Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԱՍԵԼ՝ ԱՀԱ ՆԱ…»

Սեպտեմբեր 25,1998 00:00
Arshak Sadoyan

Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանի հետ

-Պարոն Սադոյան, արդեն երկու տարի է անցել սեպտեմբեր 25-ի իրադարձություններից եւ հիմա, արդեն առանց որեւէ բարդություն ունենալու կարող եք ասել՝ ասե՞լ եք արդյոք, ահա նա, ինչ ուզում եք արեք նրա հետ։

-Նախ ասեմ, որ ինչ պիտակներ էլ փորձեն կպցնել սեպտեմբերի 25-ի դեպքերին, ինձ համար եւ շատ-շատերի համար այդ օրն իսկապես հերոսական օր է՝ երբ մարդիկ փորձեցին հակառակվել իրենց կամքի վրա բռնանալու ուղղակիորեն շեշտված միտումներին, որոնք ունեին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները։ Այս իմաստով կարեւորում եմ սեպտեմբերի 25-ը, որպես շատ էական մեկ օր մեր պատմության մեջ։ Այդ օրը ցույց տրվեց, որ մեր ժողովուրդն այնքան ուժ ու կարողություն ունի, որպեսզի չհանդուրժի ուժով իրեն փաթաթված իշխանությունը։

-Պարոն Սադոյան, խոսքն ամենեւին էլ սեպտեմբեր 25-ի ձեր գնահատականին չի վերաբերում։ Ինձ հետաքրքիր է, դուք ասե՞լ եք, որ՝ ահա նա…

-Այդպիսի խոսք իմ շուրթերից չի հնչել։ Մենք գնացել էինք ոչ թե ԱԺ, այլ՝ ԿԸՀ։ Շատ զարմանալի է, որ այդ օրը ուշ երեկոյան, արձակուրդի մեջ գտնվող Բաբկեն Արարքցյանը, որը կարող էր իրենց տանը հանգիստ քնել, եկել էր Ազգային ժողով։ Ավելին՝ նա կարող էր անցնել հանգստի սենյակ, որտեղից ճանապարհ կա դեպի բունկեր։ Կա նաեւ ուրիշ ճանապարհ, որով կարող էր հայտնվել ԱԺ նիստերի նախագահության դահլիճում, իսկ այնտեղից՝ բակում։ Ինձ համար մինչեւ հիմա էլ գաղտնիք է մնացել, թե ինչու հեռանալու փոխարեն Բաբկեն Արարքցյանը եւ նրա հետի մարդիկ որոշել էին դուրս գալ ժողովրդի առջեւ՝ վերջինիս հետ խոսելու։ Իսկ ժողովուրդն ատելությամբ էր լցված նրանց նկատմամբ։ Վրդովմունքն այնպես բուռն էր, որ նույնիսկ ինձ որոշ բաժին հասավ դրանից։

Այդ օրը երբ ես Ազգային ժողովում փորձեցի որոշ մարդկանց կարգի հրավիրել, թե ինչու եք ապակիները կոտրում, նրանք անմիջապես հարձակվեցին ինձ վրա, եւ միայն կողքինների սաստելը՝ թե Սադոյանն է, ի՞նչ եք անում, կասեցրեց նրանց բռնությունն իմ նկատմամբ։ Էլ ինչ խոսք կարող է լինել Բաբկեն Արարքցյանի եւ մյուսների մասին։ Երբ ես տեսա Բաբկեն Արարքցյանին, Կարապետ Ռուբինյանին, Արա Սահակյանին եւ մյուսներին, որոնք դուրս էին գալիս իրենց աշխատասենյակներից, ես փորձեցի ձեռքով նրանց հասկացնել, որ հետ դարձեք, գնացեք։ Իմ ձեռքի շարժումը նշանակում էր՝ հետ դառեք, ուր եք գալիս, սակայն Բաբկեն Արարքցյանն այնպես մեկնաբանեց, որ ձեռքով եմ անում՝ ահա նա։

-Այսինքն՝ ձեր ձեռքը նույնպե՞ս խոսում է։

-Ոչ, ես ասացի, որ ձեռքով նշան էի անում։ Եթե ուզում եք, տվյալ դեպքում կարող ենք ձեւակերպել, որ լավություն անելու համար էլ մարդ պետք է բախտ ունենա։ Իսկ եթե հիմք ընդունենք պարզ տրամաբանությունը, պետք է արձանագրենք՝ Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը եւ մյուսները այնքան հաճախ են երեւացել հեռուստաէկրանին, որ հարկավոր չէ մատնացույց անել նրանց, ասելով՝ ահա նա։

-Ընդհատակում ամենից շատ ի՞նչ էիք ուզում անել, որ չէիք կարողանում, պարոն Սադոյան։

-Երբ որ մարդ ստիպված սահմանափակում է իր ազատությունների չափը, իսկ ես իմ ողջ գիտակցական կյանքում ուշ քնելու սովորություն եմ ունեցել, ինձ համար բավականին դժվար էր երկար ժամանակ արեւի լույսով զարթնելը եւ արեւի լույսով էլ քնելը։ Պետք է ասեմ, որ այդ մեկ տարվա ընթացքում ես վերջնականապես համոզվեցի, որ մարդն, իրոք, հնարավորություն ունի հարմարվել ցանկացած պայմանի։ Ժամանակ ունենալու դեպքում նույնիսկ կարող է իր ֆիզիկականին ու առողջությանը հետեւել։ Փառք Աստծո, որ ես ոչ միայն առողջություն չկորցրեցի, այլեւ առողջական իմաստով որոշակի հաջողություններ ունեցա։

-Դուք սեպտեմբերի 26-ի նիստը դիտե՞լ եք։

-Սեպտեմբերի 26-ին այդ նիստը շատ կարճ հատվածով եմ դիտել, որովհետեւ կիսաընդհատակյա պայմաններում իմ գործածած հեռուստացույցը բավականին ցածրորակ էր։ Բայց հետագայում դիտեցի տեսաերիզը։ Այն, ինչ տեսա, շատ ծանր տպավորություն թողեց։ Շատերին մոտիկից էի ճանաչում ու չէի կարող պատկերացնել, թե մարդ այդ աստիճան կընկնի։ Ինձ հոգեկան մեծ տհաճություն պատճառեցին Պարույր Հայրիկյանի եւ հակառակորդ կողմի քայլերը։ Միակ ուրախացնող բանն այդ նիստում Շավարշ Քոչարյանի տղամարդկային վարքագիծն էր։

-Իսկ պրն Սադոյան, եթե հեռանկարում, ասենք, Բաբկեն Արարքցյանի կամ Արա Սահակյանի հետ համագործակցելու անհրաժեշտություն լինի, կգնա՞ք այդ քայլին։

-Ցավոք, պետք է արձանագրեմ, որ շարունակվում է ազգային արժեքների թալանը անհատապաշտների կողմից։ Անկախ այն բանից, նախկինում ո՞վ, ի՞նչ է արել, այսօր պետք է համագործակցել բոլոր մարդկանց հետ, որպեսզի կանխվի ազգային արժեքների թալանը եւ մեր երկրում փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ես չգիտեմ, նրանց հայացքներում փոփոխություն տեղի ունեցե՞լ է, թե՝ ոչ, բայց եթե նրանք նույնն են մնացել, չէի ուզենա համագործակցել։ Սակայն, եթե իսկապես փոխվել են նրանք ու հասկանում են, թե պատասխանատվության ու մեղքի ինչ բաժին ունեն, նրանց հետ էլ կհամագործակցեմ։

-Պրն Սադոյան, ես տեղեկություններ ունեմ, որ հանդիպում եք ունեցել Վանո Սիրադեղյանի հետ։ Ի՞նչ հարցերի մասին եք զրուցել։

-Ինձ զարմացնում է, թե դուք դա որտեղից գիտեք։ Այո, ճիշտ է, ես մի օր սրճարանում էի, ուր այցելեց Վանո Սիրադեղյանը։ Դա շուրջ 3 ամիս առաջ էր։ Ես ցանկանում էի պարզել, թե արդյո՞ք նրա համոզմունքների մեջ կա էական փոփոխություն, ինչը հիմա էլ դժվարանում եմ ասել, որովհետեւ մեր գործիչները բավականին աճ են ապրել։ Իսկ զրույցը ընդհանուր թեմաների շուրջ էր՝ Ղարաբաղ, Հայաստան, «ԱրմենՏել» եւ այլ պատմություններ։

-Իսկ դուք ինչո՞ւ հանդես եկաք այն դիրքերից, որ ԱԺՄ-ն ընտրությունների 2-րդ փուլում պաշտպանի Կարեն Դեմիրճյանին։

-Այդ կարծիքն այդքան էլ ճիշտ չէ։ Ես միշտ էլ եղել եմ այն կարծիքին, որ մենք՝ քաղաքական գործիչներս, անկախ մեր համոզմունքներից, իրավունք չունենք մտածելու, թե ժողովուրդ է, ընտրողներ են ու նրանց մեծ մասը ճիշտ չի հասկանում, թե ո՞րն է ճիշտ, որը՝ սխալ։ Ու եթե մենք համոզված ենք, որ Դեմիրճյանը չէ լավագույնը, այլ մյուսը կամ էն մյուսը, պետք է միջամտենք նույնիսկ ընտրական գործընթացին։ Ես այդ ընթացքում էլ եղել եմ այն կարծիքին, որ պետք է լինեն արդար ընտրություններ՝ անկախ նրանից Դեմիրճյանն է ընտրվելու, թե ուրիշը։ Հիմա էլ համոզված եմ, որ եթե ընտրություններում ավելորդ 530 հազար ձայն չհաշվարկեին Ռոբերտ Քոչարյանի օգտին, ապա պաշտոնապես կձեւակերպվեր Կարեն Դեմիրճյանի հաղթանակը։ Լավագույն դեպքում ընտրություններին պետք է մասնակցեր 1 միլիոն մարդ։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930