Վահե Վարսանյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1995-ին ընդունվել է ասպիրանտուրա։ 1996-ի նախագահական ընտրություններում Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ էր։ Ներկայումս ԿԸՀ անդամ, ԱԺՄ անդամ։ 1996-ի սեպտեմբերի 26-ին ձերբակալվել է եւ ազատազրկման մեջ է եղել մինչեւ 1997-ի հուլիսի 2-ը։ Մեղադրվել է քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններ հրահրելու եւ դրանց մասնակցելու համար։
– Քեզ ներկայացված մեղադրանքում սեպտեմբերի 25-ի դեպքերը ձեւակերպված էին իբրեւ զանգվածային անկարգություններ։ Ի՞նչ անկարգությունների հեղինակ էիր դու եւ ի՞նչ որակում կարելի է տալ այդ օրվա իրադարձություններին։
– Դարպասները տապալելուց հետո, երբ ժողովուրդը գնաց դեպի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելու ընտրությունների արդյունքների ամփոփման օրինականությունը, ես որպես քաղաքացի եւ մարզային ընտրական հանձնաժողովի անդամ, ժողովրդի հետ գնացել եմ ԿԸՀ՝ արդարություն պահանջելու։ Հետո, երբ սկսվեցին կրակոցները՝ լքել եմ ԱԺ տարածքը։ Իսկ այդ օրվա իրադարձությունները պետք է որակել որպես հասարակական ընդվզում՝ ուղղված իշխանության բռնազավթմանը։ Բայց, դարպասները տապալելուց եւ ԱԺ տարածք մտնելուց հետո, ժողովուրդը մնաց առանց կառավարման, մարդիկ չգիտեին ինչ անել։
Կարդացեք նաև
Դեռ գիշերը, երբ կրակոցներից ու տանկերից փախնելով, ժողովուրդը հավաքվել էր ազատության հրապարակում, եթե կարողանային կազմակերպել՝ խնդիրը լուծված կլիներ։ Այդ ընթացքում իշխանությունները կաթվածահար էին, բայց այսօր իշխանության կազմում գտնվող նախկին ընդդիմադիրների պատճառով հրապարակն ու փողոցները հանձնվեցին Վազգեն Սարգսյանին եւ Վանո Սիրադեղյանին, որոնց հավատարիմ էր մնացել մի 100 հոգի։ Իրավիճակի հետագա զարգացումն արդեն պարզ էր։ Այնուամենայնիվ, ժողովուրդը գնաց պաշտպանելու իր իրավունքը, որը շատ դրական քայլ էր մեր հասարակության համար։
– Քո հաշվարկով ե՞րբ պիտի ազատ արձակվեիր։
– Ես կարծում եմ, որ այդ իշխանությունների օրոք դժվար թե ազատ արձակվեի։ Շատ ծանր է, երբ գիտես, որ բացարձակապես անմեղ ես եւ քո դեմ գործ են սարքում, կազմակերպում են կեղծ առերեսումներ եւ ճանաչումներ, եւ քո վրա մատնացույց անելով՝ պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյաներ ստում եւ պնդում են, թե դու մասնակցել ես նրանց ծեծին։ Իսկ ավելի ծանր վիճակում էին ինձ հետ նստած 31-ի գործով մեղադրվողները, երբ նրանց նվաստացնելով պատանդ էին պահում արդեն երկու տարուց ավելի։
– Ովքե՞ր էին կեղծ ցուցմունք տվող պաշտոնյաները։
– Արա Սահակյանը, Ավետ Գրիգորյանը, Վաչագան Հարոյանը եւ Արա Սահակյանի գործավարուհի Նարինե Բադալյանը, որին ակնհայտորեն քննիչն ու Արա Սահակյանը ստիպում էին սուտ խոսել։ Այդ պայմաններում մենք պարզ գիտակցում էինք, որ գործող իշխանության օրոք ազատ չենք արձակվելու։ 1997-ի սեպտեմբերի 26-ի ելույթով Լեւոն Տեր-Պետրոսյանն արագացրեց իր իշխանության հանձնումը։ Այդ ելույթը պատրվակ էր Քոչարյանի եւ ուժայինների համար, որոնք իշխանության այդ պահի կրողներն էին, որպեսզի հետագայում ցույց տան իրենց հակադրությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ գահընկեց անելով նրան՝ իշխանությունը լիովին վերցնեն իրենց ձեռքը։ Սա պատրվակ էր, որովհետեւ նրանք Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեժիմի մարմնավորումն էին եւ որեւէ գաղափարական տարաձայնություն փնտրել միամտություն էր։
Տեր-Պետրոսյանի համար ամենակարեւոր պահին, հիշենք՝ ովքե՞ր էին ամենաայլանդակ քայլերին դիմում, ովքե՞ր կրակեցին ժողովրդի վրա։ Իսկ ո՞վ էր Ղարաբաղի իշխանության անունից 96-ի սեպտեմբերի 25-ը ազգային դավաճանություն հայտարարում։ Մի՞թե չգիտեր Քոչարյանը, որ ժողովրդի վրա կրակող եւ տանկեր հանող ռեժիմը հող պահող չէ։ Պետք չէր նաեւ 98-ի փետրվարի 3-ը (Լ.Տ-Պ.-ի հրաժարականի օրը – Լ.Հ.) ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ, դրա հետ ժողովուրդը անմիջական որեւէ կապ չուներ։ Պրիմիտիվ հեղաշրջում էր, որն իր բոլոր պարամետրերով նման էր ասիական եւ աֆրիկյան հեղաշրջումներին։ Հենց որ Քոչարյանը հայտարարեց, թե դնելու է իր թեկնածությունը, պետք էր մեծ ալիք բարձրացնել եւ թույլ չտալ ԿՀԸ-ին գրանցել նրան որպես թեկնածու։ Մեծ ալիք էր բարձրանալու, եւ նույնիսկ մտքներով չէր անցնի դնել Դեմիրճյանի թեկնածությունը։
– Դու այսօր տրոհված ընդդիմության ամենաերիտասարդ ներկայացուցիչն ես, ոգեւորությունդ չի՞ նվազել։
– Դրա համար շատ առիթներ կան, բայց, երեւի, ոչ։ Ես հիշում եմ՝ մեկուսարանում կարդում էի Վահան Հովհաննիսյանի դատարանում տված լրացուցիչ ցուցմունքները, որտեղ նա հայտարարում էր, թե բանտից դուրս գա, թե լինի բանտում՝ այս իշխանություններին եւ նրա ձեռքի գործիք քննիչներին կդիմավորի բարիկադների վրա։ Ես հիշում եմ, թե ինչպես 95-ի հունիսի 21-ին Վահան Հովհաննիսյանն իմ կողքին, բարիկադների այս կողմում ձեռքով կռվում էր երկրապահների հետ։ Ցավոք, չդիմացավ ու անցավ բարիկադների հակառակ կողմը։ Մեկուսարանում մտավ գործարքի մեջ Քոչարյանի հետ, որ ազատության դիմաց պետք է պաշտպանի Քոչարյանի թեկնածությունը։
Տեր-Պետրոսյանի կողմից նրան ձերբակալելուց հետո բազմիցս գործարքներ առաջարկվել էր, 97-ից հետո ավելի շահեկան պայմաններով։ Նա մերժեց գործարքի մեջ մտնելու առաջարկները, երբ իր ճակատագիրը բացարձակապես անորոշ էր։ Իսկ հունվարին, երբ նրան մնացել էր ընդամենը մեկ տարի՝ չդիմացավ։ Ընդդիմությունից կտրվեց դաշնակցությունը եւ Լ. Տեր-Պետրոսյանը դաշնակցությանն այնքան չվնասեց, ինչքան այդ արեց Վահան Հովհաննիսյանը։ Այսօր նախկին ընդդիմադիրների վարքը տեսնելով՝ պարզ է դառնում, որ Տեր-Պետրոսյանի արհամարհանքն էր միայն պատճառը, որ նրանք չէին հայտնվում խորհրդականների աթոռներին։
– Իշխանության մեջ է նաեւ երբեւէ չընկրկած Դավիթ Վարդանյանը։
– Դավիթ Վարդանյանն իմ ավագ եւ մոտ ընկերն է, եւ ես ափսոսում եմ, որ նա գնաց նախագահի վերահսկողական ծառայություն։ Դավիթ Վարդանյանի համար էլ պարզ է, որ ռեժիմի ներսում ռեժիմի դեմ պայքարելն անհնար է։ Բայց ԱԺՄ-ն չի նահանջի եւ կգնա իր հստակ ճանապարհով, իսկ Հայաստանում էապես որեւէ բան փոխելու տարբերակը մնում է ժողովրդական ճիշտ կազմակերպված «սեպտեմբերի 25»-ը, ցավոք, այս ռեժիմի օրոք, առանց ցնցումների որեւէ զարգացում անհնար է։
Զրույցը վարեց ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ