Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՄՏՆԵԼ ՆՈՒՅՆ ԳԵՏԸ, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, ՄՆԱԼՈՎ ՉՈՐ»

Սեպտեմբեր 29,1998 00:00
Hmayak Hovhannisyan

Վերջերս Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի կողմից 1999թ. գարնանը կայանալիք ընտրությունները բոյկոտելու մասին ասեկոսեները բխում են հանրապետությունում գործող կուսակցությունների մեծամասնության, այդ թվում նաեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ), մտահոգությունից, խորհրդարանի սրահներում ընտրությունների օրինագծերի վերաբերյալ քննարկումներից։

Այդ մասին հայտարարել է ՀԺԿ-ի քաղաքական քարտուղար Համայակ Հովհաննիսյանը «Սնարքի» թղթակցի խնդրանքով՝ մեկնաբանել մի շարք խոշոր քաղաքական կազմակերպությունների՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հնարավոր մերժման հարցի շուրջ տեղի ունեցած խորհրդակցությունները։

«Ընտրությունների բոյկոտի մասին խոսելը վաղ է, քանի դեռ կան արդար օրենքի ընդունման հնարավորություններ։ Սակայն, դրանք բաց թողնելու դեպքում, չի կարելի բացառել հետեւյալը՝ քաղաքական կուսակցությունները եւ ժողովուրդը վերջին տարիների տխուր փորձից հետո բոլոր հիմքերն ունեն հույս չդնել իշխանությունը կրողների բարի կամքի վրա։ Հետեւաբար, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է միայն արդյունավետ օրենսդրություն, որը կբացառի քվեարկության արդյունքների կեղծման հնարավորությունը։

Իշխանությունները պետք է, վերջապես, հասկանան, որ այդպիսի օրենսդրության համար պետք է շահագրգռված լինեն ոչ միայն հասարակությունը եւ քաղաքական ուժերը, այլ նաեւ իրենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ադմինիստրացիայի փորձը ակնհայտորեն ցույց է տվել, որ նույն գետի մեջ մտնելու եւ, այդուհանդերձ, չոր մնալու, երկրորդ փորձը մատնված է ձախողման։ Ներկայիս ադմինիստրացիայի համար առաջին զանգը հնչել է 1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ։

Երկրորդ զանգը, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում, կարող է նրա համար լինել ճակատագրական։ ՀԺԿ-ն ամեն ջանք կգործադրի՝ բացառելու իրադարձությունների այդպիսի զարգացում, ապահովելու ընտրությունների մասին ներկայիս օրենսդրության համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, այդպիսով վերականգնելով Հայաստանի ժողովրդավարական իմիջը։ Կուսակցության այս դիրքորոշումը բխում է նրա ծրագրի ոգուց եւ տառերից։ Այսօր պարտադիր է սահմանել այն հիմնական չափանիշները, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների մասին օրենքին։ Դրա համար, առաջին հերթին, պետք է ապահովել հնարավորությունների հավասարություն ռեալ կուսակցությունների համար։ Սակայն չի կարելի ելնել 1995թ. ընտրությունների արդյունքներից, որոնց իսկությանը ոչ ոք Հայաստանում չի հավատում եւ հավատալու հիմք էլ չունի։

1998թ. ընտրությունների արդյունքները, ազգային կամքի արտահայտության ռեալ պատկերին չհամապատասխանելու հետ մեկտեղ, այդ իմաստով հանդիսանում են ավելի վստահելի հենակետ ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների ներկայացուցիչների քվոտայի որոշման համար։ Ժամանակագրական տեսակետից՝ դրանք մոտ են 1999թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ միայն այդ պատճառով ինչ-որ կերպ արտահայտում են երկրի քաղաքական ուժերի ռեալ դասավորությունը։ Մեր կուսակցությունն իրավունք ունի հուսալ բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներում համապատասխան ներկայացուցչության համար։ Մենք չենք հանդուրժի այդ հարցում որեւէ խտրականություն, քանի որ ՀԺԿ-ի իրավունքներն ապացուցելի են երկու անհերքելի փաստով։

Առաջինը՝ Կարեն Դեմիրճյանը կուսակցության հիմնադիրն է եւ ղեկավարը։ Երկրորդ՝ համագումարի ժամանակ ՀԺԿ-ն իր ծրագրի հիմք է ընդունել Դեմիրճյանի նախընտրական պլատֆորմը։ Այս երկու գործոնները վկայում են, որ ՀԺԿ-ի ստեղծումը 1998թ. ընտրություններում Կարեն Դեմիրճյանի կողմից հասած արդյունքների նյութականացումն է եւ քաղաքական հետեւանքը։ Եվ դրա հետ պետք է հաշվի նստեն քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցները։ Ընտրական օրենսդրության արդարության երկրորդ չափանիշը ընտրական հանձնաժողովներից իշխանության բոլոր բնագավառների ներկայացուցիչների բացառումն է։

Երկրում գոյություն ունեն կառավարականամետ կուսակցություններ, որոնք բավական շատ են, որպեսզի պահպանեն իշխող ադմինիստրացիայի շահերը։ Իշխանությունների կողմից ցանկացած այլ լրացուցիչ ներթափանցում կդատապարտվի ժողովրդավարական հասարակության կողմից ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում։ Արդարության երրորդ կարեւոր չափանիշը համաչափ համակարգի գերակշռությունն է ընտրությունների մաժորիտար համակարգի վրա՝ կուսակցությունների համար 101, իսկ միամանդատ շրջանների համար 30 մանդատ հարաբերակցությամբ։

Այս չափանիշը կարեւոր է, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ թույլատրելի չէ երկրի ճակատագիրը կախման մեջ դնել անհատներից, որոնք պատասխանատվություն չեն կրում իրենց գործողությունների համար։ Դրա արդիականությունը պայմանավորվում է նաեւ երկրում ժողովրդավարական քաղաքական արդյունավետ համակարգի ստեղծմամբ, որի դեպքում կուսակցությունները ժողովրդին առաջարկում են երկընտրական ծրագրեր եւ, փոխարինելով մեկը մյուսին, ապահովում են նորմալ ու կայուն քաղաքական զարգացում։

Մեզ պետք չեն բասկետբոլի պրոֆեսիոնալ խաղացողներ, որոնք գնդակի փոխարեն օգտագործում են ժողովրդի ճակատագիրը։ Մեզ անհրաժեշտ են երկրի վերածննդի վերաբերյալ իրենց ծրագրերով պատասխանատու կուսակցություններ»,- հայտարարել է ՀԺԿ-ի քաղաքական քարտուղար Համայակ Հովհաննիսյանը։

ՍՆԱՐՔ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930