Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան կատարեց իր ընտրությունը

Սեպտեմբեր 29,1998 00:00
Germania

Կիրակի երեկոյան Գերմանիայի Բունդեստագի ընտրություններն ավարտվեցին։ Արդյունքները որոշ զարմանք հարուցեցին մասնագետների շրջանում։ Ըստ հարցումների, վերջին երկու շաբաթվա ընթացքում հիմնական մրցակիցների՝ քրիստոնեադեմոկրատների եւ սոցիալ-դեմոկրատների միջեւ վերջիններիս ունեցած առավելությունը անշեղորեն նվազում էր, իսկ վերջին օրերին տատանվում էր մեկ տոկոսի սահմաններում։

Նախնական, արդեն հայտնի տվյալներով՝ իշխող ՔԴՄ-ն հավաքել է ընտրողների ձայների 35,3 տոկոսը, սոցիալ-դեմոկրատները՝ 41,1 տոկոսը, եւ այժմ ամեն ինչ կախված կլինի մյուս երեք խոշոր կուսակցություններից, որոնք հաղթահարեցին 5 տոկոսի սահմանը։ Դաշնային կանցլերի աթոռը զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ձայների պարզ մեծամասնությունը Բունդեստագում։ Սոցիալ-դեմոկրատները համագործակցում էին 3-րդ տեղը գրաված կանաչների կուսակցության հետ, սակայն վերջիններիս ստացած 6,8 տոկոսը բավարար չէ պառլամենտական մեծամասնություն կազմելու համար։ Տեղի մասնագետների կարծիքով, առավել հավանական է լուսաֆորի տարբերակը։

Այստեղ ամեն կուսակցություն իր գույնը ունի, եւ Կարմիր սոցիալիստները արդեն իսկ հարաբերական մեծամասնություն ստացել են։ Դեղին գույնը լիբերալների խորհրդանիշն է, որոնք իրենց 6,7 տոկոսով կարող են միանալ սոցիալիստներին եւ «կանաչ» կանաչներին։ Այսպիսով, 16 տարի անընդմեջ իշխելուց հետո քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը դառնում է հզոր ընդդիմություն՝ հաջորդ իշխանությանը ժառանգելով միավորված Գերմանիան իր բոլոր առավելություններով եւ թերություններով։ Երեկ ավարտված ընտրությունների արդյունքները դեռ ամփոփվում են, սակայն դժվար թե դրանք մեծ փոփոխություններ կրեն։ Ամեն ինչ արդեն պարզ է։ Ողջ գիշերը Բոննում սոցիալիստների տոնախմբություններ ու երթեր էին։

Մեր ինտերնացիոնալ խումբը այցելեց քրիստոնեադեմոկրատների շտաբ, որտեղ կուսակցականները քննարկում էին իրենց պարտության պատճառները։ ՔԴՄ Բոննի գրասենյակի ղեկավարը մեզ հետ զրուցելիս մասնավորապես նշեց, որ իրենք փոքր ետընթաց կանխատեսում էին, բայց ոչ պարտություն։ Պարտության պատճառը նա մեկնաբանեց այսպես. «Գուցեեւ գերմանացիները հոգնել են մեզնից եւ հարկավոր էր նոր, երիտասարդ թեկնածու առաջադրել»։

Նույն կարծիքին էին լիբերալ-դեմոկրատները, որոնք, սակայն, շատ չէին տխրել։ Նրանք պատրաստվում են ալյանսի մեջ մտնել սոցիալ-դեմոկրատների հետ։ Այստեղ ակտիվորեն քննարկվում է արտգործնախարարի թեկնածուի հարցը եւ շատերը ենթադրում են, որ այդ աթոռը կզբաղեցնի կանաչների առաջնորդ Յոշկա Ֆիշերը։ Մյուս առանցքային պաշտոնների շուրջ դեռեւս որոշակի քննարկումներ չեն եղել։

Բոննում եւ Գերմանիայում բավական մեծ ոգեւորություն է նկատվում։ Զգացվում է, որ մարդիկ գոհ են կատարված փոփոխությունից եւ մեծ արդյունքներ են ակնկալում։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ,

«Առավոտի» թղթակից, Բոնն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930