Լրահոս
Օրվա լրահոսը

«…ԿԳԱՔ ԻՄ ՀԵՏԵՎԻՑ». 2 ՏԱՐԻ ԱՆՑ

Սեպտեմբեր 26,1998 00:00
Vazgen Manukyan

Անկախության հրապարակի մի թեւը ավանդաբար ԱԻՄ-ականներն էին զբաղեցնում։ Իրենց մշտական տեղն ունեին նաեւ դաշնակցականները։

Սեպտեմբերի 25-ի «հիշատակի օրվան» նվիրված երեկվա հանրահավաքում այդ տեղերը թափուր էին։ Բոլորը հեռացել էին դեպի իշխանություն։ Իշխանափոխությունից հետո իր այս առաջին հանրահավաքում ԱԺՄ-ի կողքին նրա փոքրիկ, բայց հավատարիմ զինակիցներն էին միայն՝ «Ազգային պետությունն» ու «Ազգային առաջադիմությունը»։

«Դաշինքի մնացած կուսակցություններն այս կամ այն կերպ համակերպվել են եղած իշխանական համակարգի հետ»,- ազդարարեց հանրահավաքը վարող Շավարշ Քոչարյանը։ Հավաքվածներն ավելի քիչ էին, քան անգամ նախորդ օրը անձրեւի տակ կոմունիստների հանրահավաքի մասնակիցները։ Եվ հռետորները նրանց անընդհատ առաջարկում էին չընկճվել ու չհուսահատվել։

Առավել եռանդուն էին Արշակ Սադոյանի ջանքերը։ «Ժողովրդի արյունը ծծելը հեշտ չի մարսվելու՝ միեւնույն է, պիտի պատժվեն։ Եվ մենք իսկապես կպատժենք նրանց, եւ չկարծեք, թե այդ օրը շատ հեռու է։ Սա մեր երկիրն է։ Սա բաշիբոզուկների երկիրը չի, ուրիշների հոր բոստանը չի։ Պետք է փրկել այս երկիրը, հերի՛ք է, ինչի՞ց եք վախենում։ Ի՞նչ ունեք կորցնելու։ Իրենք էլ գիտեն, որ, միեւնույն է, գնալու են։ Գիտեն, որ ձեր դեմ խաղ չի լինելու։ Ինչի՞ց եք վախենում. դուք ուժ եք, շատ խելոք եք, իսկ նրանք հանցագործ են ու ձեր դեմ դողում են։ Եթե այս աշնանը չէ, ապա մայիս-հունիսին նրանց հարցերը հաստատ կլուծվեն»։ Փորձենք ներկայացնել հավաքական դիմապատկերն այն ուժերի, որոնց ուղղված էին այս զգուշացումներն ու սպառնալիքները։

«Հիշենք, թե սեպտեմբերի 25-26-ին ովքեր էին մատ թափ տալիս ձեր վրա՝ այսօր նրանք իշխանություն են,- ասաց Շավարշ Քոչարյանը,- Ռոբերտ Քոչարյանն էլ Ստեփանակերտից եկել էր, որ մատ թափ տա»։

«Ժողովրդին թալանող իշխանության որակը չի փոխվել։ Ամեն ինչ նույնն է մնացել՝ միայն դեկորացիաներն են փոխվել»,- սա դարձյալ Արշակ Սադոյանն էր, որը կարծես անտեսում էր այն իրողությունը, թե այս ամենին այժմ արդեն մաս են կազմում իրենց երեկվա դաշնակիցները, որոնք հաստատ չեն հիշում, թե «ովքեր էին մատ թափ տալիս»։

Ալբերտ Բաղդասարյանը տարակուսանք հայտնեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչու չէր որոշ կուսակցությունների «ԺԷԿ-ի պետերի» պաշտոններ տալիս։ Կրկնեց Պարույր Հայրիկյանի սիրելի արտահայտությունը՝ «չար ծառը բարի պտուղ չի տա», իբրեւ հիմնավորում, թե կեղծիքով ընտրված իշխանությունը լավ սահմանադրություն չի ստեղծի։ «Սա թող լսի Հայրիկյանը եւ վերադառնա հարթակ՝ դեպի ժողովուրդը։ Ինչպես նաեւ մնացածները»,- կոչ արեց Ալբերտ Բաղդասարյանը։

Վերջին ելույթը, ինչպես միշտ, Վազգեն Մանուկյանինն էր, որը 1996-ի այս օրերին անդրադարձավ եւ ազդարարեց. «Այն հիմնական խնդիրը, որի համար մենք գնացինք՝ դեռ լուծված չէ։ Երկիրը չի պատկանում ժողովրդին։ Երկիրը նորից մի խումբ մարդկանց է պատկանում»։ Այդ մի խմբից պարոն Մանուկյանն առանձնացրեց Դաշնակցությանն ու ՀՀՇ-ին, բայց նախեւառաջ՝ Վազգեն Սարգսյանին. «Նա 1996-ին հանցագործություն կատարեց (ես դեռ 1995-ը չեմ հիշեցնում) կրակելով ժողովրդի վրա՝ ասում էր. «Ես պետական հեղաշրջում չեմ թողնի»։ Հետո հպարտանում էին, որ իրենք հեղաշրջում են արել, տղամարդ են։ Վազգեն Սարգսյանի, պետական կառույցի բոլոր հնարավորություններն օգտագործվեցին, որ Ռոբերտ Քոչարյանին նախագահ դարձնեն։ Կգնա Ռոբերտ Քոչարյանը՝ կասեն, թող նրանից հետո Վազգեն Սարգսյանը նախագահ լինի։ Հետո եղբայր-տղերքով կհավաքվեն, կասեն՝ Վազգեն Սարգսյանը մեր պետության համար մի քիչ շատ ինտելեկտուալ է, բարձրագույն կրթություն ունի՝ ֆիզկուլտ ինստիտուտ է ավարտել։ Գնանք, Գորիսից բերենք՝ Լիսկային նշանակենք։ Ինքը մեզ ավելի լավ կնայի։ Եվ երկիրը գնալու է այդ ճանապարհով»։

«Ոչ մի բան չփոխվեց,- կրկնեց Վազգեն Մանուկյանը։- Խոսքը ոչ թե նրա մասին է, որ արդյունաբերությունը ոտքի չկանգնեցրին՝ 3-4 ամսում դա հնարավոր չէ, մենք հիմար չենք, բոլորս էլ հասկանում ենք դա, բայց մենք այդ ուղղությամբ քայլեր չենք տեսնում»։ Կոնյակի գործարանի վերաբերյալ Քոչարյանի այն հավաստիացման առնչությամբ, թե առժամանակ անց ամեն ինչ լավ է լինելու՝ ԱԺՄ առաջնորդն ասաց, թե մտածելակերպն անգամ նույնն է մնացել. «Դա իշխանության ոճ է, որ դուք տգետնե՜ր, դուք ո՞վ եք, որ մե՜զ՝ մասնագետների՜ս, սովորեցնեք։ Մենք կանենք՝ հետո կտեսնեք, որ լավ է։ Լեւոնն էլ էր ասում՝ «Ղարաբաղը տվեք, ամեն ինչ լավ կլինի 2 տարուց հետո»։ Դեռ ինքն այդպես ծայրահեղացած չէր ասում»։

«Մի գյուղ ենք դարձել երկրագնդի վրա։ Արժանի՞ ենք մենք այսպիսի կյանքի։ Ամեն մի օրը, որ մենք հապաղում ենք՝ մեզ հետ է քցում»,- իսկ «չհապաղելու» հնարավոր տարբերակներից մեկի մասին Վազգեն Մանուկյանն ասաց, թե նորից հավաքվելն ու «դղյակ շրջապատել-պահանջելն այս րոպեին հնարավոր չէ։ Կգա պահը, պետք լինի՝ ես ինքս այստեղից կասեմ»։ Առայժմ կարեւորեց նախագահին պաշտոնազրկելը. «Ես կոչ եմ անում ժողովրդին ձայն տալ միայն այն կուսակցություններին ու մարդկանց, ովքեր կպարտավորվեն, որ մտնելով Ազգային ժողով՝ առաջին օրը իմփիչմենթ են հայտարարելու Ռոբերտ Քոչարյանին եւ նոր ընտրություններ։ Դրա շուրջը պետք է համախմբվենք»։

Մի անհրաժեշտ վերապահում՝ սա այն դեպքի համար ասվեց, եթե մինչեւ նոր խորհրդարանի ընտրությունները իշխանության հարցը լուծված չլինի։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930