Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹՈՒՄ Է ԴԱՀԼԻՃԸ

Սեպտեմբեր 29,1998 00:00

Չջարդվող աթոռներ

Ազգային ժողովի՝ սեպտեմբեր 28-ի սկզբի ամենանշանակալի իրադարձությունն այն էր, որ շնորհավորեցին Գրիգոր Ավագյանի ծննդյան տոնը։ Նա հինգ օր առաջ դարձել է 70 տարեկան։ Իսկ հետո փորձ արվեց սովորական հունով փոփոխություններ կատարել Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մեծ օրակարգում եւ հաստատել փոքր օրակարգը, սակայն այս անգամ իրադարձությունները վերջին 4-5 տարվա ընթացքը չունեցան։ Քանի դեռ չենք անցել բուն բովանդակությանը, արձանագրենք եւս մեկ-երկու կարեւոր իրողություն։

Անցյալ նիստի ժամանակ Պարույր Հայրիկյանը, փորձելով բազմել իր աթոռին, քիչ մնաց վայր ընկներ, որից հետո իրեն բնորոշ պարզությամբ բարձրաձայնեց, թե կարեւորը ջարդվող աթոռի վրայից չընկնելն է։ Այս անգամ Հայրիկյանը որոշել էր, որ բանն աթոռի ջարդվելուն չպետք է հասնի։ Մինչ նա տեղ կզբաղեցներ, մի լավ քաշքշեց, հետ ու առաջ արեց իր աթոռը ու հետո միայն, երբ արդեն Ներսես Զեյնալվանդյանն էլ էր հավաստիացրել, որ կահույքն անվնաս վիճակում է, նոր միայն հարկ համարեց «տեղ բռնել»։

Ի դեպ, սեպտեմբեր 28-ի նիստը նշանակալից էր մեկ այլ առումով եւս. այդ օրը Ազգային ժողով ժամանեց նախագահական աշխատակազմի վերջին պատգամավոր ներկայացուցիչը, որն այս նստաշրջանում ոտք չէր դրել խորհրդարան։ Խոսքն, իհարկե, Դավիթ Վարդանյանի մասին է, որը սակայն մինչեւ վերջ ԱԺ-ում մնալու ժամանակ չունեցավ։ Նորից գանք ջարդված, ներողություն, նաեւ դատարկ աթոռի թեմային։ Այն այս անգամ առանց որեւէ քվեարկություն բաց թողնելու, քվեարկում էր Սերգեյ Բադալյանի կամքի համաձայն։ Միայն մեկ վերապահմամբ։

Իրողությունն այն է, որ դա տեղի էր ունենում Վլադիմիր Դարբինյանի ձեռամբ։ Իսկ Սերգեյ Բադալյանն ընդհանրապես խորհրդարան չներկայացավ։ Չենք կարող հստակորեն պնդել, որ դա տեղի է ունեցել անցյալ անգամ նրա աթոռի կոտրվելու պատճառով, որից, ի դեպ, վայր ընկնողը ոչ թե ինքն էր, այլ Գագիկ Թադեւոսյանը։ Այս անգամ Բադալյանի տեղը թափուր էր, իսկ Գագիկ Թադեւոսյանը տեղ էր զբաղեցրել ջարդված աթոռի շարքում գտնվող ամենահեռու նստարանին։ Համերաշխ ճանապարհ առ հաղթանակ Արդեն գեշ «խասյաթ» է սարքել «Հայրենիք» պատգամավորական խմբակցության նախագահ Էդուարդ Եգորյանը՝ ամեն անգամ պղտորել ԱԺ զուլալ ակունքներից բխող ջրերը։

Այս անգամ էլ նա վեր կացավ ու մարտահրավեր նետեց Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, թե՝ բերե՛ք ու անմիջապես քննարկենք դատավորների վերաորակավորման հանձնաժողով ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի համապատասխանությունը Սահմանադրությանն ու ՀՀ օրենսդրությանը։ «Շիրա տվողն» այս անգամ կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանն էր, որն ասաց, թե 14-15 պատգամավոր, որոնք տարբեր հաշիվներ ունեն հանրապետության նախագահի հետ, իրենց են դիմել, որ խնդիրն արծարծեն խորհրդարանում։

Դավիթ Շահնազարյանն էլ խոսափողին մոտեցավ մարտականորեն տրամադրված ու «կրեց» ԱԺ փոխնախագահ, նիստը նախագահող Յուրի Բախշյանին՝ նրա հետ ունեցած իր վեճում։ Երբ ԱԺ փոխնախագահն ասաց, թե Դավիթ Շահնազարյանը օրենսդրությանը լավ ծանոթ չէ, վերջինս անմիջապես վրա բերեց. «Ավելի լավ եմ ծանոթ, քան դուք, պարոն Բախշյան»։

Դրանից հետո մի փոքր շփոթմունք առաջացավ նախագահության սեղանի շուրջ։ Յուրի Բախշյանն, օրինակ, ասաց, թե՝ «ես կարող եմ այս պահին քվեարկության դնել…» ու լռություն։ Լեոնիդ Հակոբյանն էր, որ հուշեց, թե ինչպես պետք է շարունակի Յուրի Բախշյանը, արտաբերելով՝ «այս հարցը» մտային շարունակություն ենթադրող կապակցությունը։ Ի դեպ, պարոն Բախշյանը մի անգամ էլ Արշակ Սադոյանի հետ մենամարտում պարտություն կրեց, երբ վերջինիս դիտողություն էր անում, թե՝ ձայնդ մի բարձրացրու, ԱԺՄ ներկայացուցիչն ասաց, թե դու քեզ էնպիսի բաներ թույլ մի տուր, որ ես ձայնս բարձրացնեմ ու քեզ նկատողություն անեմ։

Խոսրով Հարությունյանն էլ էր պահ-պահ շփոթվում, երբ խորհրդարանը դեմ էր անում իր համերաշխ ընդդիմությունն առ նախագահությունը։ «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը հայտարարեց, թե խնդիրն իրենց համար եւս կարեւոր է, ինչին նպատակահարմար են համարում անդրադառնալ մոտ օրերս։ Դրանից օգտվելով էր, որ Արա Սահակյանը գործադրելով նիստերն իր ցանկացած ուղղությամբ տանելու սեփական փորձը, նախագահողների համար ստեղծեց փակուղային իրավիճակ՝ հարցը ցրելու առումով։

Խոսրով Հարությունյանին այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ խորհրդարանական հաջորդ օրը քննարկում կծավալվի նշանակվելիք դատավորների վերաորակավորմանն առնչվող նախագահի հրամանագրի շուրջ։ Այսպիսի բան Հայաստանի պառլամենտում չէր եղել երբեւիցե։ Պառլամենտարիզմի խաղի՝ միմյանց փոխանցում կատարելու նախադեպը, երբ նույնիսկ չկան պայմանավորվածություններ, գործեց լավագույնս։ Իսկ դա խորհրդարանական բազմամյա փորձի հմուտ գործադրման արդյունք էր։ Սանդոյանն ու Սադոյանը Եվս մեկ կարեւոր հարց սեպտեմբեր 28-ին դարձավ խորհրդարանական լսումների առարկա։ Այդ օրը, նախաձեռնությամբ ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանի, քննության նյութ դարձավ նվազագույն աշխատավարձը հնգապատկելու առաջարկը։ 1000-ը պետք է դառնա 5000։

Այս հարցի շուրջ եղավ երկու կարեւոր ելույթ, որոնք ունեցան Սանդոյանն ու Սադոյանը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սանդոյանն ասաց, որ նվազագույն աշխատավարձի չափն, իհարկե, կարելի է հնգապատիկ բարձրացնել, սակայն դա չպետք է հաշվարկային միավոր դառնա բոլոր մյուս գանձումները կատարելու համար։ Պատկերն ամբողջացրեց Արշակ Սադոյանը։ Նա նախ մի երկու բարի խոսք ասաց կառավարության հասցեին, որոնց շարքում առաջինն, իհարկե, արհեստավարժն էր։ Սանդոյանը նեղացավ, թե մեկ էլ ինձ այդպիսի բան չասես։ Բայց դե, ինչպես գիտեք, Սադոյանին ասած-չասած՝ մեկ է։ Ու նա ծանր հարվածներով սկսեց գրոհել իր իսկ խոսքերով արհեստավարժ կառավարության վրա։

Մի խոսքով, թվական տվյալները հետեւյալն են. ամբողջ հանրապետությունում բարձրացվելիք աշխատավարձերի դիմաց ընդամենը 2000 դոլար է հատկացվելու, իսկ Հրանտ Բագրատյանը, որ չէր ընդունում նվազագույն աշխատավարձի գաղափարը, այսօր 15 հազար դոլար է ստանում։ Հիմա արհեստավարժ կառավարությունն ասում է, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնելուց սակագները կբարձրանան։ Բայց էդ ինչպե՞ս է, որ Հրանտ Բագրատյանի 15 հազարը ստանալու դեպքում չեն բարձրանում, իսկ ամբողջ ժողովրդի 2000-ի դեպքում կբարձրանա։ Այ քե՜զ արհեստավարժություն։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930