Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԻ ՇՈՒՆ ՀԱՉՈՒՄ Է»

Սեպտեմբեր 25,1998 00:00
Loris Chgnavoryan

Լ. Ճգնավորյանի բառապաշարի եւ պահվածքի մասին

Նկատել եմ, որ Ճգնավորյանն ամեն անգամ ասուլիս տալուց լրագրողների համար «ծախս» է անում. Ժուռնալիստների միության ասուլիսների համար նախատեսված սրահի սեղանները, որ լցված էին պարսկական էժանագին ծամոնանման կոնֆետներով ու շամպայններով, ափսե-բաժակ-պատառաքաղիկներով, ավելի շատ ճաշասենյակի տպավորություն էին ստեղծում։ Ճգնավորյանը շամպայն հյուրասիրելիս հաստատ մտածել էր, որ կգտնվեն լրագրողներ, որոնք շամպայն կպայթեցնեն, կշնորհավորեն իր «վերադարձը»։ Ու չսխալվեց. մի քանի «հին» տարիքի լրագրողներ գտնվեցին, որոնք ասուլիսը ժամանակ առ ժամանակ ընդհատում էին, թե «լավ, եկեք մաեստրոյին շամպայնով շնորհավորենք» եւ այլն։ Էլ չասեմ, որ կային լրագրողներ էլ (էլի նույն տարիքի), որ ի օգուտ իրենց սիրելի «մաեստրոյի» ելույթներ էին ունենում իրենց կոլեգաների հարցադրումների հետ միաժամանակ։

Մամուլի հրապարակումներին անդրադառնալիս Ճգնավորյանն իրեն թույլ տվեց լրագրողների հասցեին ասել՝ «ամեն գյուղից մի շուն հաչում է» արտահայտությունը, իբրեւ թե՝ բանի տեղ չի դնում իրեն չգովաբանող հոդվածներին, եւ նման հրապարակումները իրեն չեն խանգարում։ Այդ ամենը, իհարկե, նա ասում էր միայն իրեն բնորոշ լայն ժպիտով։ Իսկ, երբ «Հայք»-ի թղթակիցը «մաեստրոյի»՝ լրագրողների հասցեին ասված վիրավորանքը ամրագրեց, Ճգնավորյանի խիզախությունը չհերիքեց եւ նա փորձեց համոզել (եւ որոշ վերոհիշյալ տարիքի լրագրողներ էլ միացան նրան), թե ինքը այդպես չասաց, որ իրեն սխալ հասկացան, ու փորձեց արդարանալ։

Ճգնավորյանը լրագրողներին հավաստիացնում էր, թե ինքը այս 9 տարիների ընթացքում ոչ մի թերթի չի պատասխանել, այլ միայն իր գործով է զբաղվել։ Եվ երբ Ճգնավորյանի սխալն ուղղեցի, որ «Առավոտ»-ին բազմաթիվ անգամներ գրություն-նամակներ է ուղարկել (վկայակոչելով նաեւ իր նամակագրությունները մեզ հասցնող Ավետիս Բերբերյանին), «մաեստրոն» խառնվեց՝ «բամբասանք է, ես ձեզ նման գրություններ չեմ ուղարկել» եւ այլն։ Խոստացա նրան՝ իր իսկ նամակները ցուցադրել թերթում։

Խաղաղ հունով ընթացող ասուլիսը կեսից արդեն փոթորկվեց «Հայք»-ի եւ «Առավոտ»-ի ներկայությունից։ Ճգնավորյանի համար երեք հարց էի նախապատրաստել։ Առաջին հարցիս հենց առաջին բառից նա ընդհատեց՝ «Միայն պատասխանելու եմ համերգաշրջանի բացման վերաբերյալ հարցերին» (թեեւ ասուլիսում ամենաքիչը շոշափվում էին հատկապես համերգաշրջանին վերաբերող հարցեր)։ Պնդեցի, որ պատասխանի կա՛մ Ճգնավորյանը, կամ որեւէ մեկը «իրենցից»։ Եվգենի Նոնինյանը ասաց. «Ես կպատասխանեմ»։ Հարցս ուղղեցի պրն Նոնինյանին։ Նա պատրաստակամություն ցուցաբերեց հարցս լսելու եւ պատասխանելու, սակայն Ճգնավորյանը արգելեց Ե. Նոնինյանին էլ, կրկնելով վերը ասված տողերը, ավելացնելով՝ թե «եթե բամբասանքներ եք ուզում լսել եւ եթե դրա համար եք եկել այստեղ (ասուլիսի – Ս.Ս.), ապա սխալ հասցեով եք եկել»։

Ինչ խոսք, Ճգնավորյանի նախապես մտածված հավասարակշռությունը խափանվեց եւ, թեեւ շատ կարճատեւ, բայց անմիջապես երեւաց (շատերն էլ նկատեցին), թե ինչպիսին է նա իրականում, եւ ինչպես է շփվում եւ խոսում տեսախցիկների եւ պաշտոնատար անձանց բացակայությամբ։ Եվ այս փոքրիկ «դեպքից» հետո, Ճգնավորյանը որոշեց մեջքով նստել ինձ…

Ասուլիսի ընթացքում պրն Նոնինյանի հետ պայմանավորվեցինք մոտակա օրերի ընթացքում զրուցել, իսկ վերջում, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը Ե. Նոնինյանին տեղեկացրեց, որ ասուլիսների ընթացքում լրագրողներն իրավունք ունեն ամեն ինչ հարցնել եւ պատասխան ստանալ։ Սա, թեեւ Ճգնավորյանը հաստատ գիտի, բայց պետք է նորից հիշեցնել նրան (ի գիտություն)։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Ժողովրդական իմաստնությունն ասում է՝ քանի դեռ կա ոչխար գողացող գայլ, պիտի լինի այդ գայլի վրա հաչող շուն: Ներկայացնում ենք Ճգնավորյանի՝ «Առավոտին» ուղարկած նամակներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930