Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վովա Հախվերդյանը պայքարում է Հրանուշ Խառատյանի դեմ

Սեպտեմբեր 29,1998 00:00
Hranush Xaratyan

Եվ ջենթլմենաբար հաղթում

Մայրաքաղաքի թիվ 40 ընտրատարածքում ԱԺ թափուր տեղերի համար դիմումներ էին ներկայացրել ԱԺՄ անդամ, ԿԸՀ նախկին անդամ (եւ ԿԸՀ անդամների ակնհայտ աջակցությունը վայելող) Վովա Հախվերդյանը, Հակոբ Ասլանյանը, Արայիկ Մուրադյանը եւ Հրանուշ Խառատյանը (ԵՊՀ ազգագրության ամբիոնի վարիչ)։ Վերջին երեքը՝ քաղաքացիական նախաձեռնությամբ։

Հրանուշ Խառատյանն իր դիմումն ու փաստաթղթերը ներկայացրել է սեպտեմբերի 15-ին, ժ. 17.30-ին (վերջնական ժամկետը ժ. 18-ն էր)։ Փաստաթղթերից պակասում էր տեղեկանքը գրանցման եւ բնակության վայրի մասին, տկն Խառատյանը տեղամասային հանձնաժողովում է թողնում անձնագիրը (որը հանձնաժողովի անդամները վերցնում են) եւ գնում ԲՇՏ՝ բերելու տեղեկանքը։ ԲՇՏ-ն փակ էր, իսկ մինչ այդ տեղամասային հանձնաժողովը կապվում է ԿԸՀ եւ ստանում հրահանգ՝ չընդունել Հրանուշ Խառատյանի փաստաթղթերը։

Վովա Հախվերդյանի փաստաթղթերից էլ, ի դեպ, պակասում էր գրանցման վկայությունը, թերի էին նաեւ Հակոբ Ասլանյանի փաստաթղթերը, սակայն թիվ 40 տեղամասի ընտրական հանձնաժողովը (17-ից նիստին մասնակցում էին 13-ը)՝ հավատարիմ կեղծ ընտրությունների սուրբ վարվելակարգին՝ մերժեց Հրանուշ Խառատյանի փաստաթղթերը պատգամավորության թեկնածության հիմք ընդունել (3 կողմ, 9 դեմ, 1 ձեռնպահ)։

Ոգեւորությամբ եւ խանդավառությամբ որոշվեց՝ որպես թեկնածու գրանցել Հակոբ Ասլանյանին (8 կողմ, 5 դեմ), միաձայն՝ Արայիկ Մուրադյանին եւ Վովա Հախվերդյանին (9 կողմ, 3 դեմ)։ Նիստը դեռ չավարտված՝ հայտարարություն արեց եւ նիստի խարխուլ դասասենյակը լքեց ԻՄ ներկայացուցիչ Լյովա Մնացականյանը՝ հայտարարելով, որ իրեն միտումնավոր տեղյակ չեն պահել հանձնաժողովի նախորդ նիստերին, որ ողջ հանձնաժողովը զբաղվում է կեղծիքներով։ Ներկա տիկնայք ցածրաձայն շշնջում էին. «Լյովա, համաձայն չե՞ս, ձեռնպահ մնա։ Մի աղմկի, ամոթ ա»։

Ի պատասխան՝ Լյովան իր ԻՄ-ական լինելու հանգամանքը մեջտեղ բերեց։ Հանձնաժողովի նախագահ Արշալույս Սարգսյանը քիչ էր խոսում, իսկ խոսելիս էլ միայն ասում էր, թե ինքը օրենքից բան չի հասկանում։ Առհասարակ, ողջ նիստը աղմուկ-աղաղակի, միմյանց համոզելու, կեղծիքները թաքցնելու անորոշ ու տհաճ մթնոլորտում էր ընթանում։ ԿԸՀ-ի մասին հիշելիս՝ հիշատակվում էին նաեւ 96-ի կեղծ ընտրությունները, հատկապես Բեզիրջյանի՝ «օրենքի գլխից 2 ոտքով թռչելը»։ Խորհրդակցական ձայնի իրավունքով ներկա իրավաբանն այս նիստի որոշումները համարեց քրեորեն հետապնդելի եւ խոստացավ հարցը տեղափոխել դատարան։

Սպառնալիքից ազդվողներ չեղան։ Ընդ որում, յուրաքանչյուր հարց, որը տրամաբանորեն 15 րոպեի լուծելիք էր, որոշվում էր երկար ու անպտուղ քննարկումներով, վիրավորանքներով, ձանձրալի հետեւություններով եւ եզրափակվում օրենքին հակասող որոշումներով։ Հերոսաբար հաղթահարելով Հրանուշ Խառատյանի արգելքը՝ Վովա Հախվերդյանը՝ իր հաղթանակով հպարտ, որպես արդար ընտրությունների ջատագով, կմտնի խորհրդարան (սրանք ենթադրություններ են)։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930