Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԻՆՁ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ 32 ՕՐ ՀՀՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ ՉՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Սեպտեմբեր 29,1998 00:00
Ara Sahakyan

ՀՀՇ-ից հեռացվելուց հետո Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն ընդամենը մի կարճառոտ մեկնաբանությամբ հանդես եկավ՝ հարուցելով բազմաթիվ հարցականներ։ Համաձայնելով պատասխանել «Առավոտի» հարցերին, մասնավորապես ՀՀՇ-ից իր վտարվելու խնդրի շուրջ, Արա Սահակյանն այդուհանդերձ մինչեւ վերջ չբացեց փակագծերը։ Սակայն, մյուս կողմից էլ արձանագրենք, որ սա է այսօրվա նրա ասելիքը։

-Վերջին օրերին մամուլը եւ լրատվության մյուս միջոցները մեծ չափով արծարծում են ՀՀՇ շարքերից ինձ հեռացնելու՝ «Կենտրոն»-ի խորհրդի որոշումը։ Ինձ կուսակցությունից հեռացնելու որոշում են ընդունել 11 հոգի, որոնցից մեկին կամ երկուսին եմ անձամբ ճանաչում, մերժում եմ ինձ հեռացնելու ձեւակերպումն ամբողջությամբ ու նույնիսկ կուսակցության լիդերի հետագայում տրված բացատրությունը, թե ձեւակերպումն անհաջող էր, վիճակը չի փոխում։

-Ինչո՞ւ։

-Փաստորեն, այնքան անզգույշ ու տգետ է ձեւակերպումը, որ խոցում է ՀՀՇ կազմակերպությանը։ Այս խնդիրը հենց նրան պետք է մտահոգի։ Համենայնդեպս, պարզ է մեկ բան՝ Վանո Սիրադեղյանի երկու տեղակալների եւ Ալիկ Արզումանյանի հետ ունեցած իմ հանդիպման ժամանակ որեւէ ապացույց չստացա նրանցից իմ՝ վերկանոնադրական գործունեության վերաբերյալ։ Որոշման հիմքում դրվել են ինչ-որ փողոցային, սրճարանային բանսարկություններ։ Կուսակցության համար շատ վտանգավոր է, մանավանդ այս ծանր պահին, երբ նա ինձ մեղադրում է պետական ապարատը կուսակցության հսկողությունից դուրս բերելու մեջ։

Պետք է ասեմ, որ ես իշխանության մարմիններում 1990 թվականից մինչ այսօր կատարել եմ երկու ֆունկցիա՝ եղել եմ խորհրդարանի անդամ եւ վարել նիստեր։ Գործադիր որեւէ ֆունկցիա չեմ կատարել, միայնակ որեւէ վճիռ չեմ ընդունել եւ իմ մեկ ձայնը եղել է այն բոլոր ձայների մեջ, որոնք կանխորոշել են տարբեր ժամանակների մեր կառավարությունների գործունեությունը։ Աչքի է զարնում որոշումն ընդունողների զգացմունքայնությունը։ Ես կփորձեմ պայքարել այն բանի համար, որ ի վերջո նրանք արձանագրեն՝ ինձ հեռացրել են 32 օր ՀՀՇ վարչական շենք չմտնելու համար։ Դա ինձ լիովին բավարարում է։

-Պրն Սահակյան, բայց չէ՞ որ դուք չմեկնաբանված մի ակնարկ էիք արել, թե 37 թվականի հոտ է փչում։

-Եթե խնդիրը դիտարկենք պատմական, ինչպես նաեւ ժամանակակից տեսանկյունից, այդպիսի որոշումներ ընդունում էր Ստալինը 30-ական թվականներին, երբ սկսում էր կուսակցության զտումը։ Ներկայումս Հայաստանում գործում են առավել կամ պակաս դեմոկրատական ներքին կառուցվածք ունեցող կուսակցություններ, սակայն չեմ հիշում, որ որեւէ մեկը կուսակցությունից հեռացվեր այդպիսի բնորոշմամբ եւ երկրորդ՝ մի քանի րոպե անց լրատվության պետական միջոցները սփռեին այդ հաղորդագրությունը։ Իհարկե, կուսակցությունների կյանքում պրոբլեմներ եղել են, սակայն այս դեպքն առանձնանում է։ Տպավորությունն այն է, որ կատարվել է պատվեր եւ ջանք է գործադրվել ժամանակին զեկուցել կատարման մասին։

-Ի՞նչ նկատի ունեք պատվեր ասելով։

-Այն, որ ինձ հեռացնելու որոշումը չպատճառաբանված է ու չմոտիվացված։ Հետեւաբար՝ այն ունի արտածին պատճառներ, որոնք, ի դեպ, կարող են լինել բազմազան։ Բայց կուսակցության լիդերը չի թաքցնում, որ հեռացումն իրագործվել է ոմանց ցանկություններին հագուրդ տալու համար։ Իսկ ես կարծում եմ, որ եթե ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանին կամ Արարատ Զուրաբյանին հեռացներ իր շարքերից, կգտնվեին ոչ քիչ մարդիկ, որոնք նույնպես կուրախանային։

-Այսինքն համարում եք, թե իշխանությունների պատվե՞րն է ձեզ հեռացնելու լուրը հեռասփռելը։

-Համենայնդեպս, պետական հեռուստատեսությունը որեւէ քայլ չկատարեց այդ անմիտ արարքից հեռու մնալու համար։

-Իսկ ի՞նչ է նշանակում «գրպանային կուսակցության անդամ չեմ լինի» ձեր բառերը։

-ՀՀՇ-ում, տեսնում եմ, տեղի է ունենում բոլշեւիկացում, վերջին քայլերը դրա վկայությունն են։

-Ի՞նչ եք հասկանում բոլշեւիկացում ասելով…

-Դա այն երեւույթն է, երբ կուսակցության մեջ ղեկավար դիրքերը զբաղեցվում են խարդավանքների արդյունքում։ Մինչդեռ ժամանակակից տիպի դեմոկրատական կուսակցություններում յուրաքանչյուր կուսակցական իր վարկանիշը կառույցում ստանում է խորհրդարանական կամ այլ տիպի ընտրությունների շնորհիվ։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930