Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը նամակով դիմել է Եվրախորհրդի ղեկավարությանը, որպեսզի նրանք չճանաչեն Հայաստանի պառլամենտականների՝ Ստրասբուրգ մեկնող պատվիրակության նոր ղեկավարի լիազորությունները։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանին փոխարինած «Բարեփոխումներ» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի մասին է։ Ըստ նույն աղբյուրի, Բաբկեն Արարքցյանը նամակում նշել է, որ ՀՀՇ-ին Հայաստանում տեղ չի տրվում, ասել է թե՝ այդ կազմակերպությունը հալածանքների է ենթարկվում։
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Շաբաթ-կիրակի Դիլիջանի կոմպոզիտորների տանը տեղի ունեցավ վարչապետին կից մշակութային խորհրդի հավաքը: Ցավոք, «Առավոտին» չհաջողվեց պարզել, թե ինչ է մտածում վարչապետը իրեն կից ստեղծված խորհրդի գործունեության մասին: Պրն Դարբինյանը հայտարարեց, որ մեր թերթին սկզբունքորեն հարցազրույց չի տալիս; Նշենք, որ հենց այդպես էլ ընդունված է Արեւմուտքում, որը մեր կառավարությունն այդքան սիրում է վկայակոչել՝ որպես օրինակ: Ցանկացած արհեստավարժ պաշտոնյա հարցազրույց եւ լրատվություն է տալիս միայն այն թերթերին, որոնք իրեն դուր են գալիս, իսկ մնացածներին պատերազմ է հայտարարում: Մնում է հուսալ, որ նույն սկզբունքայնությամբ պրն Դարբինյանը կպատերազմի Հայաստանի քաղաքացիների թշվառության ու իրավազրկության դեմ:
Հավաքի մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
ՆՎԵՐՆԵՐ ԳԵՆԵՐԱԼ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻՆ
Անցած շաբաթ նշվեց ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի 70-ամյակը: Գեներալ-մայորի կոչում ունեցող ակադեմիկոսին պաշտպանության նախարարը նվիրեց «Մակարով» տիպի ատրճանակ, մշակույթի նախարարը՝ ծիրանենու փայտից սկահակ, որը, հավանաբար, զենքը պահելու լավագույն տեղն է: