Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ»

Սեպտեմբեր 26,1998 00:00
Levon Galstyan

Լուրջ թե կատակ, բայց հենց այսպես որակեց Լեզվի տեսչության պետ Լեւոն Գալստյանը «Լեզվի մասին» օրենքն անտեսող հիմնարկներին, երբ «Առավոտի» խնդրանքով տեսչության աշխատակցից պահանջեց բերել «սեւ ցուցակը»։ Վերջին որակումը մերն է, քանի որ այդ ցուցակում անուններն են նրանց, ում Լեզվի տեսչությունը դատի է տվել, երեւի որպեսզի ի վերջո ապացուցի, որ «Լեզվի մասին» օրենքն էլ է լուրջ օրենք եւ արժանի է պահպանման։ Բայց միայն այս օրենքը չէ մեղադրանքի հիմք ծառայել, այլ եւս երկուսը՝ գովազդի մասին եւ վարչական իրավախախտումների մասին, որոնց հիմնական պահանջն է՝ պահպանել «հրապարակային գրությունների լեզվական անաղարտությունը, այսինքն՝ հայերենի առկայությունը»։

Փաստորեն, Լեզվի տեսչության ներկայիս պետը հետեւողականորեն շարունակում է իր նախորդի սկսած պայքարը ոչ հայատառ ցուցանակներ ունեցող օբյեկտների տերերի անգրագիտության ու անօրինապահության դեմ։ Պարոն Գալստյանը կարծում է, որ քննության առարկա կարող են դառնալ այն երեւույթի հոգեբանական հիմքերը, թե «ինչո՞ւ են օտարահաճությունն ու օտարամեծարությունն այդքան արմատացել»։ Ըստ նրա բացատրության՝ «շատերին թվում է, թե դրանով ավելի ժամանակակից են երեւում եւ ավելի են ներձուլվում միջազգային չափանիշներին։ Իրականում հակառակն է, որովհետեւ հենց այդ նույն մարդկանց նախընտրած եվրոպական երկրները շատ խիստ են այս հարցում։ Դա պետական ստանդարտ է»։

Պարոն Գալստյանը համոզված է, որ հրապարակային գրությունները ոչ միայն այդ հիմնարկների տերերի սեփականությունն են, այլեւ հասարակության եւ պետության, որովհետեւ «ճարտարապետական համալիրի բաղկացուցիչներից են»։ Այս կարեւոր խնդիրը ոչ պակաս կարեւոր ենթախնդիրներ ունի, քանի որ «հայերենը՝ հայերեն, բայց հաճախ շատ անհաջող անվանումներ են լինում»։ Չնայած սա օրենքով կանոնակարգված չէ, բայց Լեզվի տեսչության պետը սպառնաց, որ դրանց էլ կանդրադառնան։ Իսկ այսօրվա հրատապ հարցն այն է, որ գրությունները հայատառ լինեն (այլալեզու գրությունները թույլատրելի են, բայց միայն հայերենի զուգակցությամբ եւ ծավալով նրանից փոքր)։

Իր ստուգայցերի համար Լեզվի տեսչությունն այս անգամ ընտրել էր խանութները, ճաշարանները, ռեստորանները եւ այլ սպասարկման ծառայությունները։ Ստուգայցերի հիման վրա կազմվում են համապատասխան արձանագրություններ, դրանք ուղարկվում են դատարան, որոնք որոշում են տուգանքի չափը, ինչը սահմանված է վարչական իրավախախտումների մասին օրենքով։ Ստուգայցերի արդյունքում դատարան է ուղարկվել 14 գործ։ Առաջին անգամ օրինախախտը տուգանվում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով, իսկ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերվելիս, տուգանվում են տասնապատիկից մինչեւ քսանապատիկ՝ նվազագույն աշխատավարձի չափով։

Տեսչությունն իրավունք ունի նույն օբյեկտում միայն երկու անգամ ստուգայց անցկացնել։ Թվենք որոշ անուններ մեղավորների ցուցակից՝ «Պարֆում» խանութ, «Կաֆե ալ սար», «Սոֆիա», «Կոտայք բիրը», «Մեխիկ» սրճարան, «Կոդակ էքսպրես». «Սիգմա-պոկեր» եւ այլն։ Մեր այն տարակուսանքը, թե բա գոնե մեկ անգամ չեք զգուշացնո՞ւմ, նոր տուգանում, գուցե ուղղում են՝ պարոն Գալստյանի պաշտպանությանը չարժանացավ. «Ես կողմնակից չեմ զգուշացումներին, ինչի՞ մասին է խոսքը, բոլորը շատ հրաշալի գիտեն օրենքը։ Պարզապես սովոր են, որ օրինախախտ լինեն եւ անպատիժ մնան»։ Հետո էլ սպառնաց, որ այլեւս անպատիժ չեն լինի ու իրենք էլ պատժելիս հետեւողական կլինեն, եւ «չեն նահանջի ոչ մեկի առջեւ»։ Պարոն Գալստյանն ընդունում, է, որ «սա քրեական հանցագործություն չէ, բայց կո-պիտ իրավախախտում է, ահավոր, մարդկանց նյարդայնացնող…»։

Միայն անհասկանալի մնաց, թե ի՞նչ պիտի արվի այն օրինախախտի հետ, որը Լեզվի տեսչությունից պակաս հետեւողական չէ իր օբյեկտի անունը չփոխելու հարցում եւ պատրաստ է նույնիսկ երկու անգամ տուգանվելու գնով (այն, համաձայնեք, բոլորովին էլ մեծ գումար չէ) պահպանել իր սրտին այնքան դուր եկած օտարալեզու անվանումը։ Պարոն Գալստյանը լավ կարծիք ունի մեր գործարարների մասին եւ գտնում է, որ «ոչ մի լուրջ ձեռներեցի հաճելի չէ անվերջ այդ տուգանքների մեջ լինել եւ պատժվել»։ Բայց հանկարծ ու հաճելի եղա՞վ։ Այդ դեպքում, տեսչության պետը հավաստիացրեց, որ «ավելի խիստ հայցադիմումով հանդես կգանք եւ կպահանջենք այդ օբյեկտների լուծարումը»։ Չնայած հետո, երբ փորձեցինք ճշտել՝ ունի՞ Լեզվի տեսչությունը նման իրավունք, լիարժեք պատասխան չստացանք։ Բայց, պարոն Գալստյանի տեղեկություններով, օբյեկտների տերերը, իմանալով ստուգայցերի մասին, արդեն փոխում են անունները։

Ինչ վերաբերում է ցուցանակների հայեցի լինելուն, ապա նման պարտադրանք դեռեւս չկա, հայատառն էլ բավարար է։ Չնայած պարոն տեսչապետը նաեւ ընդունում է, որ դա նուրբ հարց է եւ «ցանկալի, որ բառերը լինեն ճաշակով, լավ ընտրված եւ հայեցի»։ Բայց նաեւ ընդունում է, որ այս տեսակետից իրենք հասարակությանն ավելի շատ տալու բան ունեն, քան պահանջելու. «Մենք պիտի հանձնարարելի գեղեցիկ անունների ցանկեր պատրաստենք, որպեսզի մարդիկ ընտրություն կատարեն։ Որովհետեւ հաճախ շատերն իսկապես չեն կողմնորոշվում եւ բավարարվում են ինչ-որ ինքնահնար, անճաշակ անուններով»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ. Պարոն Գալստյանը ոչ առանց հպարտության տեղեկացրեց, որ պատրաստ է «ՀՀ լեզվական քաղաքականության ծրագրի հիմնադրույթները» փաստաթղթի լրամշակված նախագիծը եւ այն շուտով կհաստատվի կառավարության կողմից։ Սակայն այս մասին՝ մեկ այլ առիթով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930