1995 թ. ԱԺ ընտրություններին հաջորդած ցանկացած ընտրություն ԱԺՄ-ն համարում էր կեղծված։ Կեղծիքի հիմնական մեղավորն ու իրագործողը հանձնաժողովներն էին, որտեղ ՀՀՇ-ն կամ իշխանությունները ունեին զգալի առավելություն։ Հոկտեմբերի 25-ին ԱԺ պատգամավորների լրացուցիչ ընտրություններում հանձնաժողովներ ձեւավորելիս ԱԺՄ-ին հաջողվեց նախկին իշխանությունների հենարան մի շարք կուսակցություններից ստանալ ԱԺՄ համակիրներով այդ հանձնաժողովները լրացնելու թույլտվություն։
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում էր թիվ 40 ընտրատարածքում ստեղծված իրավիճակը։ Հանձնաժողովի ԱԺՄ-ական նախագահ Արշալույս Սարգսյանը, խախտելով օրացուցային պլանը, հանձնաժողովների կազմերի ամրագրումը կատարել էր ոչ թե մինչեւ սեպտեմբերի 20-ը, այլ 23-ին։
ԿԸՀ-ին ներկայացվել էր այս ընտրատարածքում օրացուցային պլանը փոխելու որոշման նախագիծ։ Այս անգամ օրենքի պաշտպանի դերում հանդես եկող Արտյոմ Մովսիսյանը պահանջեց չխախտել օրենքը. «Թեկուզ ընտրություններն էլ տապալվեն»։
«Բայց տակը կարող են մարդիկ մնալ», կատակեց Նորայր Խանզադյանը։
Կարդացեք նաև
«Այ քեզ բան, ովքեր են այսօր խոսում օրենքից։ Օրենքը մեկնաբանելու իրավունք միայն ԱԺ-ն ունի»,- բորբոքված վրա տվեց պարոն Բերիկյանը։
«Օրենքը ԱԺ-ն է մեկնաբանում»,- ուղղեց Արմենուհի Զոհրաբյանը։
«Էդ մեկը լավ եք սովորել»,- հեգնեց պարոն Բերիկյանը։ Ընդհանրապես, ամբողջ նիստն անցավ Ֆիլարետ Բերիկյանի եւ Արմենուհի Զոհրաբյանի անհաշտ բանավեճի մթնոլորտում, եւ մի պահ խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար տիկին Զոհրաբյանը ընդդիմադիր կողմին առաջարկեց կիսել լիազորությունները։
«Այդ հանձնաժողովում հիմնականում հավաքված են մի կուսակցության ներկայացուցիչներ, որոնք աշխատում են մի մարդու համար։ Մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին չեն էլ հրավիրում»,- վիճակը ներկայացրեց տիկին Զոհրաբյանը։
Իսկ երբ հանձնաժողովի անդամներից մեկը հետաքրքրվեց, թե որ կուսակցության, Ֆիլարետ Բերիկյանն անմիջապես պատասխանեց. «Եթե Արմենուհին է ասում, ուրեմն՝ ԱԺՄ»։
Ի վերջո, ԿԸՀ-ն որոշեց փոփոխել օրացուցային պլանը։ Թիվ 45 ընտրատարածքում ստեղծված իրավիճակը առավել քան հետաքրքիր է։ ԱԺՄ-ն ունենալով մեծամասնություն, նախագահ էր ընտրել Ատոմ Սիմոնյանին։ Սակայն, երբ երեք կուսակցություններ՝ ի վնաս ԱԺՄ-ն փոխել էին իրենց ներկայացուցիչներին, դրվել էր նախագահին՝ անվստահություն հայտնելու հարցը։ Նիստը ընդհատելով, Ատոմ Սիմոնյանն իր հետ էր տարել կնիքը եւ փաստաթղթերը։ Հանձնաժողովը շարունակել էր նիստը եւ ընտրել նոր նախագահ։ Ներկայացված որոշման նախագիծը, հանձնաժողովի նախագահի ընտրությունը համարվում էին օրինական եւ առաջարկվում էր դիմել ՀՀ դատախազություն՝ պարոն Սիմոնյանին պատասխանատվության ենթարկելու համար։
Նախ, Ատոմ Սիմոնյանը գտնվում էր դահլիճում, եւ մի քանի անգամ հավաստեց, որ ինքը հեռացել է, քանի որ օրակարգում նախագահին անվստահություն հայտնելու հարց չի եղել, եւ բացի այդ, ինքը որեւէ կնիք չի գողացել եւ կարող է այն վերադարձնել։ Պարոն Բերիկյանը, սակայն, պահանջեց անպայման դիմել դատախազություն, որը պետք է բացահայտի ԿԸՀ-ի կատարած հանցագործությունները։ Պարոն Բերիկյանը ավելացրեց, որ այդ հանձնաժողովում կրկին տեղի է ունեցել «տեր ողորմյա», այսինքն՝ իրենք կրկին մեծամասնություն ունեն։
Ի վերջո, ԿԸՀ-ը որոշեց օրինական համարել նախագահի ընտրությունները, բայց ԿԸՀ-ի փոխնախագահ Ռուբեն Մանուկյանի պնդմամբ հանվեց դատախազություն դիմելու պահանջը։ Գյումրիի թիվ 54 ընտրատարածքային հանձնաժողովի 8 անդամներ ԿԸՀ-ին էին դիմել հանձնաժողովի նախագահի անօրինական գործողությունների համար նրան անվստահություն հայտնելու պահանջով։ ԿԸՀ ներկայացած հանձնաժողովի նախագահը, որը 18 տարվա կոմունիստ է, որպես արդարացում ասաց, որ իրենց ԱԺՄ-ականները սպառնում են Դավիթ Վարդանյանով։ Սակայն այս հարցը որեւէ տրամաբանական վերջ չունեցավ։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ