Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Գնունի. «Կարող եմ հպարտանալ, որ երկարատեւությամբ ինձ ամենից շատն են տփել»

Սեպտեմբեր 25,1998 00:00
Azgayin joxov

Ես ոչ միշտ եմ նստում իմ աշխատասենյակում, քանի որ այն գտնվում է ԱԺ նախագահի աշխատասենյակի կողքը, պարբերաբար գնում-գալիս էի։ (Հուշերը պատմելիս, սովորության համաձայն, իր նախկին աշխատասենյակի մասին ներկա ժամանակով խոսեց Արտակ Գնունին – Լ.Մ.)։

Արդյո՞ք հարձակում լինելու էր, թե՞ ոչ. ինչ-որ բան, այնուամենայնիվ, հուշում էր։ Թեպետ հանրահավաքի կոչերից այդքան էլ տեղյակ չէինք, բայց ինչ-որ ներքին բան, այնուամենայնիվ, հուշում էր։ Չնայած նախորդ օրը եւս հանրահավաք էր եղել, ժողովուրդը շարժվել էր ԱԺ շենք, բայց ամեն ինչ անցավ հաշտ ու խաղաղ։ Բայց ինչ-որ բան հուշում էր, որ այսօր այդպես չի լինի, այդ օրը ինչ-որ բան կլինի։ Դա եղավ մոտավորապես ժամը 19-ին։ Ինձ համար մինչեւ հիմա հանելուկ է, ոչ այն, թե ինչպես մտան, կամ ինչպես ջարդեցին, ի դեպ, ջարդելը շատ հեշտ էր, շատերն են ասում, թե ցանկապատի ջարդելը դժվար կլիներ, շատ հեշտ էր ջարդելը, որովհետեւ երեւի մի 20 տարի դրանք չէին փոխվել։

Ինչ վերաբերում է պաշտպանվածությանը՝ կային բավականաչափ, ես չգիտեմ կոնկրետ որ ստորաբաժանումներից էին, բայց գիտեմ, որ բավականին մարդիկ կային։ Ես ազգային անվտանգությունից բավականին մարդիկ տեսա եւ եթե չեմ սխալվում, իսկ կարող է եւ սխալվում եմ՝ զինվորական ոստիկանությունից։

Դրա նախորդ օրը մի գնդապետ շատ հետաքրքիր բան ասաց. «Էսքան մարդ հերիք է, որ Նախիջեւանը գրավենք»։ Ինձ համար հանելուկն այն էր, թե ինչպես I հարկից III հարկ այդքան արագ կարողացան բարձրանալ։ Մինչեւ հիմա, որ զրուցում եմ նախկին կոլեգաներիս հետ՝ չենք կարողանում միասնական կարծիքի գալ, թե որ կողմից նրանք մտան։ Խոսքս հենց այն խմբի մասին է, որը բարձրացավ ԱԺ նախագահի ընդունարան, կոպիտ ասած՝ պարոն Սադոյանի ղեկավարած խումբը։ Ես ընդունարանում էի, երբ ժողովուրդը մտավ, ԱԺ ղեկավարությունը, այսինքն՝ պրն Արարքցյանը, պրն Սահակյանը, պրն Ռուբինյանը եւ Ավետ Գրիգորյանն ու Վաչագան Հարոյանը, որոնք պատահաբար էին այնտեղ, դուրս եկան նրանց ընդառաջ։

Պարոն Արարքցյանը դուրս եկավ եւ առաջին շարքում գտնվող Արշակ Սադոյանին ասաց. «Պարոն Սադոյան, Դուք որպես ԱԺ պատգամավոր այսպե՞ս եք մտնում ԱԺ նախագահի մոտ», Սադոյանը դրանից հետո իր հայտնի ֆրազը ասաց։ Դա էր ամբողջ վիճաբանությունը, որից հետո սկսվեց կռիվ։ Անկեղծ ասած, երբ մտան, ես նրանց ձեռքին մահակ-բան չտեսա. մի 2-3 վայրկյան հետո, երբ որ տուրուդմփոց սկսվեց, տեսա, որ ձեռներին երկաթե ձողեր կային, մի երկու հատ ծաղկամանների ծառերից էին, որ արմատով պոկել էին, հետո, իհարկե, ձեռքներին ավելի ծանր բաներ տեսա։ Ես այնտեղ էի, որտեղ որ պետք է լինեի՝ պրոտոկոլով, ԱԺ նախագահի կողքին։ Կռիվը սկսվեց եւ դրանից հետո ինչ էլ ասեմ, երեւի այդքան էլ հստակ չի լինի, որովհետեւ այդ կռվի ընթացքում ես պարբերաբար ուշակորույս էի լինում, պարբերաբար խելքի էի գալիս, հենց խելքի էի գալիս նրանք նորից էին փորձում խփել։

Մի պատկեր է տպավորվել, որ պրն Սահակյանը լրիվ արյունլվա պառկած էր հատակին եւ նրան շարունակում էին խփել։ Որքան ես հիշում եմ, իսկ բավականաչափ լավ եմ հիշում, հարձակվողներից մեկը ասաց. «Առաջին հերթին հեռախոսներն ու կոմպյուտերները ջարդեք»։ Դեհ, տղերքը լավ պատրաստված էին եկել։ Ես մինչեւ հիմա լավ եմ զգում, որ այդ օրը ինչ-որ բան կանխազգում էի եւ պրն Արարքցյանի գործավարներին շուտ ուղարկեցի տուն։ Ներս մտած զանգվածը, այնպիսի տպավորություն էր, որ չի հասկանում ինչ է անում։ Ինձ հարց են տվել դատախազությունում, կարո՞ղ էր արդյոք Սադոյանը կանխել։ Դա շատ դժվար հարց է. երեւի թե կարող էր, բայց՝ ամենասկզբից։ Այդ ամենը տեւեց 15-20 րոպե եւ 5 րոպե հետո արդեն անվերահսկելի էր այդ ամենը։ Այնքան անվերահսկելի, որ առաջին 5 րոպեից հետո ես Արշակ Սադոյանին չեմ հիշում։

Իսկ մեր անվտանգությունն ապահովող մարդկանց ես տեսել եմ հարձակումից 5-10 րոպե առաջ։ Կռվի ընթացքում ինձ մի 2 անգամ քարշ տվեցին, կարող եմ հպարտանալ, որ կռվի ընթացքում երկարատեւությամբ ինձ ամենից շատն են տփել, ուժեղությամբ չէ, ընդամենը մեկ շաբաթ պառկեցի հիվանդանոցում, բայց երկարատեւությամբ ամենից շատ ինձ է հասել։ Ինչո՞ւ, երբ ուշքի եկա, ֆիքսեցի, որ Բաբկեն Արարքցյանը չկա եւ գնացի Արարքցյանին ման գալու եւ այնտեղ երկու անգամ էլ հաջողացրեցի ծեծվել։

Ի դեպ, ես չգիտեմ ՆԳՆ-ն ինչպիսի որոշում է կայացրել ԱԺ-ի պահակազորի նկատմամբ, բայց դրանցից մի քանիսին չեմ կարող երախտիքի խոսք չասել, քանի որ համազգեստի բերումով իր կյանքը ակնհայտորեն վտանգելով պաշտպանում էր։ Ոչ այնքան իմ կյանքը, որովհետեւ եթե աջ ու ձախ ես չներկայանայի, թե պրն Արարքցյանի օգնականն եմ, կարող է չծեծեին էլ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930