Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՆԱՄԱԿԸ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁՆ Է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ»

Սեպտեմբեր 25,1998 00:00
namak

Պետության սահմաններում

Մեծարգո նախագահ.

Ես դատապարտվել եմ օրինականության կոպիտ խախտումներով եւ քննությանը խորթ միջոցներ կիրառելով ստեղծված ակնհայտ, շինծու մեղադրանքների հիման վրա։ Իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու խնդրանքով ես դիմել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ծառայությանը։ Գիտեմ, որ այդ ծառայությունը դեռ ոչինչ չարած, արդեն հասցրել է իրեն հեղինակազրկել եւ մարդու իրավունքների հիմնական ոտնահարողները՝ իրավապահ մարմինները, անտեսելով անգամ այն հանգամանքը, որ ի դեմս այդ ծառայության նրանք պատասխանում են ՀՀ նախագահին, այդ ծառայության գրություններին արդեն չեն բարեհաճում պատասխանել։

Մարդու իրավունքները պաշտպանելու համար աշխատել է պետք։ Հեռուստաէկրանի առջեւ ցուցադրական բաներ անելով կամ ամպագոռգոռ հայտարարություններով մարդու իրավունքներին սատար չես լինի։ Ես գիտեի, որ դիմումս ուղարկվելու է ՀՀ դատախազության տնօրինությանը, որտեղ եւ դրվելու է դիմումիս ընթացքի վերջակետը։ Այն արդեն ՀՀ դատախազությունում է։ Մնում է վերջակետը։ Այսինքն, եղավ եւ լինելու է այն, ինչ ես գիտեի ի սկզբանե։

Իմ դատաքննությանը մասնակցած դատախազն այսօր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է (Ժիրայր Խառատյան), իսկ դատավորը՝ վճռաբեկ դատարանի նախագահի տեղակալը (Մհեր Խաչատրյան), այսինքն՝ այսպիսի ինձ համար անբարենպաստ պայմաններում առնվազն հիմարություն է սպասել, թե որեւէ բան կփոխվի։ Այդ ամենն իմանալով հանդերձ, ես գրեցի այդ դիմումը, որովհետեւ այլ ելք չունեմ։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին դիմելու ճանապարհին սա հերթական պարտադիր քայլն է։ Այդ մարմինները պետք է իրազեկ լինեն, թե ինչ է արել դիմումի հեղինակի նկատմամբ երկրի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինն այդ առթիվ։ Բնականաբար, ես նրանց պետք է փաստեր ու փաստարկներ ներկայացնեմ ապացուցելու համար, որ իսկապես ոտնահարվել են իմ իրավունքները։ Հենց դա է, որ ես չէի ցանկանա անել։ Այդ փաստերն իմ պետությանը պատիվ չեն բերի, չեն նպաստի նրա հեղինակության բարձրացմանը։ Ներկայացնեմ ասածս ապացուցող միայն մեկ օրինակ։

Դատաքննությանը մասնակցող դատախազը հայտարարեց, որ հանցանք կատարելու մեջ ինձ մեղադրելու հիմք ծառայող ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ հանցավոր անօրինական միջոցների գործադրմամբ։ Դա նշանակում է, որ դատախազն ընդունում է, որ այդ ապացույցները արժեզրկված են եւ մեղադրանքի հիմքում դրվել չեն կարող, որովհետեւ ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 2-րդ մասով ուղղակի «արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը»։ Դատախազը կատարեց իր մասնագիտական պարտքը եւ այս փաստի իրավական հետեւանքների իրացումը, ինչպես որ պետք է լիներ, թողեց դատավորին։ Դատավորը, թեեւ այս փաստը չհերքեց, հակառակը չապացուցեց, բայց ցուցաբերելով արտակարգ անսկզբունքայնություն եւ արտառոց ոչ մասնագիտական մոտեցում, այն պարզապես լռության մատնեց, անտեսեց։

Կալանավայրից ազատվելուց հետո ես զրույց ունեցա նրա հետ։ Երբ նրան հիշեցրի այդ մասին՝ ինչ-որ «անորոշ» պատասխանեց. «Ես դա շատ լավ գիտեի, բայց դու ի՞նչ է, չգիտե՞ս, որ նրանք չէին թողնի»։ Մարդը, փաստորեն, խոստովանեց, որ արել է այն, ինչ իրեն հանձնարարվել է։

Ես չեմ կարծում, որ այն պետությունների համար, որտեղ այնքան հարգի է օրենքն ու սահմանված կարգը, որ քրեական գործի հարուցումը կասեցվում է լոկ այն պատճառով, որ ձերբակալման պահին կասկածյալին չեն բացատրել իր իրավունքները, հաճելի կլինի իմանալ, որ իրենց հետ նույն շարքում դասվելու հավակնություն ունի մի պետություն, որտեղ նույնիսկ հետաքննության մարմինը կարող է իրեն թույլ տալ սահմանադրական պահանջի խախտմամբ քրեական գործեր հորինել եւ մնալ անպատիժ, որտեղ արդարադատության եւ օրինապահության կաճառ համարվող Գերագույն դատարանը սահմանադրական պահանջին պատշաճող գործունեություն իրականացնելու փոխարեն դատապարտող դատավճիռ է կայացնում այդ ապացույցների հիման վրա, փաստորեն օրինականացնելով հետաքննության մարմնի իրավախախտումները, իսկ հետո նա՝ այդ դատավորը, երեւի այս եւ նման այլ ծառայությունների համար, որպես վարձատրություն, նշանակվում է Վճռաբեկ դատարանի նախագահի տեղակալ։

Անվիճելի է, որ այսօր, ինչպես նախկինում էր, նախ մարդկանց չեն ձերբակալում եւ հետո միայն (ինչպես կատարվեց ինձ հետ) նրա համար հարմար հանցանք գտնում կամ հորինում։ Բայց մնում են, չեն վերացվել այդպիսի մոտեցման հետեւանքները։ Նման վերաբերմունքի արդյունք է, որ այսօր հայ մարդն իր իսկ ձեռքով ստեղծած, իր երազած անկախ պետության մեջ արդարություն գտնելու հույսը կորցրած մղկտում է, թե՝ առաջ գոնե Մոսկվային էինք դիմում, հիմա չգիտենք, թե ում դիմենք, ով մեզ կօգնի։ Այս նամակը վերջին փորձն է իմ պետության սահմաններում արդարություն գտնելու։

Եթե «Գրքով ու Ավետարանով» պետության մեջ օրինականության, արդարության ու արդարադատության երաշխիք հանդիսացող նախագահն էլ չօգնի դատական սխալն ուղղելու, ուրեմն ես իսկապես այլ ելք չունեմ, բացի միջազգային ատյաններին դիմելուց։ Իմ նկատմամբ քրեական գործ կոչեցյալ հորինվածքը կարելի է իրավունք ուսումնասիրողներին ներկայացնել որպես արդարության իրականացման պատմության մեջ նմանը չունեցող, օրենքի կամայական մեկնաբանությունների ու կիրարկման օրինակ։ Ես ինքս իրավաբան եմ։ Ունեմ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի կոչում եւ գիտեմ, թե ինչ է մերկապարանոց հայտարարության արժեքը։ Իմ ասածի ճշմարտացիության մեջ համոզվելու համար բավական է իմ գործի թռուցիկ, մակերեսային ծանոթությունն անգամ։

ՎԱՂԻՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930