Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՂԻՆՁԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ԹՈՒՆԱՎՈՐ ՕԴԸ՝ ԱԼԱՎԵՐԴՑԻՆԵՐԻ՞Ն

Սեպտեմբեր 29,1998 00:00
gorcaran

Է՜հ, վարչապե՜տ, վարչապե՜տ

Ալավերդի քաղաքի 255 բնակիչների ստորագրությամբ այս տարվա հունիսի 10-ին նամակ է ուղարկվել ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանին, ուր ներկայացվել են Ալավերդու «Վալեքս» գործարանի արտանետումների աղետալի հետեւանքները մարդկանց առողջության վրա։ Թերեւս նամակագրության ժանրը հնացած համարելով է, որ վարչապետը մինչ օրս անարձագանք է թողել նամակը։

«Երկիր» եւ «Ազգ» թերթերում արդեն հրապարակումներ եղել են այս թեմայով, սակայն լոռեցիները փորձում են պաշտպանել իրենց՝ գոնե կիսաաղտոտված օդ շնչելու իրավունքը։ Այս անգամ՝ «Առավոտի» միջոցով։

Ածխաթթուն էլ է՞ ալլահ վերդի*

Ալավերդու Լեռնամետալուրգիական գործարանը ողջ հզորությամբ աշխատում էր մինչեւ 1989 թվականը։ Գործարանում օրական արտադրվում էր մինչեւ 125 տոննա մաքուր պղինձ։ Թեեւ ԽՍՀՄ-ի խոշորագույն լեռնամետալուրգիական գործարանն էր, եւ Ալավերդին իր բնակիչներով շնորհիվ այս գործարանի էր հիշատակվում, այնուամենայնիվ Ալավերդին համարվում էր Հայաստանի էկոլոգիապես ամենակեղտոտ քաղաքներից մեկը։ Եվ սա այն դեպքում, երբ գործարանի արտանետումները զտվում էին հատուկ զտիչ ֆիլտրերով։ Այս գործարանը հիմնվել էր 1770 թվականին՝ ֆրանսիացիների օժանդակությամբ։ Աշխատում էր Շամլուղի, Ախթալայի պղնձի հանքերի հումքերով։ 1997-ին Ալավերդու լեռնամետալուրգիական գործարանը վաճառվում է «Վալեքս» ընկերությանը։ Ըստ վարչապետին հղած նամակի՝ «… Գործարանն արտադրում է սեւ պղինձ՝ չունենալով համապատասխան օդազտիչ սարքավորումներ։ Թունավոր գազերն անարգել օդ են արտանետվում եւ մառախուղի պես նստում քաղաքի վրա։ Կոմբինատի աշխատակազմը՝ 20-30 հազար մարդ, զրկված է առողջությունից»։ Ապա միամտաբար կոչ է արվում վարչապետին՝ արթնացնել մարդկային խիղճը, «ազդել համապատասխան անձանց վրա»։

Մինչ մարդկային խիղճը արթուն չէ՝ աշխատում է «Վալեքսը»։ Գործարանը կիսված է երկու մասի՝ «Վալեքսի» եւ «Մանես-Վալեքսի»։ «Վալեքսի» տնօրենը Կոլյա Ֆեոֆանովն է, գլխավոր տնօրենը՝ Օրբելի Թարմինյանը։ «Մանես-Վալեքսի» փոխտնօրենը վերջինիս տղան է։ Ըստ նամակագիրների՝ իրենք տնօրենները, չեն սիրում շնչել աղտոտված օդ, այդ իսկ պատճառով բնակարաններ ունեն Օձունում (սա բարձր տեղ է, ածխաթթվի համար՝ անհասանելի)։ Հումքը գնվում է Քաջարանից, բերվում Ալավերդի, մշակվում եւ ստացվում է սեւ պղինձ, տիտան, անագ։ «Վալեքս» ընկերությունը ստանձնում է լեռնամետալուրգիական գործարանի պարտքերը եւ դառնում «մայր» գործարանը։ Պարտքերը մարելու պատրվակով՝ կամաց-կամաց վաճառվում են օդազտիչ սարքավորումները (որպես ավելորդ շռայլություն), ծծմբաթթվային արտադրամասը։ Ստացված գումարները ծախսվում են «Մանես-Վալեքսի» ոչ մաքուր պղնձի արտադրության զարգացման վրա։

Ապօրինի արտադրանքը Ջիլիզայով տարվում է Փոթի եւ վաճառվում, որտեղից էլ մեր պղինձը նավերով ճամփա է ընկնում Թուրքիա։ Ալավերդցիները Ֆեոֆանովին են հանձնում նաեւ ձեռքի տակ եղած մետաղի ջարդոնը (Ֆեոֆանովի առաջարկով)։ Գյուղացիները չեն խնայում իրենց գութանն ու այլ գործիքները, քանի որ դրամի խիստ կարիք ունեն (մետաղի տոննան գնում են 15-18 դոլարով)։ ՀՀ բնապահպանության նախարարության հյուսիսային տարածքային բնապահպանական պետական տեսչությունից ճշտեցինք, որ մի երկու ամիս առաջ՝ համաձայն տարածքային բնապահպանական պլանային ծրագրի եւ բնակիչների բողոքների՝ այստեղի մասնագետները նախարարության հանրապետական տեսչության մասնագետների հետ ստուգումներ են անցկացրել։ Պարզվել է, որ գործարանի չնչին հզորությամբ աշխատելու պայմաններում Ալավերդու մթնոլորտում ծծմբի երկօքսիդը երկու անգամ ավելի է նորմայից։

Ըստ վերոնշյալ տեսչության աշխատակիցներից մեկի՝ որոշվել են արտանետվող թունավոր նյութերի կազմությունը, թունավոր գազերի, փոշու եւ ջրային զանգվածների քանակը։ Կազմվել է արձանագրություն, որոշվել է վնասը։ Իսկ ըստ նույն հիմնարկի տնօրենի՝ որեւէ արձանագրություն չի կազմվել։ «Գործարանն աշխատում է փոքր հզորությամբ։ Առանց այդ էլ ընկած են, հիմա էլ մենք չհարվածենք»,- առաջարկեց նա։ Իմ այն հարցին, թե՝ բա ժողովո՞ւրդը։ «Է, ժողովուրդը՝ ի՞նչ, գոնե աշխատում են»։ Ի դեպ, գործարանի՝ առանց օդազտիչ սարքերի, կիսատ տեխնոլոգիայով աշխատելու թույլտվությունը տվել է ՀՀ բնապահպանության նախարարությունը։ Իսկ ալավերդցիները դեռ շնչում են, դրան գումարած՝ նաեւ արտաշնչում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ 

* Ալլահ վերդի = աստվածատուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930