Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐ, ԻՆՁ ՄԻ՜ ՆԱԽԱՆՁԻՐ»

Սեպտեմբեր 26,1998 00:00
Armen Shekoyan

Ռաբիսը թուրքի կամ ադրբեջանցու համար չի կարող սպառնալիք հանդիսանալ, որովհետեւ, մեր իմանալով, ռաբիս ասածը հենց նրանց ազգային մշակույթն է։ Վրացուն նույնպես չի սպառնում, որովհետեւ վրացին քեֆերի ժամանակ օտար հնչողության երգ-երաժշտություն գրեթե չի հանդուրժում։ Ռուսին կամ, ասենք, գերմանացուն նույնպես չի կարող սպառնալ, որովհետեւ, եթե ռուսը կամ գերմանացին որեւէ արեւելյան ոճի երգ են կատարում, ապա դա ընկալվում է կամ իբրեւ ոճավորում, կամ՝ պարզապես պարոդիա։ Ռաբիս կոչվածը կոչված է խաթարել հիմնականում հայի էությունը։

Խորհրդային տարիներին մեր մեջ քաղքենու մի տեսակ կար, որի հետ ինչի մասին էլ որ խոսեիր, խոսքը թեքում էր դեպի «հնդկական կինոյի» թեման եւ, պատմելով ու վերապատմելով իր տեսած ամենաթարմ հնդկական ֆիլմը, սկսում էր սուր ճոճել խեղճ հնդիկների ու նրանց կինոարտադրանքի դեմ՝ «Յա՜խկ, չեք պատկերացնի, թե ինչ ռաբիսություն էր» բացականչելով։ Քաղքենու այդ տեսակը երբեւէ չգիտակցեց ու չիմացավ, որ եթե մեր մեջ իր տեսակը գոյություն չունենար, ապա դժվար թե երբեւէ «Կինոպրոկատն» այդ քանակությամբ հնդկական կինոարտադրանք Երեւան բերեր ու այդքան երկար Երեւանում պահեր։

Ինչեւէ, խորհրդային տարիներն ավարտվեցին, ավարտվեց նաեւ հնդկական կինոյի հանապազօրյա հաղթարշավը, բայց, որ այս պատմության մեջ ամենակարեւորն ու ամենացավալին է, մնաց ու չվերացավ քաղքենու վերոհիշյալ տեսակը, որն այսօր էլ մարտնչում է եւ, մշտապես պարսավելու համար, իրեն հոգեհարազատ «հոգեւոր» ապրանք է հայթայթում՝ վերստին շարունակելով հանդիսանալ դրա հիմնական պատվիրատուն։

– Ախչի՞, «Երեւան-բլյուզը» նայեցի՞ր։

– Դուրս գալուց բա իրար չտեսա՞նք։

– Խելք է՞ր մնացել՝ էնքան որ կատաղած էի։

– Ռաբիսություն էր, չէ՞։

– Յա՜խկ, «Մեր բակը» դրա համեմատ ֆելինի էր։

– Ըտենց մի ասա, «Մեր բակը-1»-ից վատն էր, բայց 2-ից՝ չես կարա հաստատ ասես։

– Էս ի՞նչ ես ասում։ Ընդհակառակ։

Սույն էքսքլյուզիվ զրույցը տեղի ունեցավ Մամուլի տան վերելակում, եւ զրուցողները մեր նոր Հայաստանի երիտասարդ արվեստաբաններ էին, ավելի ճշգրիտ՝ մշակութային թեքումով լրագրողներ։ Մի քանի օր անց մամուլում փայլատակեց վերոհիշյալ զրուցակիցներից մեկի իմաստակությունը՝ վերոհիշյալ ֆիլմի մասին։ Հոդվածի լեզուն, ճիշտ է, անհամեմատ գրական էր, բայց ոգին հիմնականում համահունչ էր վերելակի մթնոլորտին։ Ինչեւէ՝ հայ արվեստաբանությունն այսօր մեծ թռիչքի էպիկենտրոնում է, մեծ անցման գործընթացի մեջ՝ Արամ Ասատրյանից ու Թաթայից սահուն անցում կատարելով դեպի զույգ «Մեր բակերը», «Երեւան-բլյուզն» ու եւայլնը։ Իրականում ամենատխուրն այն է, որ շատ հաճախ ռաբիսի դեմ անվերջ ու անխոնջ հանդես եկող մեր լրագրողների հոդվածներն իրենց էությամբ ավելի ռաբիս են, քան՝ քննության առարկա ցածրորակ «հոգեւոր» արտադրանքը։

Այսինքն՝ վաղուց արդեն ժամանակն է հասկանալ, որ ռաբիս կարող են լինել ոչ միայն երգիչ-երգահանները, ոչ միայն շոու-ֆիլմերի դերասաններն ու ռեժիսորները, այլեւ լրագրողները, բանաստեղծները, դիրիժորները, գեղանկարիչներն ու էլի շատ-շատերը։ Այսինքն՝ ռաբիսը ոչ թե ժանր է, այլ՝ էություն ու մտածողություն։ Եվ ռաբիսի դեմ գրելու իրավունք մարդ արարածը պիտի ձեռք բերի նախ եւ առաջ իր արհեստի մեջ ռաբիսի դեմն առնելով։ Եվ վերջապես. մեր անընդմեջ հայհոյանքների շնորհիվ Արամ Ասատրյանի լսարանն ավելացա՞վ, թե՞ պակասեց։ Եվ եթե, այնուամենայնիվ, վերջինիս ու բոլոր նրա նմաններին վտարենք համերգասրահներից, նրանց լսարանը կպակասի՞, թե՞ կկրկնապատկվի։ Իսկ միգուցե Վլադիմիր Նազարյանին խնդրենք, որ քրեական օրենսգրքի մեջ ռաբիսի դեմ մի առանձին հոդվա՞ծ ավելացնի։ Այդ դեպքում «արգելված պտուղի» գործոնն արդյոք չի՞ գործի։ Եվ եթե օրենսգրքի սույն կետը հավասարապես վերաբերի նաեւ ռաբիսի դեմ գրվող ռաբիս հոդվածներին, արդյո՞ք չենք հայտնվի օրենսդրական փակուղու առջեւ։

Բայց, այսուհանդերձ, ռաբիսի դեմ կենաց-մահու կռվում լրագրողները մենակ չեն. նրանց հետ են բազում երաժիշտներ, կինոռեժիսորներ եւ ընդհանրապես ուրիշներ։ Եթե հայ կոմպոզիտորը ռաբիսի դեմ հոդվածներ գրելու փոխարեն մի հաջող երգ գրեր, վա՞տ կլիներ։ Կամ՝ ավելի լավ չէ՞ր լինի, եթե հայ կինոռեժիսորը ոչ թե շարունակ սուր ճոճեր ցածրաճաշակ կինոարտադրանքի դեմ, ոչ թե շարունակ իր տասնյակ արտասահմանյան կինոմրցանակները մեր աչքը խոթեր, այլ մեզ ցույց տար իր մի հաջողված ֆիլմը, հասկանալով, որ մենք «Եռանկյունին», «Նռան գույնը», «Սարոյան եղբայրներն» ու «Մենք ենք, մեր սարերը» ոչ թե մրցանակների համար ենք սիրում, այլ՝ պարզապես սիրում ենք. ու նաեւ գնահատում ենք այն պարզ պատճառով, որ այդ չորս եւ էլի մի քանի ֆիլմերն այն տարիներին (նաեւ հիմա) իրենց գոյությամբ ու մշտական ներկայությամբ ասպարեզից դուրս մղեցին ցածրորակ կինոարտադրանքը։

Հարց է, եթե Մալյանը, Փարաջանովը, Փելեշյանն ու Դովլաթյանը շարունակ իրենց էներգիան մսխեին՝ ցածրորակ ֆիլմերի դեմ շարունակ հոդվածներ գրելով, արդյո՞ք չէին շեղվի բուն նպատակից։ Եվ արդյո՞ք օգտակար կլիներ, եթե այն տարիներին Տիգրան Մանսուրյանն իր հոյակապ կինոերաժշտությունը (որը տեւականորեն մեր մթնոլորտը մաքրեց ռաբիսից) ստեղծելու փոխարեն՝ նստեր ու շարունակաբար հոդվածներ գրեր Ռաբիսի Կկվի գերեզմանոցային ու արտագերեզմանոցային հաջողությունների դեմ։ Իսկ մեր շատ երաժիշտներ ու կոմպոզիտորներ հիմա մոտավորապես հենց այդ գործով են խիստ զբաղված, բայց դեռ պարզ չէ՝ իրե՞նք են ռաբիսի դեմն առնելու, թե՞ Ռուբեն Հախվերդյանը, որն Արամ Ասատրյանի դեմ ոչ միայն հոդվածներ չի գրում, այլեւ իր պահվածքով շարունակ ճգնում է մեր աչքին ռաբիս երեւալ. դա, իհարկե, նրան չի հաջողվի, որովհետեւ նրա ճակատագիրը ռաբիսին հաղթելն է։ Այսինքն՝ ռաբիսը ոչ թե ձեռքբերովի, այլ՝ տվածուրիկ էություն է։

Այսինքն՝ ռաբիսը նույնպես ճակատագիր է։ Եվ, այնուամենայնիվ, ինձ եւս բախտ վիճակվեց սեպտեմբերի 20-ին դիտել «Երեւան-բլյուզը» «Մոսկվա» կինոթատրոնում։ Դիմացիս կարգը համալրեցին զինծառայողները, որոնց կինոթատրոնի ադմինիստրացիան, ի պատիվ իրեն, անվճար ներս թողեց։ Մեր հետեւի մի քանի կարգերը զբաղեցրել էին երկու տարբեր դպրոցների բարձրդասարանցիներ՝ իրենց ուսուցչուհիների գլխավորությամբ։

Եվ երբ տաղանդավոր դերասան Միքայել Պողոսյանն էկրանից սկսեց իր մենախոսություն-երկխոսությունը, սկզբից եւեթ պարզ դարձավ, որ ահավոր ձայնագրության պատճառով մենք լավագույն դեպքում տեքստի քառորդ մասն ենք ընկալելու։ Չգիտես ինչու՝ մեզ թվում էր, թե ֆիլմի խաղաղ դիտումը հատկապես զինծառայողներն են խանգարելու. չարաչար էինք սխալվում, քանզի նախապես անտեղյակ էինք, որ բարձրդասարանցիների շարքերը բնամթերքով հանդերձ էին բարեհաճել։

Եվ երբ նրանց ցելոֆանե տոպրակները միասնաբար սկսեցին ճռճռալ, բարձր դասարանցի մի աղջնակ ճչաց. «Ախչի Շուշո՜, մեզ էլ ուղարկի՜»։ «Ձողի՞կ, թե՞ ադիբուդի»,- ոչ այնքան բարձրաձայն հարցրեց Շուշոն։ «Վաֆլի՜»,- միանշանակ ճչաց ճչացողը։ Այդ ընթացքում զինծառայողներից մեկը մյուս զինծառայողներին ֆիլմի հետագա ընթացքն էր առաջ ընկնելով պատմում, եւ եթե նրա կողքինը չսկսեր լսելի խռմփացնել, պատմողն այդպես էլ գլխի չէր ընկնելու, որ իր ընկերները վաղուց հարգելի պատճառով քնած են (բոլորս էլ մեր փորձից գիտենք, որ բանակում մի ժամվա ավել քունը հազար ֆիլմ արժե)։

Եվ երբ այդ պահին Հայկը նետահարեց (էկրանից) Բելին, մի հարբած մարդ (դահլիճում), վախից (հավանաբար վախից) ընկնելով գետնին, հենց ընկած տեղից դիմեց կողքինին. «Արա ախպեր, որ ասում եմ մերոնք միշտ էլ ուժեղ են էղել, չես հավատում»։ Իսկ ճռճռոցը չէր դադարում, եւ ես շրջվեցի, որ բարձրդասարանցիների ուսուցչուհիներից մեկնումեկին խավարի մեջ հայտնաբերեմ ու հորդորեմ, որպեսզի իր աշակերտուհիներին հորդորի՝ չճռճռացնել ադիբուդիի տոպրակները, սակայն… խավարի մեջ պարզորոշ նշմարեցի, որ ճռճռացնողը հենց ուսուցչուհին է։ Իսկ քիչ անց, երբ Մ. Պողոսյանի հերթական հերոսն սկսեց ֆսֆսացնելով հաշիշը ներքաշել, ահա այդ պահից աշխուժացան նաեւ բարձրդասարանցիների արական սեռի ներկայացուցիչները, իսկ նրանցից մեկը բացականչեց. «Ախպե՜ր, տու մի հատ էլ մենք ֆռռանք»։ Ահա այստեղ էր, որ ուսուցչուհին, չդիմանալով ու ճռճռոցը դադարեցնելով, դիտողություն արեց. «Հրաչի՛կ, ձեր մայլի մեջ չես գտնվում»։ Եվ երբ աշխուժացան նաեւ հնդիկները (էկրանին), եւ երբ հանկարծակի ֆիլմի ձայնագրությունը հստակվեց, բոլորը (դահլիճում) գլխի ընկան, որ հնդիկ դեսպանը խոսում է մեր նախագահի առոգանությամբ։

Մի խոսքով՝ դահլիճի ու էկրանի ժամուկեսանոց մրցակցությունից այդպես էլ պարզ չդարձավ, թե մեր բարոյական անկումը էկրանի՞ն ավելի հաջող երեւաց, թե՞ դահլիճում։ Այնուամենայնիվ, հանուն օբյեկտիվության, նախապատվությունը պիտի տրվի դահլիճին, մանավանդ որ՝ դահլիճն իր առջեւ բարոյական անկում ցույց տալու խնդիր չէր էլ դրել։ Եվ ընդհանրապես՝ այսօրվա մեր իրականությունը կինոռեժիսորին շատ ավելի կինոնյութ կարող է տրամադրել, քան 60-70-ականների Իտալիան է Ֆելինիին տվել։ Հանգամանորեն ու գեղարվեստորեն նկարում ես, օրինակ, թե ոնց են կառավարության անդամները ստիպված բասկետբոլ խաղում եւ ինչպես են իրենց շեֆին ազատ թողնում, որ գնդակը զամբյուղը գցի։ Կամ, ասենք, նկարում ես, թե ինչպես են կառավարության անդամները ողջ օրը թաքուն ֆռֆռում «Պապլավոկի» շուրջբոլորը, նախապես տեղեկացած լինելով, որ այդ օրը ՀՀ առաջին տղամարդը այցելելու է տվյալ սրճարան։ Նկարում ես (հանգամանորեն եւ գեղարվեստորեն), եւ «Օսկարը» գրպանումդ է։

Արդյո՞ք նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերը կֆինանսավորվեն մեր պետության կամ մեր գործարարների կողմից։ Դա արդեն երաշխավորել չենք կարող։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930