետք է փոխվի իր էությամբ, պիտի հասկանա, որ ինքն իրեն պետք է ղեկավարի, ոչ թե սպասի, խնդրի՝ մի քիչ փող տան։ Հիմա եկել-հաշիվներ են մաքրում՝ ո՞վ կդառնա ղեկավար, ո՞ւմ է այդ աթոռը պատկանելու։

Մի քանի նկարիչներ միջանցքում հիշում էին, թե ինչպես Ս. Մուրադյանն իր ղեկավարած տարիներին «չէր սիրում» ավանգարդիստներին։ Է. Խարազյանը, որ «էն ժամանակները» շատ լավ էր հիշում, ասաց. «Էն ժամանակ տոտալիտարիզմի միություն էր, սովետական ռեալիզմի տոտալիտարիզմն էր, եւ հենց դրա համար էլ Սարգիսին հանեցին։ Հիմա այսօր ինքը ասում է ավանգարդիզմի մասին… Ինձ ծիծաղելի է, քանի որ երկար ժամանակ այդ միություն հնարավոր չէր մտնել։ Հիմա ավանգարդի անունը ով որ տա՝ սպեկուլյացիա է դա, ավանգարդը իրենց հետ կապ չունի։ …Հիմա, հա՛, ուզում են առնել։ Չի լինի առնել. եթե ավանգարդիստը առնվի՝ կդառնա կոնֆորմիստ»։

Այսօր համագումարը կշարունակվի, ելույթներ կլինեն, միության բյուրո կընտրվի եւ ապա… ՀՀ նկարիչների միության նախագահ։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930