Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ

Սեպտեմբեր 26,1998 00:00
Jemma Ananyan

Հայաստանում չկա չկողոպտված ընտանիք

Սեպտեմբերի 25-ի նշանակալի օրը Ազգային ժողովում տեղի ունեցավ սոցիալական, առողջապահության եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եւ կառավարության ներկայացուցիչների երկրորդ համատեղ նիստը, որը նվիրված էր բնակչության՝ խնայբանկերում ունեցած ավանդների վերադարձման խնդրին։ Եվ քանի որ մի քանի օրից ԱԺ նշյալ հանձնաժողովի նախագահ Գեղամ Ղարիբջանյանն այլեւս այդ պաշտոնը չի զբաղեցնելու, զրուցեցինք նույն հանձնաժողովի փոխնախագահ Ջեմմա Անանյանի հետ։

– Տիկին Անանյան, արդյո՞ք նախընտրական շարժ չէ ձեր եւ ԱԺ տնտեսական վարչության պետ Վարդան Բոստանջյանի կողմից խնայդրամարկղերում եղած գումարները ապասառեցնելու նախաձեռնությունը։

– Այդ աշխատանքը մենք սկսել ենք դեռեւս անցյալ ամառվանից, ուստի չի կարող խոսք լինել նախընտրական միտումների մասին։ Մենք Վարդան Բոստանջյանի հետ երկար ենք աշխատել, երբ դեռ խոսք չկար ընտրությունների մասին։ Դա ոչ թե նախընտրական ճիգ է, այլ խիստ անհանգստացնող իրողություն։ Մեր երկրում հազիվ թե գտնվի մի ընտանիք, որը խնայդրամարկղերում ավանդ չունենա։ Իսկ այդ գումարները սառեցվելով ժամանակին, այսօր ի չիք են դարձել։ Այլ կերպ ասած, մեր պետությունում նրա կողմից չկողոպտված ընտանիք չկա։ Հետեւաբար՝ խնայդրամարկղերում եղած ավանդների վերադարձման հարցը ժողովրդին հուզող լուրջ խնդիր է։

– Տիկին Անանյան, այսօր տեղի է ունեցել այդ հարցով զբաղվող համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը։ Հետաքրքիր է, ի՞նչ վճիռներ են ընդունվել։

– Մեկ շաբաթ առաջ մենք անցկացրինք առաջին նիստը, ուր ներկայացվել է հետեւյալ հաշվարկը. եթե հիմք ընդունվի խորհրդային 1 ռուբլու դիմաց ամերիկյան 1 դոլար վերադարձնելու սկզբունքը, ապա փոխհատուցման ենթակա գումարը 1991թ. հունվարի 1-ի դրությամբ արդեն 8,5 մլրդ ամերիկյան դոլար էր։ Սա մեր հանրապետության համար շատ մեծ թիվ է, եթե նկատի առնենք, որ հանրապետության 1997թ. ներքին համախառն արդյունքը շուրջ 1,5 մլրդ դոլար է նախատեսված, իսկ պետական բյուջեի եկամտային մասը՝ 250 մլն ամերիկյան դոլար։ Այս պայմաններում 8,5 մլրդ դոլարի փոխհատուցման մասին գործնականում խոսք լինել չի կարող։

Առավել իրատեսական է, եթե 1 դոլար փոխհատուցվի խորհրդային 20 ռուբլու դիմաց։ Սա էլ դեռեւս վերջնական վճիռ չէ, որովհետեւ աշխատանքային խումբը շարունակելու է գործունեությունը։ Տեղի ունենալիք քննարկումների արդյունքում միայն կորոշվի, թե ի՞նչ համարժեք է պետք գտնել եւ ի՞նչ չափով ինդեքսավորել գումարները։ 20-ը 1-ի հարաբերակցությունն ընդունելու դեպքում պետության պարտքը ժողովրդին կկազմի 425 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ դա, համապատասխան մոտեցումների կիրառման դեպքում, հանրապետությունում կդառնա ոչ միայն լուծելի, այլեւ՝ տանելի խնդիր։ Իհարկե, այս դեպքում հարկավոր է գործը տեղից շարժելու պատրաստակամություն ունենալ։

– Լավ, իսկ ո՞րն է ելքը։

– Այս գործում կատարվելիք առաջին քայլն այն է, որ պետությունը պաշտոնապես ճանաչի այդ գումարը որպես պետական ներքին պարտք եւ այն վերադարձնելու պատրաստակամություն հայտնի։ Պետությունը պարտավոր է դա անել իբրեւ նախկին պետության իրավահաջորդը։ Այս երկրում ապրող քաղաքացիներն ապրել են նաեւ նախորդ երկրում։ Դա կարող է անել եւ՛ Ազգային ժողովը, եւ՛ հանրապետության նախագահը։ Իսկ որպես սկիզբ, տեղի ունեցած երկու նիստերում էլ խնդիր էր դրվել հստակեցնել պարտքի ծավալները՝ ո՞ր թվականն ենք վերցնում իբրեւ ելակետ՝ 91-ը, 93-ը, թե՞ որեւէ այլ թվական։ Քննարկման են ենթարկվել նաեւ գումարները վերադարձնելու մեխանիզմներն ու ձեւերը։ Դա բարդ հարց է եւ երկար մտորումների արդյունքում միայն կարող է վերջնական որոշում ընդունվել։ Պետք է որոշվի ինդեքսավորման եղանակը եւ ստեղծվի համապատասխան օրենսդրական դաշտ։

Այս հարցի շուրջ պետք է համախմբվեն բոլոր այն ուժերը, որոնք իսկապես շահագրգիռ են խնդրո առարկայով։ Գումարները վերադարձնելու համար, արդեն իսկ տեսակետ կա՝ պետք է որոշվեն, թե ինչպիսի՞ սահմանազատում է անցկացվելու տարիքային խմբերի միջեւ՝ ասենք, քանի՞ ավանդատու կա, որ արդեն անցել է 95-ի, 90-ի, 80-ի շեմը։ Դրանից հետո կարելի կլինի որոշել, թե ո՞ր տարիքային խմբի եւ ի՞նչ չափերի մեջ սկսել գումարի վերադարձը։

Կարելի է նաեւ տարածքային մոտեցում որդեգրել՝ նախապատվություն տալով աղետի գոտուն եւ սահմանամերձ շրջաններին։ Բերվում էր այն փաստարկը, որ մինչեւ 3000 ռուբի ներդրած ավանդատուների քանակը 1,5 միլիոն է։ 3000-ից մինչեւ 10 հազար ռուբլի ունեցած մարդկանց թիվը հասնում է 600 հազարի։ Մի խոսքով, մինչեւ 25 հազար ռուբլի ունեցածները՝ բոլոր ավանդատուների 75%-ն են կազմում։ Այս ամենի մանրամասն վերլուծությունից հետո միայն հնարավոր կլինի ելքեր առաջարկել գումարները մարելու ուղղությամբ։

– Տիկին Անանյան, դուք շատ գեղեցիկ եք խոսում, բայց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Ասլիկյանն ասաց, որ առաջիկա 4-5 տարում չի կարող խոսք լինել ավանդները վերադարձնելու մասին։

– Ընդհանրապես պարոն Ասլիկյանն էլ պետք է ելակետ ունենա հանրապետության նախագահի նախընտրական ելույթների ժամանակ արտահայտած մտքերը։ Իսկ նա հայտարարել է, որ փորձելու ենք հարցը տեղից շարժել։ Նախագահն ասել է, որ այդ գումարները պետք է ձեւակերպվեն իբրեւ ներքին պարտք, ուստի ավելի շատ պետք է մտածել ոչ թե պատճառաբանություններ գտնելու, այլ խնդիրը լուծելու մասին։ Իհարկե դժվար է, սակայն համախառն արդյունքի մեծացման մասին էլ է պետք մտածել։ Եթե ստեղծված լիներ խնայբանկերում եղած ավանդների մարման հիմնադրամ ու ընդունված լիներ օրենք, որ հանրապետություն մտած վարկերի 1 %-ը գոնե հատկացվելու է այդ նպատակին, ապա հարցը որոշակիորեն կշարժվեր տեղից։ Բագրատյանը 10 տարի առաջ ասում էր, թե սեփականաշնորհված օբյեկտներից եկած գումարի շուրջ 15 %-ը հատկացվելու է այդ նպատակին։ Ի՞նչ եղավ իրենց խոստումը։

Հիշեցնեմ նաեւ, որ այսօրվա վարչապետը եւս նախընտրական օրերին այդ հարցը տեղից շարժելու խոստում տվել է։ Իսկ խոստումը կատարման մեջ է գեղեցիկ։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930