Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐՃԱՐԱՆԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄ

Սեպտեմբեր 25,1998 00:00

Երբ հազար տարի սրճարան չես գնացել, եւ մի օր պատահմամբ որոշում ես դրսում սուրճ խմել, բնական է, որ աջ ու ձախ պիտի զարմանաս։

Անսպասելի զարմանքի եւ հիասթափության պահեր ապրեցի, երբ հռչակավոր «Երեւան» կինոթատրոնի դիմացի բացօթյա սրճարանում ընկերուհուս հետ նստեցինք մի բաժակ սուրճ ըմպելու։ Արտաքուստ ամենասովորական սրճարան է, հանրապետության բոլոր քաղաքների (Երեւանը՝ հատուկ կարգով) համար արդեն բնորոշ պլաստմասսայե սեղան-աթոռով, արեւելյան տիպի հովանոց-ծածկով եւ այլ խայտաբղետությամբ։ Մատուցողուհին էլ իր «արհեստավարժությամբ» չէր տարբերվում որեւէ արհեստավարժից, հագուկապը տիպիկ արեւելյան՝ սեւ գույնի գերակշռությամբ, թեւերն ու կուրծքը՝ շղարշի տակ, ոտքերը՝ որոշակի կետից՝ բաց։ Դե, աղջիկ էր, էլի…

Բայց իր գործը գիտեր հինգ մատի պես։ Նախ. սուրճի բաժակները հավաքում էր նույն հինգ մատներն այդ բաժակների մեջ խցկելով։ Ամեն վայրկյան ուշադիր էր, որ չլինի հաճախորդը սուրճը կամ պաղպաղակը վերջացնի եւ դատարկ ափսե-բաժակ մնա սեղանին։ Մի խոսքով՝ անընդհատ պտտվում էր ներկաների աչքի առաջ եւ ուշադիր զննում սեղանները։ Ամեն անցուդարձին նրան հիացմունքով հետեւում էին ներկա տղամարդիկ։ Իսկ սպասարկվողները խիստ նման էին Ֆիրդուսու փողոցի հանրահայտ շուկայի առեւտրականներին եւ նրանց ապրանքով ապահովողներին։ Արեւելյան չէր միայն երաժշտությունը, սակայն չի բացառվում, որ օրվա որոշակի ժամերի այն արեւելյան երանգ ստանա։

Սրճարանը մշտական հաճախորդներ ուներ, եւ նրանք իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում։ Հավանաբար ես եւ ընկերուհիս որեւէ կերպ չէինք սազում պարսկա-ղարսա-խորովածային այս մթնոլորտին, քանի որ մշտական հաճախորդներն ակնհայտորեն չէին ընկալում մեր դերն ու տեղը այդ սրճարանում։ Վերջապես, հասավ ամենահետաքրքիր պահը։ Անհամ սուրճն ըմպելուց եւ համեղ պաղպաղակը ուտելուց հետո, մոտեցա վաճառողուհուն եւ հարցրի.

– Որքա՞ն ենք վճարելու։

– 2300 դրամ,- եղավ պատասխանը։

– Որքա՞ն,- խիստ տոնով կրկնեցի հարցս։

Եվ, ո՜վ քեզ հրաշք։ Մեկ ակնթարթում 2300 դրամը դարձավ 1200 դրամ։ Ինչն իսկապես համապատասխանում էր մեր կերած-խմածի շուկայական արժեքին։ Անկասկած, այս սրճարանում աշխատողները խիստ արհեստավարժ են եւ փողի սառեցման քաղաքականությունը լավ գիտեն։

Հեռացանք սրճարանից՝ մեզ հետ տանելով վաճառողուհու դժգոհ հայացքը…

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930